TOP նոր
» » » Խաղաղությունը ձեռնտու է բոլորին. իսրայելցի հրապարակախոսը կոչ է անում Ալիևին հրաժարվել ռազմատենչ հռետորաբանությունից

Խաղաղությունը ձեռնտու է բոլորին. իսրայելցի հրապարակախոսը կոչ է անում Ալիևին հրաժարվել ռազմատենչ հռետորաբանությունից

20-07-2021, 10:03 Դիտումներ: Հայաստան » Քաղաքական
20 Հուլիս 2021, 10:03 - NovostiNK
Խաղաղությունը ձեռնտու է բոլորին. իսրայելցի հրապարակախոսը կոչ է անում Ալիևին հրաժարվել ռազմատենչ հռետորաբանությունից


Իսրայելցի հրապարակախոս և հասարակական գործիչ Ավիգդոր Էսկինը, որը բազմիցս եղել է թե՛ Երևանում, թե՛ Բաքվում ու թե՛ Արցախում, կարծում է, որ հարաբերությունների խաղաղ ու երկարաժամկետ կարգավորումը պետք է ոչ միայն Հայաստանին, այլև Ադրբեջանին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ավիգդոր Էսկինը կարծիք հայտնեց, որ Ադրբեջանի այսօրվա կարգավիճակը աշխարհում զգալի չափով կախված է Հայաստանի հետ խաղաղ համաձայնագիր կնքելու իր պատրաստակամությունից: Այս համատեքստում իսրայելցի հրապարակախոսը կոչ արեց Ադրբեջանի նախագահ Ալիևին հրաժարվել Հայաստանի հանդեպ ռազմատենչ հռետորաբանությունից՝ ընդգծելով, որ այն խանգարում է բանակցություններին:

«Ալիևը շատ լավ հասկանում է, որ Ադրբեջանի կարգավիճակը աշխարհում այսօր զգալիորեն կախված է Հայաստանի հետ երկարաժամկետ, խաղաղ համաձայնագրի գնալու իր պատրաստակամությունից: Թուրքիայի հետ ավելորդ մոտիկությունը և Ադրբեջանի ներքին իրադրությունը լուրջ քննադատության են ենթարկվում ամբողջ աշխարհում: Դա ոչ միայն այն ուժերն են, որոնք հակամարտության մեջ են Ադրբեջանի հետ: Առաջին հերթին խոսքը սորոսական կազմակերպությունների մասին է, որոնց հետ Ալիևը արդեն մի քանի տարի է՝ պատերազմի մեջ է: Այլև Միացյալ Նահանգների վարչակազմն է և Եվրամիությունը, որը քննադատաբար է վերաբերվում Ադրբեջանին: Ուստի լավ կլիներ՝ ձեր հարևանները հասկանային, որ խաղաղ, երկարաժամկետ կարգավորման հարցում Հայաստանին ընդառաջ կատարվող քայլերը պետք են ոչ միայն Հայաստանին, այլև Ադրբեջանին», - ասաց իսրայելցի հրապարակախոսը՝ հավելելով, որ խաղաղ կարգավորումը ձեռնտու է բոլորին թե՛ տնտեսական և թե՛ այլ առումներով:

Էսկինի խոսքով՝ Ալիևի հայտարարությունները Զանգեզուրի, Սևանի, Երևանի մասին երկդիմի են՝ ուղղված լինելով նաև ներքին լսարանին ու հատկապես բնակչության այն հատվածին, որոնք արյան ծարավ են և կարծում են, թե խնդիրները կարելի է լուծել ռազմական ճանապարհով: Մեր զրուցակիցը շեշտեց, որ նման հռետորաբանությամբ հանդես գալը սխալ քայլ է Ալիևի կողմից:

«Եթե դա քաղաքականություն է, ապա դա սխալ քաղաքականություն է, որը կյանքի կոչվելու հնարավորություն չունի: Եթե դա հռետորաբանություն է, ապա արժե հրաժարվել դրանից, քանի որ այն նոր վիճաբանություն է հրահրում՝ Հայաստանում առաջացնելով բնական մտավախություններ: Ի՞նչ է նշանակում՝ «Ադրբեջանը վերադառնում է Երևան»: Այսինքն՝ դա նշանակում է, որ նրանք հանցափո՞րձ են անում հայկական պետության անկախության նկատմամբ: Նման բան չի լինի: Բայց այդ հռետորաբանությունը ամեն դեպքում խանգարում է բանակցություններին», - նշեց Էսկինը:

Իսրայելցի վերլուծաբանը նաև նկատեց, որ ի հեճուկս շատերի կանխատեսումների՝ ներքաղաքական կյանքը Հայաստանում հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ավելի կայուն է դարձել. «Դեռ մեկ ամիս առաջ թվում էր, թե այս երկիրը կարող է խրվել ներքին բնույթի կոնֆլիկտի մեջ: Դիմակայության աստիճանը, կրքերի շիկացումը Հայաստանում պատերազմից հետո հասել էին բռնության և բախումների եզրին: Բարեբախտաբար, դա տեղի չունեցավ, Հայաստանը թևակոխեց խաղաղ գոյության փուլ: Եվ Ադրբեջանում էլ պետք է հասկանան, որ թեև Հայաստանը շատ ծանր իրադարձություններ է վերապրել, բայց երկրի ներսում նա մնացել է կայուն և պատրաստ է քաղաքական լուրջ քայլերի՝ վայելելով միջազգային հեղինակություն»:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 14-ին Բաքվում հայտարարել էր, թե իրենց «ոչ պաշտոնական տեղեկություններ են հասնում» այն մասին, որ «Հայաստանը պատրաստ չէ [Ադրբեջանի հետ] խաղաղ համաձայնագրի ստորագրմանը»:

Այս համատեքստում Ալիևը հերթական անգամ բաց տեքստով խոստովանել է Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ Ադրբեջանի նկրտումները՝ ասելով, թե իբր Զանգեզուրը, Սևանը և Երևանը «ադրբեջանական հողեր են»:

Նույն օրը Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը լրագրողների խնդրանքով անդրադարձել է Ալիևի այդ հայտարարությանը՝ շեշտելով, որ «քանի դեռ Արցախի կարգավիճակի հարցը վերջնականապես լուծված չէ, բանակցությունները վերսկսված չեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, այլ լուծումների մասին դժվար կլինի խոսել»: Լրագրողի ճշտող հարցին խաղաղության համաձայնագիրը կնքելու Ադրբեջանի պահանջը ո՞րն է, Տիգրան Ավինյանը պատասխանել է, որ հարցը պետք է ուղղել այն կողմին, որը առաջարկ է անում, և ավելացրել, որ «մենք այդ ուղղությամբ որևէ բանակցություն չունենք»:

Հուլիսի 15-ին՝ կառավարության նիստի ընթացքում, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Ադրբեջանի նախագահի ապակառուցողական գործողություններին և հայտարարություններին՝ ասելով, որ Ադրբեջանը, ի հեճուկս միջազգային ասպարեզներում արվող խաղաղասիրական հայտարարությունների, ամեն ինչ անում է խաղաղությունը տարածաշրջանում խոչընդոտելու համար՝ ցույց տալով, թե իբր Հայաստանը կամ Արցախը դեմ են խաղաղությանը, դեմ են սահմանազատման և սահմանագծման գործընթացներին: Փաշինյանի մեկնաբանությունը այս հարցի վերաբերյալ միանշանակ է՝ Ադրբեջանը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարություններ անում է եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը խաթարելու և տարածաշրջանային կոմունիկացիաների բացում թույլ չտալու համար, քանի որ Ադրբեջանի նպատակը, Փաշինյանի խոսքով, Հայաստանի շրջափակման շուրջ 30-ամյա քաղաքականությունը շարունակելն է:

Հուլիսի 17-ին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, հայտարարել է, որ Ադրբեջանը խոչընդոտում է տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ապաշրջափակման գործընթացին ոչ միայն Հայաստանի սուվերեն տարածքը օկուպացնելու ակնհայտ սպառնալիքներով, այլև հեճուկս իր պարտավորությունների՝ հրաժարվում է Հայաստանին միջանցք տրամադրել Հայաստան-Վրաստան, Ադրբեջան-Ռուսաստան երկաթուղու գործարկման համար:

Իր հերթին Ալիևը Շառլ Միշելի հետ համատեղ ասուլիսին կոչ է արել Հայաստանին «մտածել խաղաղության մասին»՝ ասելով, թե Ադրբեջանը պատրաստ է «շրջել պատերազմի էջը»:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS