TOP նոր
» » » Բոլորի ընդունած խաղի կանոնները

Բոլորի ընդունած խաղի կանոնները

15-11-2013, 16:02 Դիտումներ: Հայաստան » Վերլուծական
Բոլորի ընդունած խաղի կանոնները
15 Նոյեմբեր 2013, 16:02 - NovostiNK
Խորհրդարանում ՀՀԿ-ն տապալել է կենսաթոշակային կուտակային պարտադիր համակարգի անցնելու վերաբերյալ խորհրդարանական ընդդիմության հրավիրած արտահերթ նիստը: Սա առաջին անգամը չէ, երբ ՀՀԿ-ն, օգտագործելով 2012թ. մայիսին իր նկարած բացարձակ մեծամասնությունը, տապալում է խորհրդարանական նախաձեռնությունները՝ քվորում չապահովելով:

Իշխանական մեծամասնության այս արարքին որևէ գնահատական տալն ու մեկնաբանելը արդեն դժվար է: Դժվար է այն պարզ պատճառով, որ առկա ցինիզմը ուղղակիորեն ավելորդ է դարձնում մինչև այժմ տրված գնահատականները, որոնք ուղղակի չափազանց մեղմ են ցինիզմի և ամբարտավանության այս դրսևորումների համեմատ:

Մյուս կողմից, սակայն, սա է իրավիճակը, և ՀՀԿ-ն ընդամենը օգտվում է այդ իրավիճակից, այսինքն՝ հենց սրա համար էլ կեղծել են ընտրությունները, հենց սրա համար էլ բացարձակ մեծամասնություն են ապահովել:

Դժվար էր պատկերացնել, որ ՀՀԿ-ն իրեն բացարձակ մեծամասնություն է նկարել, որ հետո խորհրդարանական ընդդիմության հետ նստի և քննարկի իր քայլերը, սխալներ ընդունի և այլն: Եվ այստեղ հարցն այն է, թե արդյոք խորհրդարանական ընդդիմադիր ուժերը կարո՞ղ են ՀՀԿ-ին այլ բան պարտադրել, կարո՞ղ են պարտադրել նման քննարկումներ, կարո՞ղ են պարտադրել, որպեսզի ՀՀԿ-ն հիմնավորապես հրաժարվի իր այդ պրակտիկայից և գա խաղի նոր կանոնների շուրջ: Սա է հարցերի հարցն այսօր, այլապես կարելի է, իհարկե, անվերջ և մեկը մեկից սուր բնորոշումներ տալ ՀՀԿ-ի քայլերին: Դրանից նրանք բացարձակապես չեն նեղսրտում կամ անհարմար զգում, նրանց դեմքի որևէ մկան չի շարժվում իրենց հասցեին ուղղված հասարակական գնահատականներից: Նրանք այլևս ոչինչ չեն էլ թաքցնում հասարակությունից: Այդ մարդիկ պարզ ցույց են տվել, որ իրենց համար պետություն, հասարակություն, հասարակական շահ, հասարակական հոգս, օրենք, իրավունք, նման հասկացությունները բացարձակ ավելորդություն են, լավագույն դեպքում ծիծաղի առարկա: Այդ մարդկանց համար կարևորը սեփական գրպանն ու ստամոքսն են՝ իրենց պարունակություններով:

Այսպիսով, խորհրդարանական ընդդիմադիր կամ այլընտրանքային ուժերը կարո՞ղ են ՀՀԿ-ին այլ բան պարտադրել, թե՞ ոչ: Այս է օրվա խնդիրը: Առ այսօր նրանք ոչինչ չեն կարողացել, չեն կարողացել կամ չեն ուզել: Այստեղ իրավիճակը խառն է, որովհետև այդ նույն ուժերը նաև շատ անգամներ գործարքի են գնացել ՀՀԿ-ի հետ այս կամ այն հարցում: Ընդ որում՝ գործարքի տարրերը, մեղմ ասած, առկա են եղել նաև խորհրդարանական ընտրություններին հաջորդած ժամանակահատվածում, երբ որևէ մի ուժ այդպես էլ չփորձեց զանգվածային բողոքի ակցիաներ իրականացնել ՀՀԿ-ի ընտրակեղծիքների դեմ՝ չնայած բոլորը հայտարարում էին, որ ընտրություններն անցել են ընտրակեղծիքների համատարած ալիքի ներքո: Ավելին, մանդատից հրաժարումներ նույնիսկ չեղան, բոլորը ընդունեցին ԱԺ այն դասավորությունը, որ կա այսօր:

Այսինքն, նրանք ընդունել են խաղի այս կանոնները, որ պարտադրել են Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն: Չի բացառվում, որ նրանցից շատերն ընդունել են այս կանոնները ոչ թե ներքին թաքուն համաձայնությամբ, այլ պարզապես ուրիշ ելք չունենալով կամ չտեսնելով: Սակայն դրանից իրերի դրությունն ըստ էության չի փոխվում, քանի դեռ չեն փոխվել կանոնները և դարձել հասարակության համար առավել վերահսկելի, ու քանի դեռ չեն գտնվել այդ փոփոխությանը հասնելու արդյունավետ մեթոդներ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS