TOP նոր
» » Հայկական ատոմային էլեկտրակայանի ապագան անորոշ է. փորձագետ

Հայկական ատոմային էլեկտրակայանի ապագան անորոշ է. փորձագետ

24-01-2021, 12:15 Դիտումներ: Հայաստան
24 Հունվար 2021, 12:15 - NovostiNK
Հայկական ատոմային էլեկտրակայանի ապագան անորոշ է. փորձագետ


Հայկական ատոմային էլեկտրակայանի արդիականացումը ոչ միայն տեխնիկական, սակայն նաեւ մեծապես քաղաքական հարց է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության գծով փորձագետ Վահե Դավթյանը:

«Եթե դիտարկենք հարցը զուտ տեխնիկական տեսանկյունից, ապա «Ռուսատոմ Սերվիս» ընկերությունը շարունակել է կատարել իր պարտականություններն էլեկտրակայանի արդիականացման հարցում: Դա խոսում է այն մասին, որ ռուսական պետական կորպորացիայի եւ Հայաստանի միջեւ տեխնիկական մակարդակում փոխգործակցությունը շարունակվում է: Սակայն եթե հարցը դիտարկենք քաղաքական ենթատեքստում, ապա ես ավելի քան համոզված եմ, որ ավելի քան 107 միլիոն դոլարի չափով ռուսական վարկի մնացած մասից հրաժարումը մեծ վնաս է հասցրել հայ-ռուսական էներգետիկ համագործակցության ռազմավարության կառուցման հարցում»,-նշել է փորձագետը:

Նա պարզաբանել է, որ «Ռուսատոմ Սերվիսը» շարունակում է գործառնել՝ որպես աշխատանքների իրականացման գլխավոր կապալառու, սակայն, ըստ էության, 2015 թվականին ստորագրված եւ միջազգային կարգավիճակ ունեցող վարկային համաձայնագրի վերանայումը չափազանց վտանգավոր է հայկական միջուկային էներգետիկայի ապագայի տեսանկյունից:

Դա կապված է հանգամանքի հետ, որ ձեւավորվել է իրավիճակ, որում հայկական խաղաղ ատոմի վաղվա օրն արդեն ներկայացվում է առանց ռուսական մասնակցության: Սակայն, եթե օբյեկտիվ գնահատվի իրավիճակը, ապա մեր տարածաշրջանում Ռուսաստանի մասնակցությունը գրեթե հրամայական է խաղաղ ատոմի զարգացման համար: Պատահական չէ, որ Ռուսաստանն ակտիվ մասնակցում է Թուրքիայի միջուկային ներուժի ձեւավորման հարցում, Իրանում ատոմային ռեակտորների կառուցման գործում: Բացի այդ, կուլիսային բանակցություններ են վարվում Բաքվի եւ Մոսկվայի միջեւ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի կողմից Ադրբեջանում ատոմային էլեկտրակայան կառուցելու համար օգնության շուրջ: Այդ պատճառով Հայկական ԱԷԿ-ի ապագան պետք է դիտարկել նաեւ աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում:

Դավթյանը նշել է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունների մոտեցման մեջ ապագայի ընկալումը սահմանափակված է տեխնիկական ասպեկտներով:

«Այս փուլում ԱԷԿ-ն արդիականացնելու ծրագրի շրջանակում մեծ խնդիրներ չեն լինի: Ճիշտ է, կարող են ծագել ֆինանսական դժվարություններ, քանի որ հայկական կողմը ռուսական վարկի հրաժարման դեպքում հայտարարել է, որ կփնտրի գումար սեփական միջոցներից: Այդ ժամանակ դեռեւս վերջնական պատկերացում չկար այն տնտեսական ճգնաժամի մասին, որում հայտնվել է Հայաստանը հետպատերազմական ռազմական շրջանում: Աշխատանքների հետագա ընթացքը կարող է անցնել մեծ ֆինանսական դժվարություններով, ինչը կարող է անդրադառնալ սակագների վրա»,-ընդգծել է նա:

Կարեւոր է հիշել, որ ռուսական կողմը 2015 թվականի պայմանագրով տրամադրել է վարկ Հայաստանի համար բավականին հարմար պայմաններով: Տոկոսադրույքը սահմանվել է 3 տոկոս: Եթե համեմատենք ռուսական մասնակցության այլ նմանօրինակ նախագծերի հետ, ապա դրանք շատ հարմարավետ պայմաններ են ԱԷԿ կառուցելու համար: Օրինակ՝ Բելառուսի համար տոկոսադրույքը կազմել է 5-5,5 տոկոս, եւ միայն վերջերս են նախաձեռնվել բանակցություններ պայմանները վերանայելու շուրջ: Հունգարիան նույնպես ստացել է վարկ շուրջ 5 տոկոսով: Այդ պայմաններում իշխանությունների կողմից ռուսական վարկից հրաժարումը, ըստ էության, ուղղված է Հայաստանում միջուկային էներգետիկայի խտրականությանը եւ նրան, որ կասկածի ենթարկվի խաղաղ ատոմի զարգացումը: Պատահական չէ, որ այսօր նոր էներգաբլոկի կառուցումը դեռեւս շարունակում է մնալ կենացների մակարդակում:

Առ այսօր չկա այդ ուղղությամբ զարգացման ռազմավարության հարցում պարզություն:

Ինչպես պարզաբանել է Դավթյանը, Հայաստանի ատոմային էներգետիկայի հարցում անորոշությունը կա արդեն այսօր, ԱԷԿ-ի կառուցումն անհրաժեշտ է պլանավորել նախապես, իսկ այսօր մենք արդեն խիստ հետընթաց ենք գրանցում:

«Ի սկզբանե նախատեսվում էր, որ գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը կերկարաձգվի մինչեւ 2026 թվականը, իսկ այս էներգաբլոկի պահպանությունից անմիջապես հետո շահագործման կհանձնվի նոր ատոմային էներգաբլոկ: Նոր էներգաբլոկի կառուցման գործընթացը պետք է սկսվեր գոնե 10 տարի առաջ: «Ռոսատոմ»-ի փորձագետները օբյեկտիվորեն գնահատեցին մինչեւ 2036 թվականը երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելու հնարավորությունը, եւ այսօր Հայաստանի իշխանությունները ապավինում են այդ գնահատականներին եւ այդ մոտեցումը ներառել են վերջերս հաստատված ռազմավարության մեջ: Տեխնիկապես հնարավոր է դա իրականացնել, բայց մենք պետք է պատրաստ լինենք նրան, որ 2026 թվականից հետո Հայաստանը, եթե ցանկանա երկարաձգել ատոմակայանի շահագործման ժամկետը, անխուսափելիորեն կբախվի ԵՄ եւ եվրոպական մի շարք ինստիտուտների շատ լուրջ դիմադրությանը: ԱԷԿ-ը կոնսերվացնելու եւ այն նոր հզորություններով փոխարինելու խնդիր կդրվի: Սա խոսում է այն մասին, որ եթե մենք գնանք էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարացման ճանապարհով, ապա քաղաքական հարթությունում լուրջ աշխատանք է սպասվում:

Եւս մեկ սցենար, որը նպատակահարմար չի թվում, մոդուլային ատոմակայանները շահագործման հանձնելու դիտարկումն է, ինչի մասին իշխանությունները մեկ անգամ չէ, որ խոսել են: Նման ատոմակայանները ցածր հզորության են (100-150 ՄՎտ) եւ սովորաբար օգտագործվում են որպես պահուստային: Բացի այդ, եթե դիտարկենք ատոմակայանը աշխարհաքաղաքական առումով, ապա մոդուլային ատոմակայանները ի վիճակի չեն բարձր կարգավիճակ ապահովել»,- հավելել է փորձագետը:

Այսօր արդեն անհրաժեշտ է սկսել խորը աշխատանք, որը պետք է տեղավորվի էներգետիկ դիվանագիտության բոլոր կանոնների եւ սկզբունքների մեջ, որպեսզի 2026 թվականին այն միջազգային լուրջ ճնշման չբախվի, բայց իրականացվի, այդ թվում` Ադրբեջանի եւ Թուրքիայի առաջարկով, որոնք դրա համար ոչ մի ռեսուրս չեն խնայում:

Վահե Դավթյանը պարզաբանեց, որ ԱԷԿ-ի արդիականացման ծրագիրը հաստատվում է ԱԷՄԳ-ի մակարդակով: Գործողությունների ծրագիրը մեզ համար հաստատվել է մինչեւ 2026 թվականը, եւ եթե մենք գործողություններ չձեռնարկենք նոր էներգաբլոկ կառուցելու համար, ապա մինչեւ 2026 թվականը մենք խնդիրներ կունենանք գոնե միջազգային կառույցների հետ:

«Եթե մենք չենք գնում նոր էներգաբլոկի կառուցման ճանապարհով, ապա այսօր բոլոր մակարդակներում անհրաժեշտ է առաջ մղել այն գաղափարը, որ Հայկական ատոմային էլեկտրակայանը պատրաստ է գործել եւս 10 տարի՝ 2026 թվականից հետո, մանավանդ որ դրա համար կան բավականին հեղինակավոր փորձագիտական գնահատականներ: Այսօր այլեւս հնարավոր չէ կառուցել նոր էներգաբլոկ, քանի որ 5 տարին չափազանց կարճ ժամանակահատված է: Շատ բան կախված է նրանից, թե ինչպիսի քաղաքական իրավիճակ կզարգանա Հայաստանում եւ Հայաստանի շուրջը: Ինչ վերաբերում է 141 օրով ՀԱԷԿ-ի անջատման ազդեցությանը, ապա դա դարձավ էլեկտրաէներգիայի սակագնի վերջերս բարձրացման պատճառներից մեկը»,- եզրափակել է նա:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS