TOP նոր
» » » Ֆրանսիական ընկերությունների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ զգալիորեն աճել է

Ֆրանսիական ընկերությունների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ զգալիորեն աճել է

15 Փետրվար 2019, 10:39 - NovostiNK
Ֆրանսիական ընկերությունների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ զգալիորեն աճել է

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը փետրվարի 14-ին ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Գայել Ասայագին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը ներկա էր նաև Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնատան Լաքոթը: Տիգրան Ավինյանի խոսքով՝ հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցությունը շարունակում է խորանալ և ընդլայնվել, իսկ ԶՖԳ աշխատանքը Հայաստանում լրացուցիչ խթան է փոխշահավետ գործընկերության կառուցման համար:

Գայել Ասայագը շնորհակալություն է հայտնել ընդունելություն համար և ասել, որ գործակալությունը պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարության զարգացման նպատակների կյանքի կոչմանը։ Փոխվարչապետը նշել է, որ կառավարության ծրագրի հիմքում դրված է ներառական աճի մոդելը, որն իրենից ենթադրում է նաև հավելյալ միջոցների բաշխում ենթակառուցվածքների, կրթության և առողջապահության զարգացման համար, ինչը երկարաժամկետ կտրվածքով թույլ կտա երկրին մեծ առաջընթաց արձանագրել:

Զրուցակիցները որպես երկկողմ համագործակցության համար կարևոր ոլորտներ են առանձնացրել կառավարման համակարգի կարողությունների զարգացումը, ենթակառուցվածքները, գյուղատնտեսությունը, էներգաարդյունավետությունը, զբոսաշրջությունը, քաղաքաշինությունը: Քննարկվել է Վեդիի ջրամբարի կառուցման ծրագրի ընթացքը, որն իրականացվում է ԶՖԳ կողմից տրամադրած 75 մլն եվրո վարկով և կառավարության համաֆինանսավորմամբ, ինչպես նաև Արարատի և Արմավիրի մարզերում 10 մլն եվրո արժողությամբ ոռոգելի գյուղատնտեսության զարգացման դրամաշնորհային ծրագիրը, որի նախագիծն այժմ քննարկվում է կառավարության և ԶՖԳ միջև։

Դեսպան Ժոնաթան Լաքոթն ասել է, որ վերջին շրջանում ֆրանսիական ընկերությունների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ զգալիորեն աճել է, մասնավորապես սպասվում է հանրահայտ «Դասո սիսթեմս» ու «Թալես» ընկերությունների ներկայացուցիչների այցը Հայաստան:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հայ-ֆրանսիական գիտատեխնոլոգիական և կրթական համագործակցության սերտացմանը, մասնավորապես Հայաստանում Ֆրանսիական համալսարանի նոր մասնաշենքի կառուցման, ֆրանսիական դպրոցի հետագա զարգացման, ֆրանսիական Թուլուզ քաղաքի մի շարք բուհերի և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համագործակցությամբ գերհամակարգչային կենտրոնի ստեղծման հարցերին։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS