TOP նոր
» » » Պարտադիր կուտակային ցինիզմ

Պարտադիր կուտակային ցինիզմ

19-11-2013, 15:41 Դիտումներ: Հայաստան » Վերլուծական
19 Նոյեմբեր 2013, 15:41 - NovostiNK
Պարտադիր կուտակային ցինիզմԱզգային ժողովի մեծամասնությունն իրավունք ուներ տապալելու պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը մեկ տարի հետաձգելու հարցի կապակցությամբ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու` ընդդիմության նախաձեռնությունը: Դա ևս քաղաքական վերաբերմունքի դրսևորում է: Եթե քաղաքական փոքրամասնությունը օգտվում է այդ հնարավորությունից` անկախ նրանից` դա որևէ օգուտ տալիս է, թե` ոչ, նույնը կարող է անել նաև մեծամասնությունը, որի պարագայում այն պարզապես չի կարող «արդյունք» չտալ: Մյուս կողմից` այս հարցը ամիսներ առաջ քննարկվել է նաև Սահմանադրական դատարանում` կապված ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նպատակով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու` ընդդիմության նախաձեռնությունը քվորում չապահովելու միջոցով տապալելու` մեծամասնության արարքի հետ, որը, ըստ էության, նման առաջին դեպքն էր: Եվ ՍԴ-ն որոշեց, որ նիստը բոյկոտած ՀՀԿ-ական 44 պատգամավորները օրենքը չեն խախտել և այսուհետ ևս կարող են հանգիստ բոյկոտել ոչ միայն ընդդիմության հրավիրած արտահերթ նիստերը, այլ նրանց նախաձեռնությամբ ներկայացված բոլոր օրենքների նախագծերի քննարկումները: Այնպես որ` խորհրդարանում նման «հրաշալի» ավանդույթի ձևավորման նախադրյալները ստեղծվել են սահմանադրական մակարդակով:

Սակայն խնդիրը բոյկոտի` իբրև քաղաքականության գործիքի, ոչ էլ այն օգտագործելու իրավունքի մեջ չէ, այլ հայաստանյան քաղաքականության համար այնպիսի մի էկզոտիկ երևույթի, ինչպիսին է քաղաքական պատասխանատվությունը: Փոքրամասնությունը ԱԺ նիստը, ընդհանրապես` որևէ պրոցես բոյկոտում է միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, երբ հասկանում է, որ դրանց վրա ազդելու, իրավիճակ փոխելու որևէ շանս չունի ու պարզապես իրեն դուրս է դնում դրա պատասխանատվության շրջանակից: Բայց ինքնին բոյկոտի ճանապարհն ընտրելը ենթադրում է սկզբունքային անհամաձայնություն:

Քաղաքական մեծամասնությունը, ի տարբերություն, ընդդիմության, ունի մեկ առանձնահատկություն` նա է ընդունում հիմնական որոշումները և, ուզի թե չուզի, պատասխանատու է դրանց համար: Կոնկրետ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեպքում մեծամասնության կողմից արտահերթ նիստը բոյկոտելը թե' անտրամաբանական էր, թե' անհեթեթ: Նախ` այդ օրենքն իրենք էին ընդունել: Ավելին` դա նրանց նախընտրական ծրագրի առանցքային կետերից մեկն էր: Երկրորդ` նրանցից ընդամենը մեկ բան էր պահանջվում` որպես այդ օրենքի ընդունման հիմնական պատասխանատու` արտահերթ նիստի ժամանակ հիմնավորել, որ տարեսկզբին օրենքի ընդունումը ճիշտ էր և հաշվարկված: Մանավանդ, որ նոր համակարգի ներդրման աշխատանքները հենց օրենսդրական դաշտում սկսվել էին շատ ավելի վաղ` 2011թ., երբ ընդունվում էր կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգը, և դեռ այն ժամանակ էր կառավարությունը նշում, որ դրա հաջորդ քայլը լինելու է կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչն ընդունելը: Երբ քաղաքական մեծամասնությունը խուսափում է դրանից, նշանակում է` ոչ միայն խուսափում է իր իսկ ընդունած օրենքի, դրա հետևանքների համար պատասխանատու լինելուց, այլև վստահ չէ նախ` այդ համակարգի կենսունակությանը և ապա իր ուժերին, չգիտի` ինչ պատասխանել առաջադրվող հարցերին ու դրանից խուսափելու միակ միջոցը համարում է բոյկոտը: Հետևաբար` նման անլուրջ պահվածքով հանրապետական մեծամասնությունը պարզապես հաստատում է, որ նոր համակարգի դեմ հանդես եկողների մտավախություններն արդարացված են: Դրանից հետո, անգամ եթե գործադիրը ոչ թե երեք նախարարի, այլ ամբողջ կառավարությանը ասուլիսի ուղարկեր` բացատրություններ ներկայացնելու նոր համակարգի մասին, այլևս ոչինչ փոխել հնարավոր չի լինելու, որովհետև հասարակությունը ոչ թե նախարարների անհամոզիչ, երկիմաստ ու իրենց սնամեջությունը բազմիցս ապացուցած խոսքին է սպասում, այլ կոնկրետ գործողությունների կամ արձագանքի: Նման արարքից հետո անգամ ամենալավատես մարդը, եթե, իհարկե, Հայաստանում դրանցից գոնե մեկը դեռ մնացել է, չի կարող վստահել ո'չ նման համակարգին, ո'չ էլ այն քաղաքական թիմին, որը պատրաստվում է այն փաթաթել իր պարանոցին: Նրանք պարզապես չեն կարող վստահ լինել, որ 20 տարի հետո ստանալու են իրենց իսկ կուտակած կենսաթոշակի գոնե կեսը, և որ արժե դրա համար ամսական 5 տոկոսով պակաս աշխատավարձ ստանալ: Ո'չ կառավարությունը, ո'չ էլ նրա կամակատարը հանդիսացող Ազգային ժողովի մեծամասնությունն չհասկացան, որ հատկապես կենսաթոշակային համակարգի արդյունավետության գրավականը հասարակության և, մասնավորապես աշխատող, միջին խավի վստահությունն է, որը անհրաժեշտ է իբրև ռեսուրս կուտակել, այլ ոչ թե անիմաստ մսխել: Բայց այս մեծամասնությանը նման բաները չեն հետաքրքրում: Նրանց պետք է ոչ թե ռացիոնալ երկխոսություն հասարակական շերտերի հետ, այլ այդ շերտերի կատարյալ մեկուսացում: Եթե վարչապետը կարող է ԱԺ-ում բյուջետային ծախսերի նպատակահարմարությանը վերաբերող հարցերին ընդամենը մեկ բառանոց պատասխաններ տալ, անձայն ծիծաղել պատգամավորների վրա, ապա ինչո՞ւ մեծամասնությունը չի կարող ընդդիմության և հասարակության երեսին ծիծաղել` անգամ այդ պատասխանները տալուց հրաժարվելով:

Նման ցինիզմի պարագայում հնարավոր է ամեն ինչ, օրինակ` ԱԺ մեծամասնությունը, ի հեճուկս նոր համակարգի դեմ ընդվզող շրջանակների, կարող է օրենքի փոփոխությունների նախագիծ բերել, որ պարտադիր կուտակային համակարգը գործի ոչ թե 2014-ի, այլ 2013-ի հունվարից ,և 1974թ. հետո ծնված աշխատողների դեկտեմբեր ամսվա աշխատավարձերն էլ ամբողջությամբ պահվեն` ամսական 5 տոկոսի հավելյալ վճարումների դիմաց: Կարևորը` մտքներով անցնի, ի՞նչ էական է` որքանով է դա լուրջ կամ անլուրջ, տրամաբանական կամ անտրամաբանական: Իր հերթին, վարչապետը, օրինակ, կարող է ԱԺ հարցուպատասխանի ժամանակ, բյուջեի նախագիծը ներկայացնելու ժամանակ ելույթ ունենալ և պատգամավորների հարցերին պատասխանել տեղից` ամբիոնին մոտենալու համար ավելորդ էներգիա չծախսելու ու կոշիկները չմաշելու համար: Բայց քանի որ վարչապետը շատ կրեատիվ մտածողություն ունի, կարող է այդ ամենն անել իր աշխատասենյակից. փառք Աստծո` ժամանակակից տեխնոլոգիաները դրա հնարավորությունը տալիս են:

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS