TOP նոր
» » Իրանագետները ՀՀ-ի և Իրանի երկկողմ հարաբերությունները զարգացնելու լավ առիթ են համարում Զարիֆի այցը

Իրանագետները ՀՀ-ի և Իրանի երկկողմ հարաբերությունները զարգացնելու լավ առիթ են համարում Զարիֆի այցը

27-01-2021, 10:04 Դիտումներ: Հայաստան
27 Հունվար 2021, 10:04 - NovostiNK
Իրանագետները ՀՀ-ի և Իրանի երկկողմ հարաբերությունները զարգացնելու լավ առիթ են համարում Զարիֆի այցը


Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի այցը Հայաստան հայ-իրանական հարաբերությունները զարգացնելու լավ առիթ են համարում իրանագետներ Ահարոն Վարդանյանն ու Վարդան Ոսկանյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում նրանք անդրադարձել են այցի նպատակներին ու հայկական կողմի ակնկալիքներին:

Ահարոն Վարդանյանն, անդրադառնալով Իրանի նախարարի` Ադրբեջան, Ռուսաստան և Հայաստան այցին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի նկատմամբ Իրանի հետաքրքրվածությանը, նշեց, որ այն բնական է, քանի որ Իրանը փորձում է հասկանալ, թե ստեղծված նոր պայմաններում ինչպե՞ս պետք է տարածաշրջանում կառուցի իր հարաբերությունները:

«Շատ բնական է, որ ներկա պայմաններում Իրանի նման երկիրը պետք է հետաքրքրություն ցուցաբերեր: Իրանը փորձում է հասկանալ, թե ստեղծված աշխարհաքաղաքական նոր պայմաններում, ինչպես կարող է հարաբերությունները կառուցել այս տարածաշրջանում և փորձում է իր համար ճշգրտումներ անել: Կարծում եմ, այցի շրջանակներում կարող են լինել նաև առաջարկներ տնտեսական և քաղաքական ուղղություններով: Օրինակ` Իրանը կարող է առաջարկել հյուսիս-հարավի սյունիքյան հատվածի հիմնանորոգումը կամ քննարկել երկաթուղային հարցը, փորձել պարզել համատեղ շահերը, ինչպես նաև սպառնացող վտանգները»,- ասաց Վարդանյանը:

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ևս Իրանի կողմից մեծ հետաքրքրվածություն է նկատում Լեռնային Ղարաբաղի շուրջ կատարվող գործողություններում:

«Իրանական կողմը, կարծես, շահագրգռվածություն է ցուցաբերում` մասնակից լինել գործընթացին: Այժմ, փաստացիորեն, գործում են երկու ձևաչափեր` Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը, որն այս պահին, ցավոք, պասիվ է, և կարիք կա դրա ակտիվացման, որովհետև բխում է Հայաստանի և նաև ռուսական կողմի շահերից, և երկրորդ ձևաչափը ռուս-թուրքականն է: Այստեղ էլ խնդիրներ կան, ռուսական կողմը փորձում է հնարավորինս սահմանափակել թուրքական ներկայությունը և իրանցիները, բնականաբար, նպատակ ունեն ռուս-թուրքական ձևաչափը փոխել եռակողմ ձևաչափի և ունենալ իրենց տեղը: Որքանո՞վ դա կհաջողվի, դժվար է այս պահին ասել: Իրանցիները, կարծես, շահագրգիռ են նաև խաղաղապահ գործընթացներին որոշակի մասնակցություն ունենալ: Այս համատեքստն առաջնային կլինի Զարիֆի այցի պայմաններում»,- նշեց Վարդան Ոսկանյանը:

Հայաստանի և Իրանի վերջին երեք տարվա հարաբերություններում Ահարոն Վարդանյանը պասիվություն է նկատում, ինչը կապում է հայկական կողմի նախաձեռնող չլինելու հետ, նրա խոսքով` ԻԻՀ Արտաքին գործերի նախարարի այցը կարելի է օգտագործել և քննարկել նաև երկկողմ օրակարգի ծրագրերը:

«Մենք պետք է կարողանանք մեր օրակարգն առաջ տանել: Վերջին երեք տարում հայ-իրանական հարաբերություններում հանգիստ վիճակ է և կարելի է ինչպես նախկինում եղած ծրագրերը կյանքի կոչել, այնպես էլ դրանք թարմացնել և նորերն առաջարկել: Հայ-իրանական հարաբերություններն այնքան բազմաշերտ են, որ մեկ այցը քիչ է դրանց անդրադառնալու համար: Քննարկելու շատ հատվածներ կան: Կարելի է այս այցն օգտագործել Թավրիզի հյուպատոսարանի բացման հարցը քննարկելու համար: Կարելի է հասկանալ դրա կարևորությունը Հայաստանի պետական ու ազգային շահի տեսանկյունից: Թավրիզի հյուպատոսարանի բացումն իր կարևորությամբ ավելին է, քան հյուսիս-հարավն ու երկաթուղու կառուցումը»,- նշեց Վարդանյանը:

Իրանագետը նշում է, որ չպետք է բաց թողնել այս առիթը` հայ-իրանական հարաբերություններին դինամիկա հաղորդելու համար:

Վարդան Ոսկանյանի կարծիքով` երկկողմ հարթությունում Հայաստանն Իրանի հետ պետք է քննարկման առաջնահերթություն դարձնի անմիջական և ուղղակի կապի ապահովումը` հայ-իրանական սահմանի և Սյունիքի մարզի հնարավորությունները նկատի ունենալով:

«Ապաշրջափակում կոչվող ծրագրում նախատեսվում է նաև նախիջևանյան ուղու գործարկում, ինչը որոշակի ռիսկեր է պարունակում, որ այդ ուղու ավելի կարճ ու հարմար լինելու պայմաններում, Սյունիքի մարզով անցնող Հայաստան-Իրան անմիջական կապը կարող է ստանալ լուսանցքային բնույթ, ինչը մարտահրավեր է մեզ համար»,- ասաց Ոսկանյանը:

Անդրադառնալով երկու երկրների հարաբերություններին, Ոսկանյանը նշեց, որ պատերազմից հետո Իրանի համար Հարավային Կովկասը սկսել է դիտարկվել, որպես առաջնային խնդիր և ընդհանուր համատեքստում Հայաստանն ավելի առաջնային է դարձել Իրանի համար, ինչից պետք է օգտվել:

«Պետք է օգտվել այս հանգամանքից երկկողմ օրակարգերն առաջ մղելու առումով: Բնականաբար, ցանկացած նման մակարդակի այցելություն կարող է խթան հանդիսանալ երկկողմ հարաբերությունների զարգացման համար, առավել ևս, որ իրանցիները շահագրգիռ են, որ Հայաստանի դիրքերը մեր տարածաշրջանում պահպանվեն»,- նշեց նա:

Իրանագետի խոսքով` Մոհամմադ Ջավադ Զարիֆի այցի շրջանակներում, ինչպես նաև այլ հարթակներում պետք է բարձրացնել նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հարցը ու ամեն գնով հասնել դրա լուծմանը:

«Կարծում եմ, որ մեր ռազմագերիներին ազատելու համար պետք է օգտագործվեն բոլոր խողովակները, այս համատեքստում իրանցիների հետ էլ պետք է աշխատանքներ տարվեն, որպեսզի մեր ունեցած ողջ գործիքակազմը կիրառենք: Դա նաև մարդասիրական խնդիր է, Ադրբեջանը մեր քաղաքացիական անձանց օգտագործում է, որպես պատանդներ, այս խնդիրը տարբեր հարթակներում պետք է բարձրաձայնվի ու փորձ արվի դրա համար լուծումներ գտնել»,- ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Հունվարի 25-ին ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը այցելել է Ադրբեջան, իսկ հունվարի 26-ին` Ռուսաստանի Դաշնություն:


Աղբյուրը՝ Արմենպրես

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS