TOP նոր
» » » Նորատ Տեր-Գրիգորյանց․ Լևոն Տեր-Պետրոսյանը խոսում է Ադրբեջանի լեզվով

Նորատ Տեր-Գրիգորյանց․ Լևոն Տեր-Պետրոսյանը խոսում է Ադրբեջանի լեզվով

23 Մարտ 2017, 00:45 - NovostiNK
Նորատ Տեր-Գրիգորյանց․ Լևոն Տեր-Պետրոսյանը խոսում է Ադրբեջանի լեզվով

«Առաջին լրատվական»–ի զրուցակիցն է 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը:

– Պարոն գեներալ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը, կրկին նշել է, որ կարգավորում հնարավոր է միայն այսօր բանակցվող Մադրիդյան սկզբունքների հիման վրա։ Հատկապես ապրիլյան պատերազմից հետո դա ինչքանո՞վ է իրատեսական՝ Ձեր կարծիքով։

– Ես անհանգստացած եմ Հայաստանի, իմ հայրենիքի համար։ Այն բանակը, որ մենք ստեղծել ենք, ազատագրել է ողջ Հայաստանը՝ ոչ միայն Ղարաբաղը, այլև Զանգեզուրն ու Երևանը, որովհետև հակառակորդը ուզում էր ոչ միայն Ղարաբաղում Հայոց ցեղասպանություն իրականացնել, այլև խլել Ղարաբաղն ու Զանգեզուրը, ինչպես նաև Երևանը։ Հիմա ի՞նչ է խոսում Ալիևը, ասում է՝ Երևանն իմն է։

Հիմա անդրադառնանք Մադրիդյան սկզբունքներին։ Այդ սկզբունքներն ասում են՝ հեռացրեք զորքերը Արցախից, և այնտեղ թող մտնեն ադրբեջանական տեռորիստները, որոնք նման են իսլամական տեռորիստական խմբերին։ Հետո Մադրիդյան սկզբունքներն ասում են՝ թողեք այնտեղ Ադրբեջանի փախստականներին, որոնք պատերազմի ընթացքում գնացել են։ Բայց հայերը ևս գնացել են՝ Շահումյանի շրջանից, որովհետև «Կալցո» օպերացիա տեղի ունեցավ, պատերազմ էր, և իրենք ոչնչացնում էին տասնյակ գյուղեր, մարդկանց էին սպանում։ Այսինքն՝ պետք է խոսել բոլորի մասին, բայց խոսվում է միայն ադրբեջանցի փախստականներին վերադարձնելու մասին։ Դա ուղղակի նողկալի է։ Հետո՝ խոսվում է ինչ-որ «գրավված» տարածքների վերադարձի մասին։ Ագրեսորը եղել է Ադրբեջանը, Ադրբեջանը հարձակվել է՝ նպատակն արդեն նշել եմ, հետո իրենք պարտություն են կրել, իրենք պարզապես ագրեսոր չեն, իրենք կարծես Սիրիայի իսլամիստներից լինեն. հիմա այդ ռադիկալ տեռորիստները պահանջում են, որ ինչ-որ 7 կամ 8 կամ, չգիտեմ, որքան շրջան վերադարձվի։ Բայց դա անհեթեթություն է։ Դրանք տարածքներ են, որտեղից հարձակվել են Ղարաբաղի վրա, և այդ տարածքները վերադարձման ենթակա չեն։ Եթե վերադարձնենք, ապա կոչնչացնեն Ղարաբաղի ժողովրդին։ Սա է Մադրիդյան սկզբունքները, որ ուզում են ներարկել հայ ժողովրդի ուղեղի մեջ։ Բայց ես դա որակում եմ որպես անհեթեթություն, դա ուղղակի մեր ժողովրդի, հայ ժողովրդի իրավունքների ոտնահարում է։

1921 թվականի հուլիսի 5-ին Անդրկովկասյան բոլշևիկյան բյուրոն խլել է Ղարաբաղը Սովետական Հայաստանից ու տվել Ադրբեջանին։ Բայց Ղարաբաղը մեր հայրենիքն է, և մենք այն ազատագրել ենք, դեռ մի քանի տարածք էլ չենք հասցրել ազատագրել, մնացել է Ադրբեջանի օկուպացիայի տակ։ Իրենք դա չեն վերադարձնում։ Չգիտես ինչու, Մադրիդյան սկզբունքները չեն ենթադրում մեր այդ տարածքների վերադարձ. դե կներեք, ինչո՞ւ մենք պետք է ենթարկվենք այդ սկզբունքներին, որը բխում է Ադրբեջանի ժողովրդի շահերից, իսկ հայ ժողովրդի շահերից բխող բաները՝ ոչ։ Մադրիդյան սկզբունքները անարդար և սխալ են։ Ով էլ ասի՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը, թե Վիգեն Սարգսյանը, կապ չունի. ես անձերի դեմ չեմ խոսում, ես խոսում եմ Մադրիդյան սկզբունքների դեմ։ Դուք ինձ եք հարցնում, ես պատասխանատու մարդ եմ ու անհանգստացած եմ իմ հայրենքի համար։

Ամենակարևորը հիմա այն է, որ ՀՀ նախագահը, ՀՀ արտաքին գործերի նախարարը չպետք է տարածքների հանձնման բանակցություններ վարեն, պետք է ապացուցեն, որ Ղարաբաղը 1921 թվականի հուլիսի 5-ին բոլշևիկները մեզնից խլել են ու տվել են մուսուլմանական երկրի։ Պետք է Ռուսաստանը չեղարկի այդ պայմանագիրը։ Այդ դեպքում Ղարաբաղը կվերադառնա իր հայրենիք՝ ճիշտ այնպես, ինչպես Ղրիմը վերադարձավ իր հայրենիք։ Ուստի Ղարաբաղը պետք է ճանաչել որպես հայկական տարածք։

– Տեր-Պետրոսյանը, խոսելով տարածքների մասին, օգտագործեց «Ղարաբաղի վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական տարածքներ» արտահայտությունը։ Դրա՞նք ադրբեջանական, թե՞ Ադրբեջանից ազատագրված հայկական տարածքներ են։

– Այդ ձևակերպումը մեծագույն անարդարություն է։ Ես հարգում եմ պարոն Տեր-Պետրոսյանին։ Նա Վազգեն Սարգսյանի հետ ժամանակին շատ խոհեմ որոշում կայացրեց՝ ստեղծել Հայկական Զինված ուժեր՝ Հայաստանի, հայկական տարածքների պաշտպանության համար։ Ես այդ գործում ևս իմ պարտքն եմ կատարել հայ ժողովրդի առաջ, բայց հիմա նա բոլորովին այլ բան է խոսում։ Հիմա նա խոսում է այն բանի մասին, ինչ պահանջում է Ադրբեջանը, մի երկիր, որ գնել է ողջ աշխարհը։ Հիմա Տեր-Պետրոսյանը խոսում է այդ երկրի լեզվով, ես չեմ հասկանում Տեր-Պետրոսյանին։ Ինձ համար անընդունելի է այդ ձևակերպումը, դա պարզապես անհեթեթություն է։

– Պարոն գեներալ, հակամարտության կարգավորման որևէ տարբերակ մոտ ապագայում գոյություն ունի՞. Ադրբեջանի այսօրվա իշխանությունների, Ալիևի հետ հնարավո՞ր է խոսել կարգավորման մասին։

– Մի փոքր հեռվից գամ։ Նայեք այստեղ՝ երեկ, երեկ չէ առաջին օրը ինչ մեծ տոնախմբություններ էին տեղի ունենում Ռուսաստանում։ Բոլորը տոնում էին Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանին։ Իսկ Հայաստանում Լևոն Տեր-Պետրոսյանը և այլք ինչ-որ անհեթեթ խոսակցություններ են տանում տարածք տալու, Մադրիդյան սկզբունքների և այլնի մասին։ Իսկ Ռուսաստանը շատ հստակ քայլեր արեց, հանրաքվե անցկացրին ու վերադարձրին Ղրիմը իր պատմական հայրենիք։ Այն 54 թվականին Խրուշչովը անօրեն կերպով խլեց Ռուսաստանից ու տվեց այլ պետության։ Ով ինչ ուզում է ասի՝ դա Ռուսաստանի Դաշնության տարածքն է։

Հիմա վերադառնանք Հայաստանին՝ Ղարաբաղը բոլշևիկները 21 թվականին խլել են Հայաստանից տվել Ադրբեջանին, ու այն 70 տարի գտնվել է թուրքական, մուսուլմանական պետության վերահսկողության տակ։ Հիմա այն հազիվ ազատագրվել է, հանրաքվե է անցկացվել ու անկախ հռչակվել։ Բայց պետք է ամբողջությամբ ճանաչել Ղարաբաղը, այն վերադարձնել հայրենիք ու բանակցություններ տանել Ռուսաստանի հետ, որպեսզի իրենք չեղարկեն Կարսի պայմանագիրը, 21 թվականի պայմանագիրը։

– Այսինքն՝ բանակցություններ տանել միայն Ռուսաստանի՞ հետ։

– Իսկ Ադրբեջանի հետ ի՞նչ կա բանակցելու։

– Նկատի ունեմ Մինսկի խմբի շրջանակներում բանակցել, թե՞ դուրս գալ ֆորմատից ու հակամարտության կարգավորումը թողնել միայն Ռուսաստանին։

– Մինսկի խմբին պետք է նստեցնել ու ասել՝ լսեք, գիտեք ինչ, մինչև հիմա ձեզ համար ժամանակ էիք վատնում, բայց ահա ձեզ քարտեզը՝ սա հայկական հող է։ Եկեք դադարեցնենք անիմաստ ժամանակի վատնումը ու բանակցություններ տանենք Ռուսաստանի հետ։ Չգիտես ինչու, Կոսովոն մինչև հիմա ճանաչել են, Ղրիմը ճանաչել են, Հարավային Օսիան ճանաչել են, իսկ Ղարաբաղը՝ ոչ. ինչո՞ւ, չէ՞ որ Ղարաբաղն ամենաառաջինն է անկախ հռչակվել։ Ղարաբաղի անկախությունը պետք է ճանաչել՝ դա միայն իմ կարծիքը չէ, դա ողջ հայության կարծիքն է։


Աղբյուրը՝ 1in.am

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS