TOP նոր
» » » Ավետիք Չալաբյան. Մեզնից յուրաքանչյուրն այսօր ճակատագրական ընտրության առաջ է կանգնած

Ավետիք Չալաբյան. Մեզնից յուրաքանչյուրն այսօր ճակատագրական ընտրության առաջ է կանգնած

23-08-2022, 10:39 Դիտումներ: Քաղաքական, Հասարակություն, ՕՐՎԱ ԹԵՄԱ
23 Օգոստոս 2022, 10:39 - NovostiNK
Ավետիք Չալաբյան. Մեզնից յուրաքանչյուրն այսօր ճակատագրական ընտրության առաջ է կանգնած

Հասարակական-քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանն այսօր ուղերձ է հղել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից, որում, անդրադառնալով ՀՀ անկախության հռչակագրի ընդունման 32-րդ տարեդարձին կոչ է արել անել ՀՀ քաղաքացիներին Հանրապետության հրապարակ գնալ ժամը 17:00-ին և մասնակցել հավաքին:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ,

Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի ընդունման 32-րդ տարեդարձը։ Այս հռչակագիրն ընդունվել է, երբ դեռ կանգուն էր Խորհրդային Միությունը, սակայն նրա կազմաքանդման արագացող ընթացքը մեզ` հայերիս, վստահություն էր ներշնչում, որ մենք վերջապես կվերականգնենք մեր անկախ պետականությունը, կկարողանանք ազատագրել և միավորել նրան Արցախը, և կկառուցենք իրապես ազգային երկիր, գրավիչ բոլոր հայերի համար։ Մենք այդ պահին լավագույն իղձերը և նպատակները դրեցինք այս հողակտորի մեջ և դուրս եկանք նավարկության՝ փոթորկահույզ օվկիանոսի ալիքներին ընդառաջ։

32 տարի անց մեր հասած հանգրվանը հակասական է։ Մի կողմից, առերևույթ մենք ունենք անկախ պետականություն, մյուս կողմից՝ նրա իրական ինքնիշխանությունը սահմանափակ է և շարունակում է նվազել։ Մի կողմից, հերոսական ճիգով մենք կարողացանք ազատագրել Արցախը, մյուս կողմից, չկարողանացանք ազատագրածը պահել և օր օրի շարունակում ենք կորցնել այն, ինչ ազատագրել և շենացրել էինք մի ողջ սերնդի մաքառման արդյունքում։ Մի կողմից մեր երկիրը արտաքուստ զարգանում է, մյուս կողմից, նրա բնակչությունը շարունակում է անկասելիորեն նվազել, և այն ոչ միայն դարձել է հայության հավաքական ազգային հանգրվանը, այլև մեր աչքերի առաջ շարունակում է կորցնել իր ազգային դիմագիծը։

Մենք իրականում գտնվում ենք այսօր մեր պատմության ճակատագրական երկընտրանքի առջև։ Մենք այսօր կամ պետք է նոր շունչ ու իմաստ հաղորդենք մեր անկախ պետականության տեսլականի, կամ պետք է համակերպվենք այն մռայլ գիտակցության հետ, որ ամեն անցած տարին շարունակելու է նվազեցնել մեր ինքնիշխանությունը, մինչև մենք վերադառնանք այն ստորադրյալ կարգավիճակին, որում ապրել էինք դարերով։ Մենք կամ պետք է արժեվորենք պատմական հայրենիքի այս վերջին հատվածում ազգային պետության բարձրագույն առաքելությունը, և պատրաստ լինենք անձնական զոհողությունների՝ այն նյութականացնելու համար, և կամ էլ համակերպվենք, որ մեր ազգային առաքելությունը սպառված է, և հեռանանք օտար ափեր՝ անձնական անվտանգության և բարեկեցության փշրանքներ ձեռք բերելու հույսով։

Մեզնից յուրաքանչյուրն այսօր ճակատագրական ընտրության առաջ է կանգնած, և այն բնավ հեշտ չի։ Այդ ընտրությունը յուրաքանչյուրս պետք է անենք առանձին, բայց և բոլորս՝ միասին, օգնելով և ոգեշնչելով մեկմեկու։ Աստված պահապան և զորավիգ բոլոր նրանց, ովքեր իրենց ընտրությամբ իրականության կտանեն հայոց դարավոր երազանքը»:

Հիշեցնենք, որ «Համախմբում» շարժման անդամ, ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանն այսօր` օգոստոսի 23-ի ժամը 17:00-ին, հանրահավաք է հրավիրել Հանրապետության Հրապարակում: Բազմաթիվ հասարակական գործիչներ արձագանքել են Ղազարյանի կոչին և հայտնել, որ լինելու են հրապարակում:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS