TOP նոր
» » » «Քաղաքական ինչ - որ շրջանակների մոտ առկա են Ալիև - Փաշինյան ուղիղ կապերի մասին փաստող ձայնագրություններ, որոնց հրապարակումն, ինչ -որ փուլում, կարող է որոշիչ լինել». Ալեն Ղևոնդյան

«Քաղաքական ինչ - որ շրջանակների մոտ առկա են Ալիև - Փաշինյան ուղիղ կապերի մասին փաստող ձայնագրություններ, որոնց հրապարակումն, ինչ -որ փուլում, կարող է որոշիչ լինել». Ալեն Ղևոնդյան

26-04-2022, 09:41 Դիտումներ: Քաղաքական, ՕՐՎԱ ԹԵՄԱ
26 Ապրիլ 2022, 09:41 - NovostiNK
«Քաղաքական ինչ - որ շրջանակների մոտ առկա են Ալիև - Փաշինյան ուղիղ կապերի մասին փաստող ձայնագրություններ, որոնց հրապարակումն, ինչ -որ փուլում, կարող է որոշիչ լինել». Ալեն Ղևոնդյան

Մեծ հաշվով, ընդդիմության նախաձեռնած ակցիաների արդյունքները կերևան վերջում, իսկ, եթե քննարկվի դրանց մեթոդաբանությունը, ապա պետք է նկատել, որ համաշխարհային մակարդակում, նմանօրինակ պայքարի ցանցային տարբերակն ամենաարդյունավետներից մեկն է, ինչն էլ այսօր տեղի է ունենում ողջ հանրապետությունում։ «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում այս մասին ասել է քաղաքական վերլուծաբան Ալեն Ղևոնդյանը՝ վերլուծելով ընդդիմության որդեգրած տեխնոլոգիաները։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօրվանից ընդդիմությունը սկսել է առավել ակտիվ ցանցային պայքար, միաժամանակ մի քանի անհնազանդության ակցիաներ են տեղի ունեցել մայրաքաղաքի տարբեր հատվածներում՝ տարբեր քաղաքական ուժերի կողմից։ Ավելին, նաեւ քայլերթ է սկսվել Իջեւանից, իսկ վաղը նախատեսվում է քայլերթի մեկնարկ՝ հանրապետության տարբեր մարզերից։

«Ցանցային պայքարը միայն փողոցներում քաղաքացիական անհնազանդության կամ իրազեկման ակցիաներ իրականացնելը չէ։ Դրանք պետք է սպասարկվեն անհրաժեշտ և ճիշտ մեդիա կոնտենտով, քարոզչական էլեմենտներով, սիմվոլիզմ ենթադրող և պարունակող որոշակի պրոցեսներով, աղմուկ և ուշադրություն բևեռացնող գործիքակազմով, պլակատներով և այլն։ Այս ամենի մեջ, թեևս, ամենակարևոր բաղադրիչը համբերատարությունն ու կամքն է՝ այն մարդկանց մոտ, ովքեր փողոցներում են և իրականացնում են այդ ակցիաները։ Նրանք անպայման կհանդիպեն տարատեսակ դիմադրությունների, որոնք զանազան անհարմարավետություններ և դժվարություններ կստեղծեն իրենց համար, բայց հենց այստեղ է, որ նրանք պետք է ամուր նյարդեր, կամք և համբերատարություն ցուցաբերեն՝ սկսած գործը հաղթական ավարտին հասցնելու համար»,- ասում է Ալեն Ղևոնդյանը։

Ամենաառաջին, ամենակարևոր և էական գերխնդիրը, որ իր առաջ պետք է դնի փողոցային պայքարի դուրս եկած ընդդիմությունը՝ իշխանազրկման օրակարգն է, ասում է քաղաքական վերլուծաբանն ու հավելում.«Հասարակությունը, տասնյակ տարիներ շարունակ, գտնվել է ստի ու կեղծիքի մեծ դոզայի տակ, մեծամասամբ, ուղղակիորեն, մասնակցել է նաև այդ ստի և կեղծիքի ստեղծման պրոցեսներին։ Հիմա նրանց մոտ հավատի և վստահության ֆունդամենտալ դիֆիցիտ կա։ 2018 թվականի զանգվածային փսիխոզը, որի արդյունքում ստեղծվեց այն ամենն, ինչ մենք այսօր ունենք, հասարակության ամենատարբեր շերտերի մոտ խորքային դեպրեսիա, վախեր ու կասկածներ է առաջացրել։ Այդ թվում՝ կասկածներ այն ուժերի նկատմամբ, որոնց պիտակավորել են որպես նախկիններ, այն ուժերի նկատմամբ, որոնք այսօր օրակարգ են թելադրում՝ պետության փրկության մասով, այլ ոչ իշխանության ձեռքբերման նպատակով»։

Ալեն Ղևոնդյանը կարծում է՝ ընդդիմությունը պետք է շարունակի իր որդեգրած՝ ցանցային, անհամաչափ, ոչ գծային գործիքակազմը, որտեղ անհրաժեշտ կլինի կենտրոնանալ մի քանի կարևոր կետերի վրա.«Օրինակ, ԲՈւՀ-երում պայքարի ոգին արթնացնելու համար, պետք է անհատական մոտեցում ցուցաբերել, այսինքն՝ կոչերով դիմել կոնկրետ դեկանների, անձերի՝ անուն առ անուն, որովհետև պետություն փրկելու և այս իրավիճակից դուրս գալու խնդիրը, նաև, անհատական հարց է։ Այսինքն, սա ընդհանրական հայաստանյան ԲՈՒՀ-երի հարցը չէ միայն, այլ մարդկանց մոտ անհատական արժանապատվություն արթնացնելու պրոցես, որը կստիպի կամ պայմաններ կստեղծի, որպեսզի նրանք իրենց մասով դուրս գան և միանան պայքարին, որովհետև, հատկապես, մեծ զանգվածներով երիտասարդների ներգրավվածությունն այս պրոցեսներին կարող է վճռորոշ և էական արդյունքներ գրանցել։ Պայքարը կարող է դառնալ վարակիչ, եթե մենք խոսում ենք պետություն փրկելու մասին»։

Նկատառմանը՝ ի՞նչ կարող է տեղի ունենալ, եթե, հանկարծ, այս շարժումն, ինչպես նախորդները, տապալվի, քաղաքական վերլուծաբանը պատասխանում է՝ մենք, ուղղակիորեն, այլևս Հայրենիք չենք ունենա. «Այս ողջ պայքարի խնդիրը, կոնկրետ, մեկ անձի հեռացումն է, որը նստած է Կառավարության շենքում և որևէ հանգամանք նրան չի կաշկանդում՝ վերջնականորեն խաչ քաշել Երրորդ Հանրապետության գոյության վրա։ Նա չունի որևէ կարմիր գիծ՝ ինչպես պետության, քաղաքականության, այնպես նաև՝ սեփական արժեքային համակարգի՝ ընտանիքի նկատմամբ։ Սա մարդու տեսակ է, որի դեմ մենք պետք է միահամուռ ուժերով պայքարենք։ Այս առումով, նույնպես, ընդդիմությունը պետք է կոնսոլիդացվի՝ մի կողմ դնելով անհատական և անձնական բոլոր տեսակի հարցերն, ամբիցիաներն ու հավակնությունները»,- ասում է բանախոսը։

Խոսելով այն մասին, որ իշխանական թևն, ըստ էության, գործի է անցել՝ հնարավոր և անհնար բոլոր մեթոդներով ճնշելու թափ հավաքող ընդդիմության ակցիաները, անգամ Արսեն Թորոսյանն է միացել դրանց՝ հայտարարելով, թե սա նոր պատերազմի և պարտության շարժում է, Ալեն Ղևոնդյանը հակադարձում է՝ Արսեն Թորոսյանն անհայրենիք, անարժանապատիվ, սկզբունքներ չունեցող և շատ պատահականորեն բժշկական համակարգում հայտնված օրգանիզմ է, ով պատրաստ է սպասարկել ցանկացած պետության օրակարգ, միջազգային կազմակերպությունների և սինդիկատների շահեր, միայն թե ֆինասական անհրաժեշտ փոխհատուցում ստանա և հավելում.«Եթե նա այս բառերի համար ինձ դատի տա, ես, մեծ հաճույքով, իր հետ կհանդիպեմ դատարանում։ Մարդ, ով հանուն անհատապես գումար աշխատելու բաղձանքի, ապաշնորհ կերպով ձախողեց կովիդի դեմ պայքարի ողջ փիլիսոփայությունն, իրավունք չունի խոսելու երկրի ապագայից։ Հարկ եղած դեպքում, ես իմ այս բառերը կհիմնավորեմ։ Կարծում եմ, Արսեն Թորոսյանը շատ լավ է հասկանում, թե իշխանափոխությունից հետո ի՞նչ է իրեն սպասում և քանի՞ տարի ժամկետով։

Ինչ վերաբերում է իր հնչեցրած թեզին՝ կապված պատերազմի և պարտության հետ, ապա այստեղ ճշմարտության հատիկ կա։ Գաղտնիք չէ, որ վարչապետ աշխատող անձն, արդեն տևական ժամանակ, ունի օպերատիվ կապի հնարավորություն, ուղիղ շփման մեջ մտնելու հարևան, թշնամի երկրի ղեկավար՝ Ալիևի հետ։ Եթե նախկինում այդ կապը միջնորդավորված էր, ապա հիմա, արդեն ուղիղ է։ Ինչպես Հայաստանի, այնպես նաև Արցախի հետ կապված հարցերով, որոշակի պարբերականությամբ այս մարդիկ կապի են դուրս գալիս և առանց միջնորդների, իրավիճակներ քննարկում, որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերում։ Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրում է իր Ադրբեջանից գործընկերոջը՝ Ալիևին, հովանավորել իրեն, որպեսզի, այս կամ այն իրավիճակում, սահմանային լարումներ տեղի ունենան։ Ասեմ ավելին՝ հայ -թուրքական, այսպես կոչված, Հաշտության պայմանագրի ներքո, նրանց մոտ կա պայմանավորվածություն, որ, եթե, հանկարծ, Հայաստանում հասունանա այնպիսի իրավիճակ, որ հաշտությունը ձախողվի, ապա գործող վարչապետը ջանք ու եռանդ չի խնայի, որպեսզի սահմանային լարումներ սկսեն՝ ինչպես Նախիջևան – Երասխ գծում, այնպես նաև՝ Արցախում։ Կարելի է ասել, որ հատկապես Հայաստանի մասով, նա որևէ կաշկանդվածություն չունի և ընդունակ է գնալ ամեն տեսակ քայլերի, եթե ընդդիմության ձեռնարկած փողոցային պայքարը հաջողություններ գրանցի։ Այնպես որ, պատերազմի, ինչպես նաև դրա հավանական պարտության թեզն, ամենայն հավանականությամբ, ճիշտ է»,- ասում է քաղաքական վերլուծաբանը և հավելում՝ ենթադրելի է, որ քաղաքական ինչ - որ շրջանակների մոտ կա, առկա է Ալիև - Փաշինյան ուղիղ կապերի մասին փաստող ձայնագրություններ, որոնց հրապարակումն, ինչ -որ փուլում կարող է վճռորոշ լինել։

Ամփոփելով զրույցը, Ալեն Ղևոնդյանը նկատում է՝ակնհայտորեն առկա է այնպիսի իրավիճակ, որ իշխող վարչապետն ամեն ինչ անելու է՝ իշխանությունը չզիջելու համար.«Հիմնական փաստարկն, այստեղ այն է, որ նա հասկանում է՝ որ օրն ինքն իշխանազրկվեց, ամենայն հավանականությամբ, ֆիզիկական անվտանգության հետ կապված կենսական բնույթի սպառնալիքներ է ունենալու։ Այս մասին նա, նույնիսկ, նշել է իր հրապարակային ելույթներից մեկում, ասելով՝ ո՞վ չգիտի, թե ի՞նչ կլինի մեր ու մեր ընտանիքների հետ, եթե մենք չվերընտրվենք։ Ավելին, ակնհայտ է, որ նա փորձում է Հայաստանի շահերը ստորադասելով, մնալ իշխանության և այդ շահերը նա ստորադասում է ո՛չ ավել, ո՛չ պակաս՝ թշնամի երկրների հետ որոշակի գաղտնի պայմանավորվածությունների գնալով։ Նա պատրաստ է հանձնել և՛ Արցախը, և՛ Սյունիքը, և՛ հարվածի տակ դնել ողջ պետության գոյությունը, միայն թե՝ մնա իշխանության ղեկին։ Եվ երկրորդ՝ եթե հանկարծ, առնվազն, չորս շաբաթվա ընթացքում, ոչ այնքան ինտենսիվ ու զանգվածային ցույցերի ֆոնին, Հայաստանի գործող վարչապետը փորձի հետդարձի ուղիներ փնտրել և կամուրջներ հաստատել ընդդիմության հետ՝ քննարկելու անհատապես իր հրաժարականի օրակարգը, ապա կարելի է արձանագրել, որ այն, ինչ տեղի է ունեցել այդ ողջ ընթացքում, 2018 թվականի քաղաքական թատրոնի շարունակությունն էր»։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS