TOP նոր
» » » ՍԴ-ն հանցակից է եղել բոլոր ընտրակեղծարարություններին. Արման Բաբաջանյան

ՍԴ-ն հանցակից է եղել բոլոր ընտրակեղծարարություններին. Արման Բաբաջանյան

10-12-2019, 12:52 Դիտումներ: Քաղաքական, Տեսանյութ
10 Դեկտեմբեր 2019, 12:52 - NovostiNK
ՍԴ-ն հանցակից է եղել բոլոր ընտրակեղծարարություններին. Արման Բաբաջանյան

Երկու տասնամյակից ավելի Սահմանադրական դատարանը հանդիսացել է այն ատյանը, որը, ձախողելով իր առաքելությունը, հովանավորել, իսկ որոշ դեպքերում խթանել է ՀՀ-ում հակաժողովրդական, հակաիրավական զարգացումները: ԱԺ-ում՝ շարունակվող «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ, այսպիսի գնահատական հնչեցրեց ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Նա ընդգծեց, որ ՍԴ-ն քայլ առ քայլ մեկուսացրել է իրեն սահմանադրության գերակայության, սահմանադրական անվտանգության եւ սահմանադրականության պաշտպանի գործառույթներից:

Բաբաջանյանի խոսքով՝ Սահմանադրական դատարանի գործունեության վերջին 2 տասնամյակի բնութագրությունը կարելի է տալ այսպես՝ Ժողովրդավարության պահապանից ժողովրդավարության բանտապանի վերածվելու դերակատարություն:

Հիմնավորելով իր միտքը՝ պատգամավորը նկատեց, որ ՍԴ գործող անդամների մեծամասնությունը մասնակից ու հանցակից է եղել անցած առնվազն մեկուկես տասնամյակի ընթացքում Հայաստանում տեղի ունեցած բոլոր ընտրակեղծարարություններին եւ ընտրական հանցագործություններին:

«Գրեթե բոլոր դեպքերում ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործընթացն ուղեկցվել է քաղաքական հետապնդումներով, ջարդարարությամբ, կուսակցությունները ջարդուփշուր անելով, բանտարկություններով եւ սպանություններով: Այդու, համոզված կարող ենք պնդել, որ Սահմանադրական դատարանը մասնակցություն է ունեցել ավելի քան 15 տարիների բոլոր ընտրությունների ու հանրաքվեների կեղծման գործընթացին: Դա եղել է իշխանության բռնազավթման գործընթաց»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց Բաբաջանյանը՝ ընդգծելով.

«Մենք գործ ունենք մի Սահմանադրական դատարանի հետ, որի անդամների զգալի մասը ենթադրաբար մասնակից է եղել ծանրագույն հանցագործության մեջ»:

Այս պայմաններում, ըստ պատգամավորի, նրանց գործունեությանն իրավաքաղաքական գնահատական տալու փոխարեն քննարկվող նախագծով առաջարկվում է արտոնյալ պայմաններով պաշտոնաթող լինել:

«Այսպիսի արժանիքներ ունեցող մարդկանց հանրային պարսավանքի ենթարկելու համար, դեռեւս մինչեւ ժողովրդավարությունը, խարույկի վրա այրելու փոխարեն, որպես գթասրտության դրսեւորում, առաջարկվում էր ամոթանքի քայլերթ, որի ընթացքում հասարակությունն անարգում էր նրանց բոլոր հասանելի միջոցներով: Իսկ այսօր առաջարկվում է կենսաթոշակ՝ աշխատավարձի չափով»,- ասաց պատգամավորը:

Իր ելույթի ավարտին Բաբաջանյանն Ազգային ժողովին հայտնեց իր ունեցած տեղեկատվությունը, ըստ որի՝ ՍԴ անդամներն օրերս եղել են Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում, հանդիպել իրենց գործընկերների հետ եւ բողոքել իրենց վրա գործադրվող ճնշումներից: Այս առիթով նա հիշեցրեց, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հանդիպել էր ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ այն ժամանակահատվածում, երբ քննարկվում էր, իր խոսքերով, երկրի գլխավոր մեղադրյալի վերաբերյալ գործը:

«Ես հիասթափված եմ իշխանության երկրորդ այս փորձից եւ հավատում եմ, որ մենք ավելի հատու միջոցների դիմելու անհրաժեշտության առաջ ենք կանգնելու շատ շուտով»,- եզրափակեց Բաբաջանյանը:

Հիշեցնենք՝ Կառավարության կողմից ներկայացված նախագծերի այս փաթեթով առաջարկվում է, որ Սահմանադրական դատարանի անդամի կողմից հրաժարական ներկայացվելու դեպքում լիազորությունները դադարելուց հետո մինչեւ իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նա ստանա կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով: Նախագիծը չի վերաբերում ՍԴ դատավորներ Վահե Գրիգորյանին ու Արման Դիլանյանին, քանի որ նրանք ընտրվել են նոր Սահմանադրության՝ ամբողջությամբ ուժի մեջ մտնելուց հետո եւ պաշտոնավարում են՝ որպես դատավորներ, իսկ մյուսները՝ որպես Դատարանի անդամներ։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS