
ՀՀ գլխավոր դատախազությունը համացանցում և սոցիալական ցանցերում լայն տարածում գտնող՝ առերևույթ ոստիկանության աշխատակիցների կողմից անձի նկատմամբ բռնությունների կիրառման վերաբերյալ տեսանյութը ուսումնասիրության առարկա է դարձրել այն հասու դառնալուց անմիջապես հետո:
Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ շարունակելով, որ ուսումնասիրության արդյունքում ինչպես տեսանյութը, այնպես էլ ԶԼՄ համապատասխան հրապարակումն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը որոշելու նպատակով:
ՀՔԾ լրատվական ծառայությունից էլ հայտնում են, որ խոշտանգման առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր:
Հիշեցնենք, որ երեկ համացանցում տարածված «Ոստիկանները հակագազով ու մահակով ցուցմունք են կորզում» վերնագրով տեսանյութի հիման վրա ՀՀ ոստիկանությունում ստուգումներ են սկսվել: