TOP նոր
» » » Մինսկի խումբը գործընթացի վերականգնման ցանկություն է ցույց տալիս. ինչու ՌԴ-ն, Ֆրանսիան և ԱՄՆ-ը մերժեցին Ալիևի հրավերը

Մինսկի խումբը գործընթացի վերականգնման ցանկություն է ցույց տալիս. ինչու ՌԴ-ն, Ֆրանսիան և ԱՄՆ-ը մերժեցին Ալիևի հրավերը

13-07-2021, 11:22 Դիտումներ: Հայաստան » Վերլուծական
13 Հուլիս 2021, 11:22 - NovostiNK
Մինսկի խումբը գործընթացի վերականգնման ցանկություն է ցույց տալիս. ինչու ՌԴ-ն, Ֆրանսիան և ԱՄՆ-ը մերժեցին Ալիևի հրավերը


Փորձագետների կարծիքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների դեսպանները մերժել են Շուշի այցելելու Ադրբեջանի հրավերը, քանի որ չեն համարում, որ Արցախյան հիմնախնդիրը լուծված է, և շահագրգռված են համանախագահների հովանու ներքո բանակցային գործընթացի վերսկսմամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի փորձագետ, ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը նշեց, որ եռանախագահողների այդ քայլը բանակցային գործընթացի վերագործարկմանը չխոչընդոտելու ցանկության ցուցադրում է:

«Ենթադրում եմ Արցախի օկուպացված տարածքներ Ադրբեջանի հրավերով չայցելելու շարժառիթը այն է, որ տվյալ երկրները չվնասեն հակամարտության կարգավորման ապագա գործընթացին, որն իրենք ցանկանում են վերագործարկել: Հակառակ դեպքում իրենց այցելությունը շատ լուրջ բացասական ազդեցություն կարող էր ունենալ կարգավորման գործընթացին վերադառնալու հեռանկարների վրա և կարող էր ընկալվել որպես ուղերձ նույն այդ երկրների կողմից, որ իրենք համաձայն են Ադրբեջանի այն գնահատականի հետ, թե «հիմնախնդիրը լուծված է», - մեկնաբանեց Տարոն Հովհաննիսյանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք նշված քայլով Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի վերակենդանացման կամ վերաակտիվացման նշաններ են ցույց տալիս, Տարոն Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ սա ավելի շուտ վերաակտիվացման ցանկության նշան է կամ վերաակտիվացմանը չխոչընդոտելու ցանկության ցուցադրում:

Հովհաննիսյանի խոսքով՝ եթե եռանախագահների դեսպանները գնային Շուշի՝ դրանով ցույց կտային, որ իրենք այդքան էլ շահագրգռված չեն Ղարաբաղյան գործընթացի վերականգնմամբ, այլ, օրինակ, ընդունում են, որ այս նոր ձևավորված ստատուս-քվոն հակամարտության լուծում է: Բայց, քանի որ համանախագահներն իրենց հայտարարություններով ասել են, սա իրենց համար լուծում չէ, ու բնական է, որ մեր շահերից ելնելով չէ, որ նման հայտարարություններ են անում, այլ իրենց շահերից ելնելով, հետևաբար պրոցեսի մեջ մնալու միակ արդյունավետ գործիքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է:

Տարոն Հովհաննիսյանը շեշտեց, որ խոսքը հիմնականում Ֆրանսիայի ու Միացյալ Նահանգների մասին է, քանի որ Ռուսաստանն այսպես թե այնպես պրոցեսի մեջ է:

«Հետևաբար, իրենց պետք է հետ գալ գործընթաց ու գործընթացի կառավարմանը մասնակից լինել: Ըստ այդմ՝ իրենց ձեռնտու է հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերականգնումը նույն այդ ձևաչափի շրջանակներում», - բացատրեց փորձագետը:

Տարածաշրջանային հարցերի վերլուծաբան, արևելագետ Արմեն Պետրոսյանը նույնպես համոզված է, որ Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների դեսպանների՝ Բաքվի հրավերով Շուշի չգնալու որոշումը պայմանավորված է Արցախյան հիմնախնդրի դեռևս չլուծված լինելով, մասնավորապես՝ Արցախի կարգավիճակի հստակեցված չլինելու խնդրով:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունները, պահպանելով ինչպես փոխադարձ համախոհությունը, այնպես էլ համախոհությունը հակամարտ կողմերի նկատմամբ, բավականաչափ գրագետ որոշում են կայացրել չայցելել Շուշի: Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների որոշման վրա ազդել է ոչ միայն հակամարտության չկարգավորված լինելու հարցում նրանց համախոհությունը, այլև խնդրի զգացական կողմը՝ Շուշիի խորհրդանշական արժեքը, հատկապես երբ ընդամենը մի քանի ամիս է անցել կրակի դադարեցումից ի վեր», - «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Պետրոսյանը:

Բաքվում հավատարմագրված երկրներից 46-ի դեսպաններն ու դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները հուլիսի 9-10-ը Ադրբեջանի կառավարության հրավերով այցելել են Լեռնային Ղարաբաղի՝ ադրբեջանական զինուժի կողմից օկուպացված տարածքներ, այդ թվում՝ Արցախի մշակութային մայրաքաղաք Շուշի: ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող պետությունների՝ Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանները, սակայն, մերժել են Ալիևի հրավերը: Ադրբեջանական ԶԼՄ-ները եռանախագահների այս քայլը որակել են որպես «դեմարշ» Ալիևի դեմ:

Շուշի այցելած դեսպանների թվում եղել են Թուրքիայի, Իտալիայի, Ավստրիայի, Շվեդիայի, Իսրայելի, Չինաստանի, Ճապոնիայի, Բելառուսի և Ուկրաինայի դեսպանները:

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ դիվանագիտական կորպուսի այցը Շուշի կազմակերպվել է նախագահ Իլհամ Ալիևի անձնական հանձնարարությամբ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են գալիս Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի երկարատև և համապարփակ կարգավորման նպատակով Հայաստանի և Ադրբեջանի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության վերսկսման դիրքորոշմամբ, սակայն Ադրբեջանի նախագահ Ալիևը այն կարծիքին է, թե հարցը 44-օրյա պատերազմից հետո հարցը լուծված է:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS