TOP նոր
» ՀԱՄԱՆԵՐՄԱՄԲ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑԻՆ

ՀԱՄԱՆԵՐՄԱՄԲ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑԻՆ

17-10-2013, 13:05 Դիտումներ: ---
17 Հոկտեմբեր 2013, 13:05 - NovostiNK
ՀԱՄԱՆԵՐՄԱՄԲ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑԻՆՇուրջ կես տարվա ազատազրկումից հետո երեկ դատարանի դահլիճից համաներմամբ ազատ արձակվեցին խոտի դեզի ոչնչացման փորձ կատարելու մեջ մեղադրվող Արամ Մուղալյանը, Ռոբերտ Փիլոյանը, Գագիկ Առաքելյանը եւ Արթուր Քլյանը:

Մասնավորապես, Արամ Մուղալյանը մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել է 2 տարի 6 ամիս ժամկետով: Սակայն նրա նկատմամբ կիրառվել է հոկտեմբերի 3-ին ԱԺ-ի` համաներում հայտարարելու մասին որոշումը, եւ նա դատարանի դահլիճից ազատ է արձակվել: Սակայն երիտասարդները չեն ընդունում իրենց նկատմամբ առաջադրված մեղադրանքները: Այս մասին երեկ մեզ հետ զրույցում ասաց Արամ Մուղալյանի պաշտպան Վահե Գաբրիելյանը եւ հավելեց, որ մեկամսյա ժամկետում բողոքարկելու են դատավճիռը:

Ռոբերտ Փիլոյանը եւս մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել 2 տարի 6 ամիս ժամկետով: Սակայն համաներման կիրառմամբ ազատ է արձակվել դատարանի դահլիճից: Արթուր Քլյանին եւ Գագիկ Առաքելյանին եւս դատարանը մեղավոր է ճանաչել` դատապարտելով համապատասխանաբար 1 տարի 1 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն համաներմամբ ազատ են արձակվել դատարանի դահլիճից: Արթուր Քլյանի պաշտպան Արմեն Սողոմոնյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ բողոքարկելու են դատավճիռը, քանի որ դատարանը կայացրել է ակնհայտ անօրինական, անարդար դատական ակտ: «Մենք մինչեւ վերջ հետեւողական ենք լինելու եւ բողոքարկելու ենք, Եվրոդատարան էլ կհասնենք: Թե իմ պաշտպանյալին, եւ թե մյուս տղաներին նախ ակնհայտ անհիմն եւ ապօրինի քրեական հետապնդման են ենթարկել եւ հիմա էլ դատապարտել: Որեւէ ապացույց քրեական գործի նյութերում գոյություն չունի»,- ասաց Արմեն Սողոմոնյանը:

Երեկ սպասվում էր, որ դատարանի դահլիճից ազատ կարձակեն նաեւ ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ, արդեն շուրջ մեկ ամիս կալանքի տակ գտնվող Վոլոդյա Ավետիսյանին: Սակայն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դռնփակ նիստում մերժեց Ավետիսյանի խափանման միջոցը` երկամսյա կալանքը փոխելու պահանջով պաշտպանի բողոքը: Դատարանը գտել է, որ առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը ճիշտ է, հետեւապես Վոլոդյա Ավետիսյանը պետք է կալանքի տակ մնա: Երեկ լրագրողների հետ զրույցում Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանն ասաց, որ ոչ մի հիմնավորում դատարանը չներկայացրեց, դատարանը ուղղակի հրապարակեց որոշման եզրափակիչ մասը. «Օրենքի պահանջների համաձայն, դատարանը 3 օրվա ընթացքում որոշումը պետք է տրամադրի ինձ, որտեղ որ պետք է լինի դատարանի պատճառաբանությունները: Այս պահին ես ինքս չգիտեմ, թե ինչ պատճառաբանությամբ է բողոքը մերժվել»,- ասաց Զաքարյանը: Ի պատասխան մեր հարցին` վերջինս ասաց, որ այս որոշումը միանշանակ բողոքարկվելու է Վճռաբեկ դատարանում, որովհետեւ այն` պաշտպանը համարում է «խայտառակություն»: Արա Զաքարյանը նշեց նաեւ, որ դատարանը հաշվի չառավ անգամ համաներման ակտը եւ ըստ պաշտպանի, եթե վատագույն դեպքում դատավճիռ լիներ, Վոլոդյան պատժի կրումից ազատվելու էր եւ մեկ օր անգամ չպետք է գտնվեր կալանքի տակ: «Դատարանը պարտավոր էր համաներման առկայությունը հաշվի առնելով ազատել Վոլոդյային կալանքից, ինչը հաշվի չառավ: Մենք ասացինք, որ գոյություն ունի համաներում, սակայն դատարանը, ըստ էության, փաստացի գնահատական չտվեց դրանց: Վոլոդյա Ավետիսյանը բնականաբար հիասթափություն ապրեց մեր դատական համակարգից»,- լրագրողների հետ զրույցում հավելեց Ավետիսյանի պաշտպանը: Դատարանի որոշումը վրդովմունք առաջացրեց ազատամարտիկ Ավետիսյանի կողմնակիցների մոտ եւ ոմանք փորձեցին ներխուժել դատարան եւ տեսնել դատավորին:

Դատարանի բակում որոշմանը սպասող Կարեն Մելիքբեկյանը երեկ մեր հարցին, թե Վոլոդյա Ավետիսյանի խափանման միջոցը փոփոխելու երաշխավորագրի համար քանի՞ պատգամավոր է ստորագրել, պատասխանեց. «Պատգամավորներից երեք հոգի առաջին օրվանից հենց ցանկություն են հայտնել, որպեսզի իրենց երաշխավորությունը հայտնեն ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի, իսկ ազատամարտիկներից ստորագրել են 870 հոգի, որոնք որ իրոք պատերազմին մասնակցած ազատամարտիկներ են, որոնց որ մենք անձամբ ճանաչում ենք»: Վերջինս նշեց, որ իրենք ոչ մի պահանջներից ետ չեն կանգնելու եւ շարունակելու են մինչեւ վերջ: Իր կարծիքն արտահայտելով, Կարեն Մելիքբեկյանը նշեց, որ ինքը «զզվել է եւ հոգնել» բոլոր գերատեսչական մարմիններին տարբեր խնդիրներով դիմելուց եւ խնդրելուց. «Ես ինչի՞ պետք է խնդրեմ, դրա համար մենք` նկատի ունեմ նաեւ Վոլոդյային, դուրս ենք եկել պայքարի եւ պահանջում ենք, որպեսզի ՀՀ կառավարությունը ԱԺ-ում օրենք մտցնի ազատամարտիկի կարգավիճակի մասին, քանի որ պատերազմի մյուս մասնակիցները բոլորը ունեն կարգավիճակ, բայց չունեն արտոնություն, իսկ մենք հերիք չի արտոնություն չունենք, կարգավիճակ էլ չունենք, մենք օդի մեջ ենք, մենք չգիտենք մենք ովքեր ենք»,- փոխանցեց Կարեն Մելիքբեկյանը: Դատարանի կայացրած որոշման մասին ազատամարտիկն ասաց, որ հերթական անգամ իրենք համոզվեցին, որ ապրում են անօրեն պետության մեջ, օրենք գոյություն չունի: «Վոլոդյային անօրինական ձերբակալեցին, անօրինական դատում են եւ անօրինական պահում են, ժամանակը ձգձգում են»,- եզրափակեց ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանը:

Հ.Գ. ՀՀ դատական դեպարտամենտի երեկ հրապարակած տվյալների համաձայն` «ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ-ի որոշման հիման վրա հոկտեմբերի 11-ի ժամը 16:00-ի դրությամբ դատարանների վարույթում գտնվող քրեական գործերով պատժից ազատվել է 71 հոգի:


Տաթեւ Խաչատրյան

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS