
Մի խոսքով՝ ամենավատ վիճակում, բառերն էլ դժվար եմ ընտրում»,- ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասաց ՀԱԿ ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե ինչպիսի «ժառանգություն» թողեց Տ. Սարգսյանը իրեն փոխարինողին: Սակայն այս ամենին զուգահեռ Տ. Սարգսյանի անձնական միջոցները անցնող տարիների ընթացքում կտրուկ աճեցին: «Այս տարիների ընթացքում ամենամեծ լավությունը, որ արել է, դա իր եւ իր մոտ շրջապատի անձնական սեփականությունը մեծացնելն է եղել: Այս բոլոր «տնտեսական աճերը» եւ այլն, որ ներկայացվել է, դրանք ընդամենը վերաբերել են իրենց: Ես եւ իմ համախոհները միշտ առիթ ենք ունեցել ասելու, որ այս քաղաքականությունը, որ վարվում է ՀՀ-ում, իր պաշտոնավարության ժամանակաշրջանում, դա կործանարար է, եւ Հայաստանի նման պետությունը չի կարող դիմանալ անհավասար մրցակցային պայմաններում, տնտեսության ազատության սահմանափակումների պարագայում Հայաստանը չի կարող զարգանալ»,- ասաց տնտեսագետը: Վ. Խաչատրյանի խոսքերով՝ Տ. Սարգսյանի առջեւ դրված չի եղել երկրի տնտեսության զարգացումը, այլ իշխանության մոտ կանգնած քաղաքական ուժերի, տնտեսվարողների եկամուտները ավելացնելը:
Իսկ Տիգրան Սարգսյանը Հայաստանի 12-րդ վարչապետն էր, ով կառավարությունը ղեկավարեց 6 տարի: Այդ պաշտոնում իր երկարակեցությամբ նա երկրորդն էր Անդրանիկ Մարգարյանից հետո, ով գործադիր իշխանությունը ղեկավարեց շուրջ 7 տարի: 2008 թվականին, երբ Տիգրան Սարգսյանը նշանակվեց վարչապետի պաշտոնում, երկրում համախառն արդյունքի աճը կազմեց 6.8 տոկոս, որը նախատեսվածից մի քանի անգամ ցածր էր: Իսկ 2009 թվականին արձանագրված համաշխարհային տնտեսական ճգնաժամը զգալի հարվածներ հասցրեց նաեւ Հայաստանի տնտեսությանը: Երկրի տնտեսությունը անկում ապրեց շուրջ 15 տոկոսով: Եվ չնայած այս հանգամանքին՝ արդեն նախկին վարչապետը պարբերաբար հայտարարում էր, թե ֆինանսատնտեսական ճգնաժամը հաղթահարված է եւ որ այն գնացել է մեր երկրից: Մինչդեռ սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը մեղմելու ուղղությամբ քայլեր այդպես էլ չձեռնարկվեցին: Երկրում առկա համատարած աղքատության, գործազրկության մակարդակի բարձր պայմաններում, սակայն, անցնող տարիներին Տ. Սարգսյանի անձնական միջոցները շեշտակի աճեցին: Այսպես, երբ 2008 թվականին Սարգսյանը նշանակվեց Հայաստանի վարչապետ, իր ներկայացրած հայտարարագրի համաձայն նա անձնական հաշիվներում ունեցել է 17 միլիոն 247 հազար դրամ եւ 22 հազար դոլար: 2009 թվականին նա արդեն ուներ 17 միլիոն 247 հազար դրամ եւ 22 հազար 116 դոլար: Իսկ ահա 2011 թվականի վերջին Տ. Սարգսյանի դրամական միջոցները կտրուկ ավելացան՝ կազմելով 35 միլիոն դրամ եւ 859 հազար դոլար: Ի դեպ, հրապարակումների համաձայն, օրինակ, այդ տարի նրան եկամուտ էր բերել նաեւ 3 միլիոն 334 հազար 80 դրամ աշխատավարձը, 211 հազար դրամ՝ դասախոսությունից ստացած վճարը, ինչպես նաեւ 3 տարբեր ավանդներից ստացած տոկոսավճարները, համապատասխանաբար` 12 մլն 30 հազար, 214 հազար 221 եւ 16 միլիոն 897 հազար 257 դրամ: