TOP նոր
» » » Սառը պատերազմի տաք արբանյակները

Սառը պատերազմի տաք արբանյակները

22-11-2013, 13:28 Դիտումներ: Հայաստան » Վերլուծական
22 Նոյեմբեր 2013, 13:28 - NovostiNK
Սառը պատերազմի տաք արբանյակներըՀայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն հայտարարել է, որ Հայաստանի ու Եվրամիության միջև Վիլնյուսում որևէ փաստաթղթի ստորագրման հարցը դեռ քննարկվում է, և կարող է որոշում կայացվել վերջին պահին, հենց Վիլնյուսում: Ինչպես ամիսներ շարունակ կամ երեք ու կես տարի շարունակ Հայաստանի հետ եվրաասոցացման համաձայնագիրն էր քննարկվում գաղտնի, այդպես էլ այժմ Հայաստանն ու Եվրամիությունը փակ քննարկում են Վիլնյուսում ինչ-որ փաստաթուղթ ստորագրելու հնարավորությունը:

Համենայնդեպս, սեպտեմբերի 3-ից հետո առաջին օրերին ու շաբաթներին մի քանի հայտարարություններից հետո` Վիլնյուսում, այնուհանդերձ, ինչ-որ բան ստորագրելու վերաբերյալ, այսօր արդեն, փաստորեն, ոչ մի կերպ չի աֆիշավորվում հայ-եվրոպական որևէ քննարկում նոր փաստաթղթի շուրջ: Պարզ չէ` ովքեր են քննարկում և ում հետ: Օրինակ` Ասոցացման դեպքում պարզ էր, որ քննարկում են Հայաստանի և Եվրամիության պատվիրակությունները: Այժմ պարզ չէ, թե ովքեր են քննարկում Վիլնյուսում հնարավոր փաստաթղթի հարցը, ում հետ են քննարկում, քննարկում են Եվրամիությա՞ն հետ, թե՞ առանձին երկրների, որոնք ազդեցիկ են Եվրամիության քաղաքականության հարցում: Այս ամենը այսօր ավելի փակ է, քան Ասոցացման 3 ու կես տարի տևած բանակցությունը:

Ի՞նչն է այս խորհրդավորության պատճառը: Արդյո՞ք այն, որ նախկին բանակցությունը լավ չէին փակել, և դրա համար էլ արդյունքում ստացվեց այն, ինչ ստացվեց, ու հիմա փորձում են շատ ավելի փակ ու գաղտնի բանակցել, որ ոչ ոք չխանգարի: Բանն այն է, որ ակնհայտ է՝ Ռուսաստանը սպասում է Վիլնյուսին, և չնայած Մաքսային միությանն անդամակցելու մասին Հայաստանի հայտարարությանը, Մոսկվան մինչև հիմա շարունակում է չվստահել Երևանին և սպասել ինչ-որ վիլնյուսյան անակնկալ: Պատահական չէ, որ մինչ այսօր անհայտ է պահվում Պուտինի հայաստանյան այցի օրը, քանի որ Վիլնյուսում եթե Հայաստանն իրեն լավ չպահի, ապա Պուտինը կարող է և չգալ: Իսկ դա ապտակ կլինի Սերժ Սարգսյանին ու նրա իշխանությանը:

Մյուս կողմից, սակայն, եթե կա այդ խնդիրը, ապա պարզ չէ՞ արդյոք, որ Սերժ Սարգսյանը Վիլնյուսում չի անի որևէ բան, որը կբարկացնի Պուտինին: Այսինքն` դա նշանակում է, որ Վիլնյուսի գագաթնաժողովում, որտեղ կհավաքվեն Արևելյան գործընկերության պետությունների նախագահները, այսինքն` պետք է որ հավաքվեն, Հայաստանն ու Եվրամիությունը կամ ոչինչ չեն ստորագրի, կամ կստորագրեն, սակայն մի ամորֆ և ոչինչ չասող փաստաթուղթ: Ընդ որում` չի բացառվում, որ չստորագրվի ոչինչ՝ մինչև Պուտինը կգա ու կգնա, իսկ հետո ինչ-որ մի հարմար օր Սերժ Սարգսյանը կհամարձակվի ստորագրել Եվրամիության հետ Ասոցացումից պակաս, սակայն զրոյից կամ ամորֆ վիճակից էլ մի քիչ ավելի փաստաթուղթ:

Մյուս կողմից` այսօր արդեն իսկ ակնհայտ է, որ Վիլնյուսի գագաթնաժողովը էապես արժեզրկվել է, որովհետև պարզ է դարձել, որ Ուկրաինան վերջնականապես հրաժարվել է Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու գործընթացից: Իսկ Ուկրաինան առանցքայինն էր այս հարցում, և թեև կան դեռ Վրաստանն ու Մոլդովան՝ եթե, իհարկե, մինչև նոյեմբերի 28-ը նրանք էլ չհրաժարվեն, այնուհանդերձ Ուկրաինայի հրաժարումը էապես դևալվացրել է Վիլնյուսում Արևելյան գործընկերության գագաթնաժողովը և այն զգալիորեն վերածել հերթական ու ֆորմալ մի հավաքի: Այս դեպքում, բնականաբար, Հայաստանի խնդիրն էլ մղվում է հետին պլան, որովհետև Հայաստանը դադարում է լինել հրաժարված «միակ ծաղիկը»: Ավելին` ուշադրությունն արդեն բևեռվում է Ուկրաինայի վրա, և Հայաստանն ինչ-որ առումով մնում է ստվերում: Կամ ինչպես ասում են՝ ընկերովի մահը հարսանիք է, և Ուկրաինան Հայաստանի համար մեղմեց, այսպես ասած, պարտության դառնությունը, քանի որ հիմա Հայաստանն արդեն մատով ցույց չեն տա:

Ավելին` Սերժ Սարգսյանը հիմա հնարավորություն կստանա Եվրոպային ասելու, թե տեսեք` ինչպես տեղի տվեց հսկա Ուկրաինան, որը Եվրոպայի ամենամեծ պետությունն էր, էլ ինչ էիք ուզում ինձանից, որ այսքան փոքր Հայաստանն եմ ղեկավարում: Այդ առումով, Սերժ Սարգսյանը նույնիսկ պետք է որ շնորհակալական ուղերձ հղի Ուկրաինայի նախագահին, Եվրոպայի առաջ Հայաստանը սևերես չհանելու, մեզ մենակ չթողնելու, դժվարին պահին հայ ժողովրդի կողքին գտնվելու համար: Եթե լուրջ, ապա Ուկրաինայի հրաժարումն իսկապես հանում է շատ հայացքներ Սերժ Սարգսյանի վրայից և տեղափոխում ավելի հյուսիս: Սակայն միայն այդքանը, որովհետև դա բոլորովին չի նշանակում, որ Սերժ Սարգսյանի հանդեպ Եվրոպան դառնալու է ավելի բարեհամբույր և Հայաստանի հետ ինչ-որ բան սկսելու է զրոյից: Ամենևին: Եթե ինչ-որ բան սկսվի էլ զրոյից, ապա դա լինելու է մի բան, որը Հայաստանին այս պահին, մեղմ ասած, բոլորովին պետք չէ՝ դա սառը պատերազմն է, որ կարող է մեկնարկել Ուկրաինայի հրաժարումից:

Իհարկե, դասական իմաստով այն չի կրկնի խորհրդային տարիների պատերազմը, սակայն տրամաբանության, համաշխարհային փոխհարաբերությունների փիլիսոփայության առումով իրավիճակը շատ մոտեցել է դրան, և Ուկրաինան իր քայլով էլ ավելի մոտեցրեց: Իսկ դրա հետևանքները հատկապես ծանր են լինելու այն պետությունների համար, որոնք սեփական զարգացման հեռանկարը ընտրելու փոխարեն, ընտրեցին ռուսական արբանյակի կարգավիճակը: Բանն այն է, որ Ռուսաստանի այդ արբանյակներն են վճարելու այդ սառը և մաշող պատերազմի ծախսերը Ռուսաստանի համար:

Աղբյուրը` 1in.am

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS