TOP նոր
» » » Բենգալյան կրակներից սարսափելու իմաստը

Բենգալյան կրակներից սարսափելու իմաստը

21-11-2013, 17:05 Դիտումներ: Հասարակություն, Վերլուծական
Բենգալյան կրակներից սարսափելու իմաստը
21 Նոյեմբեր 2013, 17:05 - NovostiNK
Հիմա, փաստորեն, այնպես են անելու, որ մեր ընկերների մասին կեդանության օրոք հուշեր գրենք: Շանթ Հարությունյանին ավելի լավ, քան Վահրամ Մարտիրոսյանը բնութագրեց` չի ստացվի. «Սպիտակ մազերով երեխա Շանթը հիշեցրեց հանրությանը Բաղրամյան 26-ի տեղը»: Իսկ երեխան միշտ ասում է այն, ինչի մասին մեծերը «խոհեմաբար» չեն համարձակվում: Շանթ Հարությունյանը 1994 թ.-ին առաջին անգամ ինձ ներկայացավ որպես Շանթ, որի հետ ինձ հանձնարարված էր հարցազրույց վարել: Հարցազրույց չկար, որովհետև Շանթը մենախոսում էր: Ես սոսկումով մտածում էի, թե էս հայերենից ոնց պիտի հարցազրույցի հայերեն սարքեմ ու ընդհանրապես՝ էս ուր եմ ընկել: Ես սթափվեցի միայն, երբ ինքը ասում էր՝ «հիշում ես, չէ՞, Նիցշեն ինչ էր ասում էսինչ գլխում»: Դե, բնականաբար, ես 24 տարեկանում ուրիշ ինչ կարող էի հիշել, եթե ոչ Նիցշեի գլուխները անգիր, մանավանդ, որ երբևէ չէի կարդացել: Ես կուլտուրոլոգիական շոկի մեջ էի, որովհետև Շանթը խոսում էր բակի հայերենով, բայց ասում էր բաներ, որ ես էդ պահին հասկանում էի, որ հետո եմ հասկանալու: Շանթը ավարտեց իր մենախոսությունը մոտավորոպես 3 ժամից: Խմբագրությունում ասել էի. «Լավ, մտածու՞մ եք՝ ուր եք ուղարկում հարցազրույցի. հիմա, որ բռնեմ ու էդ հայերենով էլ սարքեմ հարցազրույցը, լավ կլինի՞»: Ու երևի մի երկու բան էլ էի ասել, ու խմբագիրս, որ Շանթի ընկերն էր, իմ խոսքերը փոխանցել էր իրեն: Հաջորդ օրը Շանթը եկել էր ներողություն խնդրելու՝ «ես սիրուն չեմ խոսում, ժարգոնով եմ խոսում, բայց ես կարևոր բաներ եմ ասում, իսկականից»: Ես սովորաբար աշխատում եմ չարթնացնել խղճիս խայթը, որովհետև շատ ծանր եմ տանում նրա արթնացումը, բայց այդ դիպվածի համար ինձ շատ երկար ժամանակ լավ չէի զգում, մանավանդ, որ Շանթն ամեն հանդիպման ժամանակ արդարանում էր:

Իսկ ինքը իր բակի հայերենով հազար ու մեկ անգամ ավելի խելոք է խոսում, քան բազմաողորկ ու երբեմն «մյախկի զնակով» հագեցած հայերենի վարպետության դասեր տվող շատերը:
Մի քանի տարի առաջ Շանթը ասել էր, որ 88 -ի շարժման ամբողջ ծանրությունն ընկավ 60-ականների սերնդի վրա, իսկ նոր Հայաստանի ղեկն իր ձեռքը վերցրեց 40-ականների սերունդը: Եվ եթե այդպես չլիներ, այլ նրանք, ովքեր կրել էին ծանրությունը, իրենք էլ լինեին երկրի ղեկին, երևի այլ բան կստացվեր: Վստահ եղե՛ք, ինքն իրեն նկատի չուներ` նա զերծ է էդ կարգի նկրտումներից:

Շանթը` «սպիտակած մազերով երեխան», իր բենգալյան կրակներով դուրս եկավ փողոց: Մինչ այդ նա մի քանի անգամ աչքովս ընկավ ՖԲ-ում. բանավիճում էր: Տարօրինակ էր` ֆեյսբուքյան հերոսամարտը իր տեղը չէր: ՈՒ շատ արագ Շանթը կողմնորոշվեց` ուժեր չունի հեղափոխության, հետևորդներ՝ նույնպես, այսպես մնալ անկարելի ամոթ է, ու ինքը մենակ դուրս եկավ՝ իր զզվանքը տեղ հասցնելու, նաև ցույց տալու իր՝ «խելառի» հակակրանքը մեր էլեգանտ սնոբիզմի հանդեպ՝ առանց այդ մասին մտածելու: Շանթը լուծեց իր անձի ազատության հարցը կալանքով: Անձի ազատության տարբերակն այս պայմաններում կալանքն է, որովհետև կոկիկ կոստյումի մեջ զմրսված Շանթի հասակակից ու ավելի ջահել հաջողակ չինովնիկն այսօր, որի զգլխիչ օծանելիքի շլեյֆը կարող է արքունական պալատի հավերժության հոտ թվալ` անհամեմատ ավելի անազատ է, քան «սպիտակած մազերով երեխան», որին դատարանի դահլիճից ուշ երեկոյան տանում են հոգեբուժարան, ու նա իրեն ձեն տված լրագրողին ասում է՝ «սիգարետս պրծել ա» ու մտնում մեքենա: Սա է կործանարար պարադոքսը երկրի: Շանթի հեղափոխությունը իր անձի ազատության տեսանելի, բայց ոչ ցուցադրական մատուցումն էր: Նա իր բենգալյան կրակներով, բնականաբար, Բաղրամյան 26 չէր պայթեցնելու, իշխանափոխություն չէր անելու, նա պարզապես ուզում էր բարձրաձայն ցույց տալ. «Պարոնա՛յք, թու՛յլ տվեք ասել, որ ես ձեզնից զզվում եմ ու այլևս չեմ դիմանում, հա, մեկ էլ, ես ձեզնից հեչ չեմ վախենում»: Միգուցե սրա համար են հոգեկան հիվանդ հանում, որ մեզ ցույց տան, թե իրենցից չվախեցողը միայն հոգեկան հիվանդ կարող է լինել:

Բենգալյան կրակներով այս հեղափոխությունը հուշեց, որ աշխարհում կարող է լինել նաև միայնակ հեղափոխություն… Մեկը հացադուլի է նստում, մյուսը` իրեն նետում է կամրջից: Իսկ ո՞վ ասաց, որ ամիսը մի քանի անգամ հուսահատությունից իրեն կամրջից նետողը նույնպես հեղափոխության իր ձևը չի գտել: Թե՞ կենցաղային հող է, երբ գործազուրկ, ընտանիքում այլևս նախկին հարգանքը չվայելող տղամարդը, երբ իր կարճամետրաժ խելքով սկսում է խաղալ ու տանուլ տալիս տունն ու մնացած ունեցվածքը ու գնում իրեն ցած է նետում` կենցաղային հող է: Սրանից էլ սոցիալ–քաղաքական հո՞ղ: Սա էլ է հեղափոխություն: Նրանք է՞լ են հոգեկան հիվանդ: Արտագաղթն էլ է հեղափոխության ձև: Ինչու՞ չէ, որ: Եթե մարդիկ չեն կարողանում միասին փրկել երկիրը, սկսում են առանձին–առանձին փրկել իրենց ինչ-որ բանը: Չեմ կարող ասել կյանքը, որովհետև այդ կյանքն այլևս կիսատ է: Գուցե փրկում են կենսակյանքը: Իսկ մենք չշեղվենք ու վերադառնանք Շանթին: Հարությունյան Շանթի ծխախոտը վերջացել էր: Դատարանը, որտեղ որոշում էին ուղարկել նրան դատահոգեբուժական փորձաքննության, թե՝ ոչ, ըստ լուրերի՝ «վերցված էր ուժեղ հսկողության տակ»: Փա՛ռք քեզ, Աստվա՛ծ, Շանթը չի կարող ավերել քաղաքը: Վստահ չեմ, թե 53 ապացուցված սպանության մեջ մեղադրվող Չիկատիլոյին այդպես «վերցրել էին ուժեղ հսկողության տակ»: Ինչ լավ է, որ կարողանում եք հանգցնել բենգալյան կրակները ու ձեռքերն օլորած տանել դատարան, հետո՝ հոգեբուժարան, մի ոչ հաղթանդամ տղայի, որի համարձակությունը ուզում եք բացատրել անմեղսունակությամբ:

Շանթ Հարությունյանն ընտրեց կալանքը որպես ազատության ձև. սա է կատարվածի փիլիսոփայությունը: Առողջ կոստյումներին` արևշատություն… Իսկ Շանթը ձեզնից չվախեցավ…

Լուսինե Հովհաննիսյան
Zham.am

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS