TOP նոր
» » » Սասունյան. Հայերի 89 տոկոսը դեմ է Արցախն Ադրբեջանի տիրապետության տակ հանձնելուն

Սասունյան. Հայերի 89 տոկոսը դեմ է Արցախն Ադրբեջանի տիրապետության տակ հանձնելուն

22-06-2022, 09:09 Դիտումներ: Վերլուծական, ՕՐՎԱ ԹԵՄԱ
22 Հունիս 2022, 09:09 - NovostiNK
Սասունյան. Հայերի 89 տոկոսը դեմ է Արցախն Ադրբեջանի տիրապետության տակ հանձնելուն

«Գելափ» միջազգային ընկերակցության կողմից 2022 թվականի մայիսի 26-28-ն անցկացված հարցախույզի համաձայն՝ Հայաստանի հարցված քաղաքացիների 89,3 տոկոսն ասել է, որ իրենց համար անընդունելի է, «եթե Արցախի բնակչությանը տրամադրվի ազգային փոքրամասնության կարգավիճակ Ադրբեջանի կազմում»: Հարցվածների միայն 4,4 տոկոսն է այն համարել ընդունելի։

Հարցվածների 51տոկոսը բացասաբար է վերաբերվել մայիսի 22-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրամիության նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ բանակցությունների արդյունքներին։
Հարցվածների միայն 34,7 տոկոսն է դրական գնահատել բանակցությունները։ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են ապաշրջափակել երկու երկրների միջև տրանսպորտային կապերը և կառուցել Հայաստանի տարածքով անցնող ցամաքային ճանապարհ Ադրբեջանի և Նախիջևանի միջև։

Հարցվածները կարծում են, որ Հայաստանը կարող է զենք ստանալ Ռուսաստանից (48,1 տոկոս), Ֆրանսիայից (13,9 տոկոս), ԱՄՆ-ից (6,4 տոկոս), Իրանից (1,7 տոկոս), ՀԱՊԿ-ից՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (1,1 տոկոս), ՆԱՏՕ-ից՝ (0,5 տոկոս) և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից՝ (0,1 տոկոս)։

Ավելի վաղ «Գելափ» միջազգային ընկերակցության կողմից 2022 թվականի ապրիլի 2-6-ը անցկացված հարցման համաձայն հարցվածների 57,2 տոկոսը չի կարծում, որ «Հայաստանի ներկա իշխանությունները ունակ կլինեն Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի շահերից բխող և ընդունելի պայմաններով խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ»։ 30,4 տոկոսը կարծում էր, որ դա հնարավոր է։

Հարցին, թե ով է մեղավոր Արցախում և նրա շուրջ ստեղծված լարվածության համար, 43,8 տոկոսը նշել է՝ Ադրբեջանը, 27 տոկոսը պատասխանատվությունը դրել է Հայաստանի իշխանությունների վրա, 14,1 տոկոսը՝ ռուս խաղաղապահները, 6,1 տոկոսը՝ Արցախի իշխանությունները, 3,5 տոկոսը մեղքը բարդել է Թուրքիայի վրա։
Հարցվածների 47,7 տոկոսը բացասական է գնահատել վարչապետ Փաշինյանի աշխատանքը, մինչդեռ 38,8 տոկոսը՝ դրական։
Հարցվածները գրեթե հավասարապես բաժանվել են երկու մասի, մի մասն ասել է, որ Փաշինյանը պետք է հրաժարական տա (41,7 տոկոս), իսկ մյուս մասը՝ չպետք է հրաժարական տա (38,7 տոկոս)։

Հարցին, թե որ կուսակցության օգտին նրանք կքվեարկեին, եթե ընտրություններն անցկացվեին մեր օրերում, 20,4 տոկոսը պատասխանել է, որ կսատարեր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, 12 տոկոսն աջակցություն է հայտնել խորհրդարանական երկու ընդդիմադիր կուսակցություններին, իսկ 1,7 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստանին»։ Այնուամենայնիվ, հարցվածների 28,8 տոկոսն ասել է, որ չէր քվեարկի որեւէ կուսակցության օգտին: Իշխող կուսակցության վարկանիշը կտրուկ անկում է ապրել՝ 70,4 տոկոսից, երբ 2018 թվականին Փաշինյանն առաջին անգամ իշխանության եկավ, և էլ ավելի նվազել՝ 2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններում նրա կուսակցության ստացած ձայների 53,9 տոկոսից։

Հարցին, թե ինչպես են նրանք «գնահատում Հայաստանի ներկա քաղաքական իրավիճակը», հարցվածների 66,5 տոկոսը (երկու երրորդը) տվել է բացասական պատասխան, մինչդեռ միայն 22,3 տոկոսը դրական կարծիք է հայտնել։

Հարցին, թե երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի ինչպիսի հանգուցալուծում են տեսնում, հարցվածների 27,6 տոկոսը փոփոխության անհրաժեշտություն չի տեսել, 26,6 տոկոսն առաջարկել է նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել, 21,8 տոկոսը կողմ է եղել անցումային կառավարության ձևավորմանը, իսկ 11,4 տոկոսը ցանկացել է, որ ավելի մեծ ճնշում գործադրվի ընդդիմության վրա։

45,6 տոկոսը դեմ է արտահայտվել ընդդիմության վերջին բողոքի ցույցերին, իսկ 32,5 տոկոսը նշել է՝ կողմ է:
46,1 տոկոսը կողմ է արտահայտվել Հայաստանի ոստիկանության առճակատմանը ցուցարարների հետ, մինչ 37,2 տոկոսը քննադատել է։

Ի պատասխան հարցին, թե հարցվածները «կո՞ղմ են են Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու սահմանների բացմանը», 68 տոկոսն ասել է, որ դեմ է դրան, մինչդեռ միայն 26,3 տոկոսն է կողմ արտահայտվել։
Եզրափակելով, հարկ է նշել, որ հայ հասարակությունը խիստ պառակտված է երկրի ներքին խնդիրների առնչությամբ։ Կան վարչապետ Փաշինյանին սատարողներ և կան նրա փոխարինումը նախընտրողներ։ Այնուամենայնիվ, Փաշինյանի ժողովրդականությունը զգալիորեն վատթարացել է Հայաստանում և, ամենայն հավանականությամբ, Սփյուռքում՝ 2018 թվականի նրա նախնական արտասովոր ժողովրդականության համեմատությամբ։

Ադրբեջանի և Թուրքիայի առնչությամբ Հայաստանի առջև ծառացած կարևորագույն հարցերում հայերի մեծ մասը շատ բացասաբար է տրամադրված ցանկացած զիջման՝ իրենց երկու թշնամական հարևան երկրների հետ հարաբերությունները բարելավելու համար:
Վերոնշյալ հարցերից մի քանիսի պատասխանողները ոչ մի կասկած չեն թողել, որ վարչապետի հաճախակի պնդումը, թե ինքն ունի «ժողովրդի մանդատը», այլևս չի համապատասխանում իրականությանը։ Փաշինյանի և նրա կուսակցության վարկանիշը զգալիորեն նվազել է, հատկապես 2020 թվականի պատերազմում Հայաստանի ջախջախիչ պարտությունից հետո։ Նրա կուսակցությունը հաղթել է անցյալ տարվա խորհրդարանական ընտրություններում՝ գրանցված ընտրողների մոտ 25 տոկոսով, ինչը Հայաստանի ընդհանուր բնակչության փոքր տոկոսն է։

Քանի որ ողջ Սփյուռքում նման հարցախույզեր չեն անցկացվում, ապա ոչ ոք չգիտի Փաշինյանի ստույգ վարկանիշը սփյուռքահայերի շրջանում։ Ամեն ինչ վկայում է այն մասին, որ նրա վարկանիշը Սփյուռքում ևս կտրուկ անկում է ապրել, ինչպես Հայաստանում: Ուստի, չնայած վարչապետի չափազանց բարձր վարկանիշին, երբ նա առաջին անգամ եկավ իշխանության 2018 թվականին, նրա հետևորդներն այժմ կազմում են հայերի շատ ավելի փոքր մասը Հայաստանում և Սփյուռքում։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS