TOP նոր
» » » Սարգսյան-Ալիեւ հանդիպումը կլինի արարողակարգային

Սարգսյան-Ալիեւ հանդիպումը կլինի արարողակարգային

15-11-2013, 11:30 Դիտումներ: Հայաստան » Վերլուծական
15 Նոյեմբեր 2013, 11:30 - NovostiNK
Սարգսյան-Ալիեւ հանդիպումը կլինի արարողակարգայինՄոտ երկու տարվա ընդմիջումից հետո Սարգսյան-Ալիեւ հերթական հանդիպումը երկու երկրների հարաբերություններում որեւէ նոր զարգացում չի խոստանում՝ նման համոզմունք ունեն քաղաքագետներն ու որոշ քաղաքական գործիչներ: Բայց սա չի նշանակում, թե այս հանդիպումը կարեւոր չէ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը շարունակելու գործում: Այս մասին իր տեսակետն է ներկայացրել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: Հանդիպման նպատակն է արձանագրել խաղաղ բանակցային գործընթացի հետագա ընթացքն ու դրանում ձեռք բերվելիք համաձայնությունները եւ սկզբունքները, բայց քանի դեռ Ադրբեջանը հավատարիմ է իր ապակառուցողական քաղաքականությանը, լուրջ ակնկալիքներ չպետք է ունենալ՝ համոզված է Արտակ Զաքարյանը: «Եթե հիշում եք, վերջին հանդիպման ժամանակ, որտեղ շատ մոտ էր ձեռք բերված համաձայնությունն ու նաեւ որոշակի փաստաթղթերի ստորագրման հնարավորությունը, դա կազանյան հանդիպումն էր, որտեղ Ադրբեջանը վերջին պահին, հավատարիմ լինելով իր ապակառուցողական սկզբունքներին, ձախողեց կազանյան հանդիպումն ու դրանից առաջ միջնորդների կատարած աշխատանքը»: Նա չի բացառում, որ նույն գործելակերպը կշարունակվի առաջիկա հանդիպմանը:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը վստահ է, որ այս հանդիպման անհրաժեշտությունը կար գոնե այն պատճառով, որ երկու երկրներում էլ ընտրական գործընթացներ են տեղի ունեցել, եւ բանակցային գործընթացում եղել է օբյեկտիվ դադար: Բայց ըստ նրա, սա չի նշանակում, որ համանախագահները ուշադրությունից դուրս են թողել տարածաշրջանը: «Նրանք պարբերաբար այցելում էին, հատկապես խիստ մտահոգվում էին շփման գծում լարվածության մեծացմամբ, եւ բնականաբար, Մեծ ութնյակի գագաթնաժողովի շրջանակներում համանախագահող երկրների ղեկավարների հերթական հայտարարությունը, խաղաղ բանակցությունները շարունակելու պարտադիր հորդորը եւ միջազգային հանրության դիրքորոշումը, բնականաբար, Ադրբեջանի նախագահին վերադարձնում է նորից բանակցությունների շարունակելու հուն»: Նա համոզված է, որ Ադրբեջանն այսօր երկու խնդիր ունի լուծելու. նախ համաձայնել բանակցային գործընթացներում ձեռք բերված նախնական համաձայնությունների շուրջ եւ կարողանալ սեփական ժողովրդին բացատրել դրա անհրաժեշտությունը, ԼՂՀ ինքնության ճանաչման եւ ԼՂՀ-ն՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտի բանակցային գործընթաց վերադարձնելու անհրաժեշտությունը:

«Ես կարծում եմ, որ այս հանդիպումն առաջին հերթին պետք է իր էությամբ, բնույթով կարեւորվի հասարակությունների միջեւ վստահության մթնոլորտի ձեւավորման անհրաժեշտությամբ, պետք է կարեւորվի բանակցային գործընթացը որեւէ կերպ ցանկացած պահի փակուղի տանելու վատ հեռանկարներից»,-նշեց Արտակ Զաքարյանը՝ շեշտելով, որ հանդիպմանը պետք է կարեւորվի այն հանգամանքը, որ ի դեմս Ադրբեջանի պետք է պահպանվեն հրադադարի բոլոր պահանջները եւ աստիճանաբար պետք է բանակցային սեղանի շուրջ տեղ բացվի նաեւ ԼՂՀ-ի համար:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից ռազմատենչ հայտարարություններին ու սպառնալիքներին, ապա ըստ նրա՝ Ադրբեջանում դա դարձել է կարծրատիպ, շատ դեպքերում ստիպված են հակահայկական, քսենոֆոբիկ եւ ռազմական հռետորաբանություն կիրառել, սակայն հռետորաբանությունն այլ բան է, իրական վտանգն ու սպառնալիք լինելն՝ այլ բան: Իսկ նման հռետորաբանությունը չի նպաստում դրական, փոխադարձ վստահելի եւ փոխզիջումային միջավայրի ձեւավորման:

Շատ ավելի դժվար կլինի Ադրբեջանի համար այս իրավիճակում վերագտնել իր դերը տարածաշրջանում, երբ սպառվեն երկրի ներքին ռեսուրսները: «Մի կողմից նավթի գոյությամբ լրացուցիչ եկամուտներ ներգրավող, նավթի եւ գազի քաղաքականություն իրականացնող պետության պարագայում պետք է կարողանան գիտակցել, որ ինչ-որ մի ժամանակ, որը շատ հեռու չէ, սպառվելու են նաեւ այդ պաշարները, եւ Ադրբեջանն ի վերջո պետք է կարողանա իր տեղն ու դերը շատ ավելի ռացիոնալ քաղաքականության միջոցով ունենալ տարածաշրջանում եւ միջազգային քաղաքականության մեջ, ինչն այսօր որեւէ կերպ չի երեւում, շատ պետություններ աչք են փակում զուտ միայն նավթի եւ գազի խնդիրների վրա, շատ պետություններ հենց մատ են թափ տալիս Ադրբեջանի ապակառուցողական եւ ռազմական քաղաքականության հռետորաբանությանը՝ պահանջելով խաղաղ գործընթաց»:

Ըստ նրա՝ հերթական անգամ արարողակարգային բնույթ կրելով հանդերձ՝ հանդիպումը դրական արդյունքներ կունենա, քանի որ Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը երկար շարունակվել չի կարող: «Ի վերջո, միջազգային հանրությունը եւ միջնորդները կարող են շատ ավելի հստակ եւ կոշտ լինել, բացի այդ, նաեւ տարածաշրջանում տեղի են ունենում նոր ինտեգրացիոն գործընթացներ, եւ Ադրբեջանի ինչ-որ առումով ագրեսիվ, ինչ-որ առումով նյարդային քաղաքականությունը, թե հատկապես ինչպես տեղավորվել ապագա ձեւաչափերում, մեծ հաշվով կախված կլինի ԼՂ խնդրի կարգավորման շրջանակներում իր իսկ որդեգրած դիրքորոշումից: Կարծում եմ, որ առաջիկա հանդիպումը բավականաչափ հետաքրքիր կլինի եւ բավական նյութ կլինի վերլուծությունների եւ հետագա քաղաքական գործընթացները կարգավորման ընթացքում հասկանալու համար»,-եզրափակեց Արտակ Զաքարյանը:

«Սոչիում կայացած հանդիպումից հետո մի շարք իրադարձություններ են տեղի ունեցել, որոնք մթագնել էին բանակցային պրոցեսը՝ վտանգելով դրա շարունակականությունը, կարծում եմ, որ ներկայիս նախատեսվող հանդիպումը կունենա ինչ-որ չափով արարողակարգային նշանակություն, սակայն միգուցե որոշակի շեշտադրումներ կատարվեն նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա»,-ասում է քաղաքագետ Նարեկ Գալստյանը՝ անդրադառնալով նաեւ այն հարցին, թե ինչ-որ բան կարո՞ղ է փոխել հարաբերություններում Մաքսային միությանն անդամակցելը: Նա վստահ է, որ դա որեւէ տեղաշարժ չի կարող բերել բանակցային գործընթացում, Մաքսային միության անդամակցությունը նաեւ չի կարող անվտանգության երաշխիք լինել: «Արցախյան հիմնախնդրի հարցում բախվում են մեր ոչ միայն ազգային շահերը, այլեւ միջազգային արտաքին դերակատարների շահերը, եւ դրանք պայմանավորված չեն ինչ-որ միություններին անդամակցությամբ: Դա ավելի գլոբալ խաղի տեսանկյունից միգուցե, բայց ոչ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցային գործընթացում: Չեմ կարծում, որ ՄՄ անդամակցությունն ինչ-որ կերպ երաշխավորում է մեր անվտանգությունը, այլ ավելի շուտ հնարավորություններ են ստեղծվում, որ Արցախը, թեկուզ եւ ոչ պաշտոնապես, ներգրավված լինի միջազգային տնտեսական գործընթացներում: Այնպես որ կապել Մաքսային միության անդամակցությունը ինչ-որ նոր հնարավորությունների հետ Արցախյան հիմնախնդրում, տեղին չէ, մանավանդ որ ՌԴ-ն՝ որպես Մաքսային միության առաջատար, չի ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ որպես ինքնիշխան կամ որպես ՀՀ մաս»:

Իսկ նախագահների հանդիպման ժամանակ օրակարգային կդառնան զինադադարի ռեժիմի խախտման դեպքերն ու ռազմատենչ հայտարարությունները՝ հույս է հայտնում քաղաքագետը: «Նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններից նրանք, որ վերաբերում են զինադադարի ռեժիմի հսկողության մեխանիզմներին, սահմանային միջադեպերի քննությանը, նաեւ դիպուկահարների սահմանագծից ետ տանելուն, որոնք ուղղված էին Ադրբեջանին, կդառնան օրակարգի քննարկման առարկա, բայց որքանով դա տեղ կգտնի եւ նշանակություն կունենա նախագահների հանդիպման ժամանակ, դժվարանում եմ ասել: Կարծում եմ, այս հանդիպումը պարզապես նոր փուլի այլ հանդիպումների համար հիմք կհանդիսանա, այսինքն՝ կվերամեկնարկեն բանակցային գործընթացները՝ դրանցում նաեւ նախագահների ներգրավվածության մակարդակով»:

Վարդուհի Արզումանյան

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS