TOP նոր
» » » Ներքին Գետաշեն համայնքում բացվել է հալոթերապիայի կենտրոն

Ներքին Գետաշեն համայնքում բացվել է հալոթերապիայի կենտրոն

13-01-2021, 09:39 Դիտումներ: Հայաստան » Բժշկություն
13 Հունվար 2021, 09:39 - NovostiNK
Ներքին Գետաշեն համայնքում բացվել է հալոթերապիայի կենտրոն


Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքում առաջիկայում կգործի հալոթերապիայի կենտրոն, որտեղ աղային բուժման մեթոդով իրենց առողջությունը վերականգնելու հնարավորություն կունենան և’ մեծահասակները և’ երեխաները:

Հունվարի 12-ին կենտրոնի գործարկման նախապատրաստական աշխատանքներին տեղում ծանոթացել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Ինչպես ներկայացրել է հալոթերապիայի կենտրոնի նախաձեռնող եւ հիմնադիր տնօրեն Սերժիկ Գալստյանը, կենտրոնը իր բովանդակության մեջ առայժմ առաջինն ու միակն է Գեղարքունիքի մարզում:

Աղային թերապիայի ընդունման համար առանձնացված են մեծահասակների եւ փոքրահասակների սենյակները:

Կենտրոնում գործելու են նաեւ արոմատոթերապիայի եւ օքսիգենոթերապիայի սենյակները, որոնցում բուժում կիրականացվի տարբեր եթերային յուղերի եւ թթվածնային կոկտեյլի միջոցով: Մասնագետի վերապատրաստումից հետո կգործի նաեւ մերսման ծառայությունը, որը կարող է զուգակցվել աղային թերապիայի ընդունման հետ:

«Հալոթերապիայի ընդունումն աշխարհում փորձված եւ արդյունավետ մեթոդ է՝ աղային բացասական իոններով ամենատարբեր հիվանդություններ բուժելու համար: Այն լավագույն միջոցներից մեկն է՝ մարդկանց իմունիտետը բարձրացնելու համար: Այս մեթոդով կարող են բուժվել վերին շնչուղիների, ֆրունդիտների, ռինիտների, տարբեր բնույթի ալերգիաների, անքնության, մաշկային բորբոքումների հետ կապված հիվանդությունները, հետինսուլտային եւ հետինֆարկտային իրավիճակները, պսորիազները եւ այլ կարգի հիվանդություններ:

Այստեղ կարող են դիմել նաեւ առողջ մարդիկ՝ իրենց իմունիտետը բարձրացնելու եւ սպասվող հիվանդությունները կանխարգելելու համար: Բուժման կուրսը որոշվում ու նշանակվում է մասնագիտական հետազոտության արդյունքում: Մատուցվող ծառայությունների վճարը կսահմանվի այնպես, որ այն մի կողմից մատչելի լինի բնակչությանը, մյուս կողմից էլ ցածր լինի մայրաքաղաքում մատուցվող նման կարգի ծառայությունների գների համեմատ: Մեծահասակների համար մատուցվող թերապիայի տեւողությունը 40 րոպե է, իսկ փոքրերի համար՝ 30 րոպե»,-ներկայացրել է Սերժիկ Գալստյանը:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, կարեւորելով կենտրոնի հիմնադրման նախաձեռնությունը, հույս է հայտնել, որ այն կծառայի բնակչության առողջության պահպանման ու բարելավման գործին, մարզի առողջապահական համակարգի զարգացմանը:

«Փաստորեն մեր մարզում ներդրվում է բուժման նոր մեթոդ, որն իր տեսակի մեջ առայժմ ոչ միայն միակն է, այլ նաեւ պահանջված ու կարեւոր է: Կարծում եմ, որ կենտրոնը կաշխատի արդյունավետ, բնակչությանը կմատուցի բարձրորակ ծառայություն, կունենա զարգացման լուրջ հեռանկարներ ու ճանաչում, ապահովելով նաև կայուն աշխատատեղեր: Մեր հնարավորությունների սահմաններում մենք կաջակցենք նման նախաձեռնություններին»,-նշել է մարզպետ Գնել Սանոսյանը:

Հալոթերապիայի նորաբաց կենտրոնը գործել կսկսի առաջիկա օրերի ընթացքում:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS