TOP նոր
» » Քարոզարշավ օր 3. քաղաքական ուժերը կիրականացնեն քայլերթներ, հանդիպումներ ու հեծանվաերթ

Քարոզարշավ օր 3. քաղաքական ուժերը կիրականացնեն քայլերթներ, հանդիպումներ ու հեծանվաերթ

9-06-2021, 12:01 Դիտումներ: Հայաստան
9 Հունիս 2021, 12:01 - NovostiNK
Քարոզարշավ օր 3. քաղաքական ուժերը կիրականացնեն քայլերթներ, հանդիպումներ ու հեծանվաերթ


Հայաստանում հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի 3-րդ օրը քաղաքական ուժերը կիրականացնեն քայլերթներ, հանդիպումներ և հեծանվաերթ: Ընտրություններին մասնակցում է 26 քաղաքական ուժ՝ 22 կուսակցություն և 4 դաշինք:

«Արմենպրես»-ը շարունակում է ներկայացնել «Նախընտրական քրոնիկոն» ծրագիրը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վաղ առավոտից լինելու են Շիրակի մարզում: Ժամը 11:00-ին նրանք կլինեն Մեծ Մանթաշում, ապա կուղևորվեն Արթիկ, Մարալիկ, Ազատան, Ախուրյան: Մարզային քարոզարշավի ամփոփիչ հանրահավաքը տեղի կունենա Գյումրիի Վարդանանց հրապարակում՝ ժամը 18:00-ին:

«Հայաստան» դաշինքը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ և մյուս առաջնորդների մասնակցությամբ կլինի Երևանում: Ժամը 19:00-ին Նոր Նորք վարչական շրջանում Հայկ Բժշկյանի (Գայ) արձանի մոտ հանրահավաք կանցկացվի:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավի 3-րդ օրը երկու խմբով են աշխատելու: Առաջին խումբը՝ Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ կլինի Կոտայքի և Լոռու մարզերում: Արշավը կմեկնարկեն Հրազդան քաղաքից ժամը 11:30-ին, այնուհետև կայցելեն Չարենցավան, Աբովյան, Քասախ, Աշտարակ, Ապարան, Սպիտակ: Մարզային այցելությունները կեզրափակեն ժամը 19:00-ին Վանաձոր քաղաքում: Երկրորդ խումբը շրջելու է Երևանի Աջափնյակ վարչական շրջանում: Թումանյանի անվան այգում ժամը 11:00-ին կլինի հանդիպում լրագրողների հետ, ապա կլինեն 12:30-ին Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի հարակից տարածքում, իսկ ժամը 17:00-ին՝ «Արմենիա» բժշկական կենտրոնի հարակից տարածքի «Բուենոս Այրես»-ի այգում:

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ շարունակելով քարոզարշավը՝ հունիսի 9-ին «Անի Գրանդ հոթել» հյուրանոցում հանդիպելու է երիտասարդության ու քաղհասարակության հետ: Հանդիպումը վարելու են Լևոն Զուրաբյանը և Արամ Մանուկյանը, քննարկվելու է նախընտրական ծրագիրը, կլինեն ելույթներ և հարցուպատասխան:

«Պատիվ ունեմ» դաշինքի կենտրոնակայանում ժամը 12:00-ին տեղի կունենա դաշինքի նախընտրական շտաբի ներկայացուցիչ, ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանի և ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի մամլո ասուլիսը։

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը քարոզարշավն իրականացնելու է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում: Արշավը մեկնարկելու է 10:00-ից՝ Աբովյան քաղաքից, այնուհետև լինելու են Չարենցավանում, Հրազդանում, իսկ Գեղարքունիքի մարզում այցելելու են Սևան: Քարոզարշավն ամփոփելու են Երևանում՝ Ավան վարչական շրջանում, որտեղ քայլերթով քարոզարշավ կիրականացնեն:

«Արդար Հայաստան» կուսակցությունը քարոզարշավը շարունակելու է մայրաքաղաքում՝ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում: Հանրահավաքներ են լինելու ժամը 17:00-ից սկսած:

«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցությունը հունիսի 9-ին՝ լինելու է Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ին նրանք կլինեն Չարենցավանի Կարեն Դեմիրճյանի անվան հրապարակում, 18:00-իմ Հրազդանի Սահմանադրության հրապարակում:

Որոշ ուժեր քարոզարշավը շարունակում են ասուլիսային ձևաչափով: «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը և «Մեր տունը Հայաստանն է» միասնական ցուցակի վարչապետի թեկնածու Տիգրան Ուրիխանյանը լրագրողների հետ հանդիպմանը կխոսեն քաղաքական արշավի կազմակերպման իրենց ռազմավարության մասին:

«Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցությունը քարոզարշավի երրորդ օրը հեծանվաերթ է իրականացնելու Երևանի փողոցներում: Ստրատեգիական առումով «ՔՈ»-ի շրջիկ խմբերն ամբողջ քարոզարշավի ընթացքում իրազեկման ակցիաներ են անցկացնելու՝ դռնեդուռ անցնելով:

«Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության հանդիպումը կմեկնարկի առավոտյան 09:00-ին Նոր Նորք վարչական շրջանի Սբ Սարգիս եկեղեցու մոտից:

Քարոզարշավը կտևի մինչև հունիսի 18-ը ժամը 24:00-ն: Էլեկտրոնային եղանակով քվեարկությունը կմեկնարկի հունիսի 11-ին ժամը 08:00-ին և կտևի մինչև հունիսի 13-ը ժամը 20:00-ն: Թեկնածուները, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները կամ դաշինքի անդամ կուսակցություններն ինքնաբացարկի մասին դիմում կարող են ներկայացնել մինչև հունիսի 10-ը ժամը 18:00-ն:

Ընտրողներն ընտրատեղամասում ստանալու են մասնակցող քաղաքական ուժերի թվին համապատասխան քվեաթերթիկներ, ընտրելու են դրանցից միայն մեկը, դնելու են ծրարի մեջ ու գցելու քվեատուփը: Ընտրողները քվեաթերթիկի վրա գրիչով որևէ նշում չեն կատարելու:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS