TOP նոր
» » » Ծանր վիրավորանքի հոդվածը դասական օրինակ է, թե ինչպես ՔՕ ուղղակի ծառայեցվեց կառավարող կուսակցության շահեր. Թաթոյան

Ծանր վիրավորանքի հոդվածը դասական օրինակ է, թե ինչպես ՔՕ ուղղակի ծառայեցվեց կառավարող կուսակցության շահեր. Թաթոյան

22-03-2022, 09:11 Դիտումներ: Իրավունք, ՕՐՎԱ ԹԵՄԱ
Ծանր վիրավորանքի հոդվածը դասական օրինակ է, թե ինչպես ՔՕ ուղղակի ծառայեցվեց կառավարող կուսակցության շահեր. Թաթոյան

22 Մարտ 2022, 09:11 - NovostiNK
ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրում է.

«Ծանր վիրավորանքի հոդվածը դասական օրինակ է, թե ինչպես Քրեական օրենսգիրքն ուղղակի ծառայեցվեց մեկ [կառավարող] կուսակցության շահերի ու մեր երկրի համար ապահովվեց ժողովրդավարության հետընթաց:

Մարդուն հայհոյելը կամ վիրավորելն ինձ համար որևէ պարագայում ընդունելի չէ, բայց նման ձևակերպուններով հոդված [137.1] Քրեական օրենսգրքում չէր կարելի ընդունել որևէ պարագայում:
Ինչպե՞ս կարելի էր դրանից մի քանի ամիս առաջ` ԱԺ ընտրությունների քարոզարշավի ժամանակ հայհոյանքն ու վիրավորանքը հասցնել ամենաբարձր «պիկի» ու գրեթե անմիջապես հետո սկսել Քրեական օրենսգրքով պայքարել դրա դեմ:

Որքան ասացինք` ընտրված է պայքարի սխալ տարբերակ, բայց կար քաղաքական որոշում. անտեսվեցին մասնագիտական բոլոր կարծիքները և միայն քաղաքական որոշման համար փոխվեց Քրեական օրենսգիրքը:

Նախագծի հիմնավորումները խիստ մակերեսային էին. այնքան որ ապահովված էր ֆորմալ իրավական ֆոն քաղաքական լուծումն իրագործելու համար:

ԱԺ-ում քննարկման ժամամակ Կառավարությունն ու հոդվածի օգտին հանդես եկող պատգամավորներն իրենք չէին կարողանում բացատրել, թե ինչ են նշանակում հոդվածի ձևակերպումները:

Այս հոդվածը վերածվել է պաշտոնյաներին ու քաղաքական գործիչներին քաղաքացիներից անթույլատրելի պաշտպանության տակ առնող հոդվածի` այն էլ ծանրացնող հանցակազմով:

Այն խիստ վտանգավոր է անձնական ազատության համար: Թեև հոդվածի որևէ մաս առհասարակ չի նախատեսում ազատազրկումը` որպես պատիժ ու, հետևաբար, մարդուն կալանավորել (խափանման միջոց) չի կարելի, եզակի չեն դեպքերը, երբ, օրինակ, մարդիկ են ձերբակալվում:
Առկա են դեպքեր, երբ լրագրողը որևէ քաղաքացուց կարող է հարցազրույց վերցնել, հետո չգիտես, թե ինչ չափանիշներով իրավապահ մարմինները գնում ու ձերբակալում են հարցազրույց տված քաղաքացուն:

Կան դեպքեր, երբ այս հոդվածի պատճառով քաղաքացիները չեն համաձայնվում լրագրողներին հարցազրույց տալ, վստահ չեն, որ քրեական հետապնդման չեն ենթարկվի կամ չեն ձերբակալվի: Ընդ որում, թե´ քաղաքացիները, թե´ լրագրողները չգիտեն, թե ինչ չափանիշներ են իրավապահ մարմինները կիրառում:

Այս հոդվածի «ձեռքը կրակն են» ընկել նաև իրավապահ մարմինների ծառայողները, նրանց նորից դարձրել են քաղաքական որոշումների զոհը ու դրել հարվածի տակ:
Ինչպե՞ս կարելի էր ամեն ինչ թողնել պրակտիկային ու նման վերացական հոդվածով բացել քրեական հետապնդման դուռը մարդկանց նկատմամբ:

Այսօր տեղի է ունենում Քրեական օրենսգրքի խտրական, ընտրողական կիրառություն: Հակառակն ասողները կա´մ ուղղակի քաղաքական նկատառումով են խոսում, կա´մ հոդվածի ընդունմանը մասնակից են ու անաչառ չեն:

Բացարձակ անհասկանելի է, թե ինչ չափանիշներով են իրավապահ մարմինները որոշում «թիրախները», իրենք անգամ չգիտեն:

Օրինակ` ինչպե՞ս է իրավապահ մարմինը առանց վիրավորանքի զոհի, սեփական նախաձեռնությամբ որոշում, որ ինչ-որ բառերի համար պետք է վարույթ սկսի ու այդ գործով գնա մարդկանց անհանգստացնելու, իսկ ինչ-որ բառի համար` ոչ: Ասենք, արդյոք զանգում են այն պաշտոնյանին, ում ենթադրաբար վիրավորել են ու հարցնում նրան` արդյոք նա վիրավորվել է քաղաքացու կոնկրետ արտահայատությունից կամ էլ միգուցե իրավապահ մարմինները փորձում են կռահել` այդ պաշտոնյան կվիրավորվեր արված արտահայտությունից, թե ոչ: Կամ միգուցե իրավապահ մարմնի կոնկրետ ծառայողն իրեն դնում է կոնկրետ պաշտոնյայի տեղը կամ իր վրա է վերցնում ինչ-որ արտահայտություն ու փորձում հասկանալ` ինքը կվիրավորվեր դրանից, թե ոչ: Կամ արդյոք կա հաստատված բառերի ցանկ ու իրավապահ մարմիններն արդեն այդ ցանկով են ստուգում հայհոյանքները ու ամեն անգամ թարմացնում են ցանկը:

Ամբողջությամբ փակ ու չբացահայտվող գործընթաց է:

ՍԴ այս դիմումը ներկայացնելու ժամանակ արդեն կային հրապարակային տվյալներ, որ գործեր են հարուցվում քաղաքական միջամտություններով:

Պարզ չէ՞ր, որ այս հոդվածն ուղղակի անհնար էր լինելու կիրառել «հայհոյանքի կամ անպարկեշտ վիրավորանքի» բոլոր դեպքերի համար. նախ, այդքան ռեսուրս չկա և երկրորդ, միևնույնն է` արտերկրից ու կեղծ էջերից «հոսող» հայհոյանքի ու վիրավորանքի դեմ այս հոդվածն ի վիճակի չէ պայքարել:

Սա նույնն է, որ, ասենք, մարդու սպանությունը քրեականացնող հոդված ընդունվի, բայց ոչ բոլոր սպանությունների դեպքում կիրառվի, քանի որ մարդկային ու տեխնիկական բավարար ռեսուրսներ, հնարավորություններ չկան և դրան գումարած էլ այդ հոդվածը կիրառվի փորձարկումով, քանի որ որևէ մեկը հստակ չգիտի, թե ինչ նշանակություն ունեն հոդվածի ձևակերպումները: Արտերկրից կամ դիմակավորված սպանություն կատարողներն էլ մնան անպատիժ առհասարակ:

Նշվածից բացի, Քրեական օրենսգրքում այս հոդվածը [137.1] ընդունվել է ընթացակարգային կոպիտ սխալներով, մասնագիտական դիտարկումներն անտեսելով:

Մարտի 22-ին Սահմանադրական դատարանը քննելու է այս հոդվածի սահմանադրականությունը, որ դեռ անցյալ տարի հոկտեմբերի 13-ին եմ ներկայացրել: Այն ժամանակ դա 67 էջ վերլուծություն էր, բայց հիմա արդեն մի քանի հարյուր էջ կպահանջվեր այդ հոդվածի առաջացրած բոլոր խնդիրները ներկայացնելու համար:

ՍԴ-ն այս հոդվածը պետք է ճանաչի հակասահմանադրական և Կառավարությանն ու ԱԺ-ի հանձնարարի, որ գնան ու ճիշտ մեթոդներով պայքարեն վիրավորանքի ու հայհոյանքի արատավոր երևույթների դեմ ու Քրեական օրենսգիրքը չօգտագործեն քաղաքական նպատակների համար:

Անհնար է պատկերացնել, թե ինչպես կարող է այս հոդվածի սահմանադրականությունը հիմնավորվել»։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS