
Պարզվում է՝ Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին լավագույնս շարունակում է իր նախորդի ավանդույթները. նա արդեն հասցրել է անդրանիկ անհեթեթությունը հրապարակ նետել: «Վրաստանի իշխանություններն այնպիսի հասարակություն կստեղծեն, որ աբխազներն ու օսերն իրենք կցանկանան դրա մասը դառնալ»,- հայտարարել է Մարգվելաշվիլին: Դուրս է գալիս, որ ազգերի համար սեփական անկախությունից ու ինքնիշխանությունից ավելի վեր բան էլ կա, և դա Մարգվելաշվիլիի… «այնպիսի հասարակությունն» է: Անշուշտ, նա նկատի է ունեցել արդար, ժողովրդավարական արժեքներով ապրող, բարեկեցիկ քաղաքացիական հասարակությունը: Սակայն մի՞թե նույնիսկ այդպիսի հասարակությունը կարող է ավելի ցանկալի ու նախընտրելի լինել, քան որևէ ազգի անկախությունը, նրա պետական ինքնիշխանությունը, իր ապագան սեփական ձեռքերով կերտելու ազատությունը:
Ակնհայտ է, որ Մարգվելաշվիլին հիմար բան է ասել: Եվ թե որքան է հիմար ասվածը, կարելի է պատկերացնել օրինակով. պատկերացրեք, որ արցախցին երբևէ ցանկանա ապրել` ադրբեջանական հասարակության «մի մասը դարձած», ինչ է թե այդ հասարակությունը «այնպիսի» հասարակություն է:
Այս իմաստով, հետաքրքիր է իմանալ, թե Վրաստանի նորընտիր նախագահն ինչ կարծիք ունի Ջավախքի և այնտեղ բնակվող հայերի մասին՝ «վրացական մտածողության խորացման» և դա որպես «առաջընթաց» ներկայացնելու առումով: Միգուցե Գ. Մարգվելաշվիլիի «այնպիսի հասարակությունը» ջավախքցիներին նույնպե՞ս մոռանալ կտա նրանց բոլոր ազգային խնդիրները, ինչպես նաև ձգտումներն ու երազանքները:
Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ