
«Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը կուսակցության նախաձեռնած իրազեկման երթի ընթացքում դիմելով քաղաքացիներին՝ կոչ արեց միանալ պայքարին։
«Այս իշխանություններն ասում էին, որ Հայաստանում հայը պետք է ապրի անվտանգ և ունենա հնարավորություն պլանավորելու իր և իր ընտանիքի կյանքը։ Հայաստանից միայն վերջին տարում դուրս է եկել անվերադարձ 72 000 հայրենակից։ Հայաստանի պարտքը աճել է գրեթե կրկնակի։ Ո′չ աշխատավարձ, ո′չ թոշակ, ոչինչ չի բարձրացվել։ Հայն ապրում է ավելի վատ, ապրում է ավելի վտանգավոր պայմաններում։Սահմանապահ ժողովուրդն ամեն օր կյանքեր է կորցնում, ապրում են թշնամու ուղիղ նշանառության տակ։ Այս դեպքում կա մեկ լուծում ՝ «Հայաստան, ոտքի′», «Արցախ ոտքի′», «հայ ազգ, ոտքի′»։
Հակոբյանն իր ելույթում շեշտեց, որ այս անգամ գնալու են մինչև վերջ և պայքարը լինելու է վճռական։
«Իշխանափոխությունը շատ կարճ ժամանակում լինելու է, մեր պայքարը լինելու է հաղթական ավարտով։ Մենք ունենալու ենք անվտանգ, զարգացող Հայաստան, ուժեղ և ինքնիշխան Արցախ և ապրելու ենք՝ «Առանց թուրքի Հայաստան»»,-հայտարարեց նա։