TOP նոր
» » » Գյուղատնտեսության ոլորտում ունենք մրցունակ արտադրանք

Գյուղատնտեսության ոլորտում ունենք մրցունակ արտադրանք

19-10-2013, 13:18 Դիտումներ: Հայաստան » Տնտեսություն
19 Հոկտեմբեր 2013, 13:18 - NovostiNK
Գյուղատնտեսության ոլորտում ունենք մրցունակ արտադրանքԱրդեն 11—րդ անգամ Հայաստանում կազմակերպվում է «Արմպրոդէքսպո» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որի նպատակն է գյուղատնտեսական արտադրության, գյուղատնտեսական հումք վերամշակող արդյունաբերության հնարավորությունների ցուցադրումը՝ ըստ արտադրության ոլորտների եւ հայ սպառողին ներկայացնելը ինչպես առաջատար կազմակերպությունների, այնպես էլ այն ընկերությունների արտադրանքը, որոնք արդեն որոշակի տեղ են գրավել ներքին շուկայում եւ ունեն ձեւավորված որոշակի ապրանքանիշ։ Հերթական «Արմպրոդէքսպոն» արդեն 11—դ անգամ մեկնարկեց երեկ՝ Մերգելյանի անվան մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի Երեւան EXPO ցուցասրահում։
Բացմանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա շրջել է հանրապետության ագրոպարենային ոլորտը ներկայացնող ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել իրենց արտադրատեսականին եւ ծառայությունները ներկայացնող շուրջ 50 հայաստանյան ընկերությունների գործունեությանը, նրանց ներկայացուցիչների հետ զրուցել այդ ընկերությունների ընթացիկ ծրագրերի, խնդիրների եւ զարգացման հեռանկարների շուրջ։
Այս տարի ցուցահանդեսին մասնակցում էին մոտ հինգ տասնյակ սննդարդյունաբերության ոլորտի առաջատար հայրենական կազմակերպություններ եւ սննդի ոլորտի խոշորագույն հայկական ընկերություններ, որոնք ամենամյա ցուցահանդեսի արդյունքում հնարավորություն են ստանում ցուցադրել իրենց սննդամթերքի ողջ տեսականին, իրենց արտադրանքն ու ինովացիոն մշակումները։ Ամենամյա միջոցառման բուն նպատակը սննդարդյունաբերության արտադրանքի ցուցադրումն է, սեփական արտադրանքի մրցունակության գնահատումը, առաջատար տեխնոլոգիաների հետ ծանոթացումը, արտահանման հնարավորությունների ընդլայնումը եւ այցելուներին ու հյուրերին բարձրորակ պարենային ապրանքների տեսականու ներկայացումը։
Ցուցահանդեսը կազմակերպվում է նաեւ՝ նպաստելու բարձրորակ սննդամթերքի իրացմանը, կոմերցիոն արդյունավետությանը, շուկայում արձանագրվող նոր միտումների ձեւավորմանը եւ գործնական լուծումների հայտնաբերմանը։ Կազմակերպիչների գնահատմամբ, միջոցառումն արդեն մեծ հեղինակություն է վայելում թե՛ մասնակից ընկերությունների, թե՛ այցելուների շրջանում եւ արդեն ունի ձեւավորված ավանդույթներ։
Ցուցահանդեսն ամբողջությամբ ընդգրկում է Հայաստանի սննդի շուկան՝ համախմբելով սննդամթերքի արտադրության եւ վերամշակման գրեթե բոլոր ոլորտները՝ արտացոլելով ներքին եւ արտաքին ագրոբիզնեսի զարգացման հիմնական միտումները։ Առանձին տաղավարների միջոցով իրենց արտադրանքն են ներկայացնում սննդամթերքի եւ խմիչքների առաջատար արտադրողներ եւ մատակարարներ։ Կարելի է գտնել սննդամթերքի տարբեր տեսակներ, պտղաբանջարեղենային պահածոներ, բնական հյութեր, կաթնամթերք, մսամթերք, ձկնամթերք, չոր մրգեր, հրուշակեղեն, սուրճ, ինչպես նաեւ հանդիպել փաթեթավորման, լաբորատոր եւ գյուղատնտեսական ծառայություններ մատուցող հայաստանյան ընկերություններ։
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշեց, որ գյուղատնտեսությունը, լինելով տնտեսության գերակա ճյուղերից, կարեւորվում է ինչպես մակրոտնտեսական կայունության, գյուղական բնակավայրերում զբաղվածության, գյուղացու եկամուտների ապահովման, կենսամակարդակի բարձրացման, այնպես էլ բնակչության պարենային անվտանգության ապահովման տեսանկյունից։ Գյուղատնտեսության ոլորտը, նրա մատնանշմամբ, տնտեսավարողների ջանքերի եւ տարվող պետական քաղաքականության ու աջակցության արդյունքում կարողացել է դրական տեղաշարժեր արձանագրել եւ ապահովել կայունացման եւ զարգացման հեռանկարներ։
Նախարարը նշեց, որ ոլորտի համար այս ցուցահանդեսը դարձել է ավանդույթ՝ ժողովրդին մատուցելով կատարված աշխատանքների արդյունքները։ «Ցուցահանդեսը գյուղի աշխատավորի, ագրովերամշակող արդյունաբերության ոլորտում ներգրավված աշխատակիցների քրտնաջան աշխատանքի, պետություն—մասնավոր հատված համագործակցության արդյունքն է։ Գյուղատնտեսության զարգացման համար անչափ կարեւոր է արտադրություն, շուկա, վերամշակում, արտահանում փոխկապակցված եւ համահունչ շղթայի արդյունավետության ապահովումը, ինչի ուղղությամբ այսօր մեզանում լուրջ քայլեր են կատարվում։ Վերջին տարիներին կարեւորվել են վերամշակվող ճյուղի զարգացումը, վերազինումն ու հզորացումը, որպես գյուղատնտեսության ոլորտի զարգացման կարեւորագույն բաղադրիչ։ Այսօր երկրի իշխանությունների շարունակական ուշադրության կենտրոնում հայտնված այդ զարգացումները մեզ բերել են բնական մի հանգրվանի, ուր ակնհայտ են մեր առավելությունները հարեւանների նկատմամբ»,–նշեց Սերգո Կարապետյանը։
Նախարարը հավելեց նաեւ, որ տնտեսության մրցունակության բարձրացման եւ շարունակական տնտեսական աճի ապահովման նպատակով կառավարությունը նախաձեռնել է ակտիվ արդյունաբերական քաղաքականություն, որը միտված է տնտեսության արտահանման ներուժի բացահայտմանն ու ընդլայնմանը։ Իսկ ներկայումս մշակվել է գյուղատնտեսական մթերքներ վերամշակող արդյունաբերության զարգացման ռազմավարություն, որի նպատակն է հանրապետության գյուղատնտեսական մթերքներ վերամշակող կազմակերպությունների կարողությունների հզորացման եւ մրցունակության բարձրացմանն ուղղված քաղաքականության կիրառման միջոցով հիմնական պարենամթերքների ներմուծման փոխարինման ինքնաբավության մակարդակի բարձրացումը։ «Վստահ եմ, որ ցուցահանդեսը խթան կհանդիսանա պետություն—մասնավոր հատված համագործակցության ընդլայնման եւ ՀՀ ագրարային ոլորտի հետագա զարգացման համար»,–նշեց ՀՀ գյուղնախարարը։
Ոլորտի առաջատար ընկերությունների հետ միասին իրենց տաղավարներն էին ներկայացնում նաեւ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներ։ Ցուցահանդեսի շրջանակներում մասնակից ընկերություններին, բացի իրենց արտադրանքը ցուցադրելուց, լիարժեք հնարավորություն էր ընձեռվում նաեւ ուսումնասիրելու եւ ստանալու անհրաժեշտ տեղեկատվություն Հայաստանում եւ ողջ տարածաշրջանում գործող ֆիրմաների, կազմակերպությունների եւ ապրանքանիշերի մասին եւ ստանալու գործնական տեղեկատվություն ու կանխատեսումներ շուկայի զարգացման միտումների վերաբերյալ, գտնելու շահավետ գործընկերներ եւ օտարերկրյա ներդրողներ։
«Արմպրոդէքսպոն» որակելով մյուս ճյուղային ցուցահանդեսներից ամենահետաքրքիրը, ՀՀ արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը նշեց, որ այն հատկանշական է այն առումով, որ ներկայացնում է ամբողջ երկրի գյուղատնտեսության, վերամշակման ոլորտի բերքն ու բարիքը։ Այս ոլորտը, նրա գնահատմամբ, բավական մեծ հեռանկարներ ունի եւ արտահանման զարգացման իրատեսական ճյուղերից է։ «Արտաքին շուկաներում մենք կկարողանանք տեղ զբաղեցնել, քանի որ ունենք այսպիսի որակյալ վերամշակված մթերք եւ գյուղատնտեսություն։ Վերամշակվող գյուղմթերքների արտահանման ոլորտում այս տարի արձանագրվել է աճ, եւ յուրաքանչյուր մթերող գործարան իր հերթին ապահովում է տասնյակ հազարավոր գյուղացիական տնտեսությունների համար զբաղվածություն։ Այս տարվա ցուցանիշների առումով կարեւորում եմ հատկապես մթերման եւ արտահանման ոլորտը, քանի որ դեռեւս վաղ գարնանից մենք կարողացանք պտուղ–բանջարեղենից սկսած, ծիրան, խաղող գերազանցող ծավալներով մթերել եւ արտահանել ԱՊՀ տարածք։ Եթե մենք մի փոքր էլ համակարգենք ձեռնարկությունների աշխատանքը եւ շարունակենք հումքի եւ մթերման ուղղությամբ սուբսիդավորման պետական նախաձեռնությունները, ապա կկարողանանք արտահանման ոլորտում մեր դիրքերն ընդլայնել»,—նշեց Արսեն Ղազարյանը։
Ցուցահանդեսի կազմակերպումը նա կարեւորեց նաեւ այն տեսանկյունից, որ, բացի խոշորներից, մասնակից փոքր տնտեսությունները եւս կարողանում են իրենց արտադրանքը ներկայացնել եւ խոսել արտաքին շուկայում տեղ զբաղեցնելու մասին։ Արսեն Ղազարյանի գնահատմամբ, արտահանման աճին իր դերակատարումը կարող է ունենալ նաեւ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը, ինչը հնարավորություն կտա ազատ եւ հեշտացված ռեժիմով մուտք գործելու Մաքսային միության անդամ երկրներ, մասնավորապես ՌԴ։
Ինչ վերաբերում է ցուցահանդեսային այցելություններին, ապա նախորդ տարվա համեմատ շուրջ 30 տոկոս աճ է գրանցվել նաեւ այս առումով։
Համալիրի բակում բացօթյա առանձին տաղավարներով «Արմպրոդէքսպո»—ին մասնակցում էին նաեւ հանրապետության բոլոր մարզերը։ Մարզկենտրոնների ներկայացուցիչները մեզ հետ զրույցում նշեցին, որ իրենց թեպետ գոհացնում են արտադրության ծավալները, սակայն խնդիրը հիմնականում սպառման շուկաների սակավությունն է։ Ուստի այս ցուցահանդեսը լավագույն հնարավորություն է սպառման նոր շուկաներ ձեռք բերելու առումով։
Բացի սննդարդյունաբերությունից, ցուցահանդեսին ներկայացված էին նաեւ գյուղատնտեսական տեխնիկա՝ Բելառուսից ներմուծված տրակտորներ, որոնք տրամադրվում են արտոնյալ պայմաններով՝ լիզինգի կամ վաճառքի տարբերակով։ Իսկ Արզնի տոհմային տնտեսությունը յուրաքանչյուր տարի մասնակցում է միջոցառմանը՝ ներկայացնելով Ավստրիայից ներկրված՝ սեմենտալ եւ հոշթեյն շոտլանդական բարձր լեռնային ցեղատեսակի կովեր, որոնք ունեն բարձր կաթնատվություն։ Տոհմային տնտեսության տնօրեն Գեղամ Ջամվելյանի տեղեկացմամբ, իրենց նպատակը ներկրված կովերի բուծումն ու տարածումն է Հայաստանում, իսկ ցուցահանդեսը՝ տնտեսություններին այս ցեղատեսակի կովերը ներկայացնելու լավագույն տարբերակ է։
«Արմպրոդէքսպոն», կազմակերպիչների վստահեցմամբ, նպաստում է նաեւ արտադրողների, մատակարարների, բիզնես—խորհրդատուների, սպառողական շուկայի հետազոտողների եւ սննդի ոլորտների մատակարարների միջեւ անմիջական բանակցությունների ծավալմանը։
Ցուցահանդեսը կազմակերպվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ, իսկ կազմակերպիչներն են LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը եւ ՀՀ արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միությունը։
Այն տեւելու է մինչեւ վաղը, որի շրջանակներում անցկացվելու է նաեւ Հայաստանի խոշորագույն «Ագրոֆորումը»՝ նվիրված գյուղատնտեսության զարգացման եւ արտադրանքի արդյունաբերական վերամշակման հարցերին։

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS