TOP նոր
» » » «Դեժավյու». Խմբակցությունների դիրքորոշումը՝ 2014-ի բյուջեի մասին

«Դեժավյու». Խմբակցությունների դիրքորոշումը՝ 2014-ի բյուջեի մասին

15-11-2013, 11:01 Դիտումներ: Քաղաքական, Վերլուծական
15 Նոյեմբեր 2013, 11:01 - NovostiNK
«Դեժավյու». Խմբակցությունների դիրքորոշումը՝ 2014-ի բյուջեի մասին2014 թվականի ֆինանսական գլխավոր փաստաթղթի նախագծի շուրջ քննարկումները նախօրեին ԱԺ արտահերթ նիստում շարունակվեցին մինչև երեկո: Ազգային ժողովի ոչ խմբակցություններն արտահայտեցին իրենց դիրքորոշումը հաջորդ տարվա բյուջեի նախագծի վերաբերյալ:

2014 թվականի պետական բյուջեի նախագծով Հանրային պաշտպանի գրասենյակին հատկացվող պետական միջոցները կրճատվել են 1/3-րդով. 2013 թվականի բյուջեով նախատեսված է եղել 260 մլն դրամ, իսկ 2014 թվականի բյուջեով՝ 178 մլն դրամ: «Այս ամենն արվում է այն դեպքում, երբ 2014 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնելու մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, որոնք ավելացնելու են անվճար իրավաբանական օգնություն ստացող անձանց շրջանակը», -նոյեմբերի 14-ին Ազգային ժողովում բյուջեի նախագծի քնանրկումների ժամանակ հայտարարեց ԱԺ անկախ պատգամավոր, նախկին փաստաբան Էդմոն Մարուքյանը:

Պատգամավորի խոսքով, հանրային պաշտպանի պարտականությունները ավելացվել են, բայց նրանց տրվող գումարները՝ նվազեցվել, ինչի պարագայում կասկածի տակ է դրվելու որակյալ իրավաբանական ծառայություն մատուցելու հարցը: «Ես դրա համար առաջարկել եմ, որ նախորդ տարվա գումարը վերականգնվի, և բացի այդ, պետք է մոտավորապես 100 մլն դրամով ավելացվեն ծախսերը, որպեսզի սոցիալապես անապահով խավերին նորմալ ծառայություն մատուցվի », -հայտարարեց Մարուքյանը՝ նշելով, որ բյուջեի նախագծին իր կողմ կամ դեմ քվեարկելը կախված կլինի իր ներկայացրած առաջարկությունների քննարկման արդյունքներից:

Փոխարենը իրենց քվեարկությունների հարցում կողմնորոշվել են խորհրդարանական ոչ կոալիցիոն խմբակցությունները. նախօրեին երեկոյան տեղի ունեցած ԱԺ արտահերթ նիստում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ իրենք դեմ են այս կառավարության ներկայացրած այսպիսի բյուջեի նախագծին: Փոստանջյանը պնդեց, որ այս կառավարությունը պետք է հեռանա իշխանությունից և «որքան շուտ հեռանա, այնքան ավելի օգուտ կլինի ժողովրդին: «Մենք ձեզ պետք է հեռացնենք, թե չէ դեռ ինչեր են մեզ սպասվում Լուկաշենկոյի հետ համագործակցության հետևանքով, դեռ շատ հետաքրքիր օրեր են մեզ սպասվում այդպիսի ավտորիտար ուժերի հետ մեկ միության մեջ լինելուց», -հավելեց Փոստանջյանը:

Հստակ չէր ԱԺ Դաշնակցություն խմբակցության դիրքորոշումը. Արծվիկ Մինասյանը, ճիշտ է, չասաց՝ դեմ են, թե կողմ, բայց ընդգծեց կառավարության իր խոսքով, դրական մի կողմը՝ աշխատավարձերի բարձրացման միասնական համակարգի ձևավորումը և կրթության ոլորտում վարկանիշավորման քաղաքականությունը, երբ ռեյտինգավորման համակարգով յուրաքանչյուր բուհ ստանալու է վարկանիշ: «Այլ դրական բաներ, ցավոք, չտեսանք այս փաստաթղթում: Եթե, ըստ սոցիոլոգիական հարցումների, հարցվածների 60 տոկոսը հայտնել է, որ կառավարությունը ոչ մի արդյունավետ քայլ չի ձեռնարկել, ուրեմն` դա մտահոգվելու տեղ պետք է տա իշխանությանը, այլ ոչ` ընդդիմությանը»,-հայտարարեց Մինասյանը: Նրա խոսքով, նման դեպքերում կառավարությունը կա'մ պետք է հրաժարական տար, կա'մ նոր կառավարություն ձևավորվեր:

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ իրենք դեմ են ներկայացված փաստաթղթին, ավելին, նրա պնդմամբ, այսպիսի բյուջե ներկայացրած կառավարությանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկել:

«Պետական բյուջեի փաստաթուղթը Ազգային Ժողովի հաստատմանը ներկայացնելիս` կառավարությունն, ըստ էության, ներկայացնում է եկամուտների և ծախսերի մասին հաշվետվություն և առաջիկա առնվազն մեկ տարվա գործունեության ծրագիր:
Եթե մենք լուրջ հաստատություն ենք եւ եթե իսկապես պատասխանատվություն ենք զգում մեզ ընտրած ժողովրդի առջեւ, ապա առաջին հարցը, որ պետք է վերլուծենք, այն է, թե արդյո՞ք ներկայացված փաստաթուղթը որեւէ կապ ունի իրականության հետ:
Պարզ փաստարկները ցույց են տալիս, որ մենք գործ ունենք ոչ թե ազնիվ կառավարիչների կողմից պատրաստված ծրագրային փաստաթղթի հետ, այլ մի փաստաթղթի, որի միակ նպատակն է քողարկել երկրում տեղի ունեցող համակարգային թալանը եւ կոռուպցիան, և այնպես ներկայացնել, իբր երկիրը սլանում է բնականոն զարգացման հունով: Մենք չենք կարող հաստատել մի բյուջե, որը՝ համակարգված կոռուպցիայի, պետական եկամուտների եւ ծախսերի թալանի, պետական անվճարունակության եւ, վերջապես՝ խաբեության բյուջե է: Այսպիսի բյուջե ներկայացրած կառավարությանը պետք է ոչ միայն անվստահություն հայտնել, այլեւ կանչել քրեական պատասխանատվության», -հայտարարեց Զուրաբյանը:

Նախորդ տարվա բյուջեի հետ այս տարվա բյուջեի նախագիծը համեմատել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը և եկել եզրահանգման՝ այս բյուջեի նախագիծը բովանդակային առումով փոփոխություն չի կրել: «Բովանդակային և քաղաքականության փոփոխություն չկրած` կառավարության ներկայացրած բյուջեները տարեցտարի քննարկելիս ինձ մոտ դեժավյուի տպավորություն է առաջանում: Ելույթներ, հիմնավոր տեսակետներ և առաջարկություններ, բայց ոչ մի բան չի փոխվում» - հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը: Սակայն ըստ պատգամավորի, ամեն ինչ այնքան էլ վատ չէ. այս տարի կառավարությունն անկեղծ է դարձել:

«Անկեղծորեն տնտեսական բլոկի նախարարներից մեկը գրեթե հպարտությամբ խոստավանեց, որ՝ այո, մենք տարածաշրջանի ամենաաղքատ երկիրն ենք: Խոստովանեցին, որ ներդրումները 64 տոկոսով նվազել են, շարունակում են նվազել: Ներդրողները ուղղակի մազապուրծ փախնում են Հայաստանի Հանրապետությունից: Ինչո՞ւ է կառավարությունն այսքան անկեղծ, որովհետև գիտի, որ իր պաշտոնանկությունը կամ պաշտոնավարման շարունակությունը քաղաքական մոտիվացիա չունի և այն որոշվելու է Մելիք Ադամյան փողոցում գտնվող փակ ակումբում, իսկ թե ինչ մոտիվացիաներ կհնչեն այդ ակումբում, քաղաքական ուժերից ու քաղաքացիական հասարակությունից որևէ մեկը չգիտի: Միգուցե մոտիվացիաներից մեկը կլինի այն, որ ի հեճուկս քաղաքական ուժերի և ի հեճուկս ժողովրդի կշարունակեն պաշտոնավարել: Ուրեմն՝ եկեք ինադը ֆիքսենք որպես սահմանադրական նորմ ու ամրագրենք, որ այս կառավարությունը պաշտոնավարելու է քաղաքական ուժերին և ժողովրդին ինադու և դրանով բոլոր հարցերը փակենք», -հայտարարեց տիկին Զոհրաբյանը՝ տեղեկացնելով, որ իրենց խմբակցությունը ևս դեմ է քվեարկելու բյուջեի նախագծին:

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը բյուջեի քննարկման ընդմիջում հայտարարեց առնվազն չորս օրով, և պատգամավորներին տեղեկացրեց, որ առաջարկներ կարող են ներկայացնել 24 ժամվա ընթացքում:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS