TOP նոր
» » » Դրանք սովորական աշխատանքային կադրեր են. երեւույթը դրանց հեղինակների մասին է. վարչապետը՝ թավշյա կառավարման մասին

Դրանք սովորական աշխատանքային կադրեր են. երեւույթը դրանց հեղինակների մասին է. վարչապետը՝ թավշյա կառավարման մասին

20-04-2020, 12:57 Դիտումներ: Հասարակություն, Տեսանյութ, ՕՐՎԱ ԹԵՄԱ
Դրանք սովորական աշխատանքային կադրեր են. երեւույթը դրանց հեղինակների մասին է. վարչապետը՝ թավշյա կառավարման մասին

20 Ապրիլ 2020, 12:57 - NovostiNK
Իրենց տրված շանսը չարաշահած կամ այդ շանսից չօգտված մարդիկ պետք է դուրս շպրտվեն պետական կառավարման համակարգից: Այն, ինչ եղավ 2018-ի այս օրերին, էմոցիոնալ մի բան էր. իրական հեղափոխությունը հիմա է տեղի ունենում:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով թավշյա կառավարման եւ հենց այդ թավիշի համար իրենց ուղղված մեղադրանքների մասին:

«Մաֆիոզ մտածողությունը մեր իրականության մեջ շատ խոր արմատներ ունի: Դա Հայաստանը կիսելու մղումն է, ազդեցության ինչ-որ ոլորտ, եկամտի ինչ-որ հատված կիսելու մոլուցքն է, երբ հարցնում են՝ ե՞րբ ենք, ի վերջո, կիսելու: Իմ 2 տարվա կառավարման ժամանակ սա ամենամեծ խնդիրներից է եղել՝ բաժանել ժոովրդին, բաժանել ամեն ինչ»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձավ ապրիլի 17-ի՝ իր ուղիղ եթերի տեխնիկական կադրերով ստեղծված տեսանյութին, որն արդեն 2 օր է՝ համացանցային ամենաակտուալ քննարկման թեմաներից է:

«Իմ ուղիղ եթերին նախորդող տեխնիկական կադրերի որոշ ռեակցիաներ ինձ զարմացնում են։ Սովետական տարիներին երեխաները մտածում էին, որ ուսուցիչները հաց չեն ուտում, զուգարան չեն գնում. որոշ ռեակցիաներ այդպիսի տպավորություն են թողել։ Շատ վատ երևույթ է տեղի ունեցել, բայց այդ երևույթը դրա հեղինակների մասին է, ոչ թե՝ կադրերի: Դրանք սովորական աշխատանքային կադրեր են, երբ կարգավորվում է սուֆլյորի արագությունը եւ այլն»,- ասաց վարչապետը։ Նրա խոսքով՝ իր հազը շատերին է հուզել: Նախորդ օրերին իր գործընկերները խորհուրդ են, որ վարչապետը կորոնավիրուսի թեստ հանձնի, որի պատասխանը բացասական է եղել։

«Մեզ ոչ մի բան չի խանգարում հիմա էլ տներից հանել հոխորտացող թափթփուկներին եւ «սամասուդ անել», ոչ մի բան չի խանգարում, բայց մենք պահել ենք մեր խոստումը, որ վենդետա չի լինելու: Այո՛, մենք տուժել ենք այդ ամենից, բայց ես չեմ փոշմանում: Ես խոստումս պահելու համար բանտ էլ եմ ընկել, մեքենաս էլ են պայթեցրել, հալածանքների էլ եմ ենթարկվել, բայց իմ խոսքը պահել եմ եւ պահելու եմ»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ կոռուպցիոն մի շարք քրեական գործերով զգալի առաջընթաց կա, որի արդյունքում «Սերժի մնացորդներից» կազատվեն, որովհետեւ նրանք փոխվելու համար 2 տարի ժամանակ ունեին:

Վարչապետը նշեց, որ Հայաստանում հիասթափությունների մեծ շղթա է տիրում: Բոլորը հիսթափված են. «Բոլորը, ովքեր սպասում էին, որ փայ կստանան, բոլորը, ովքեր սպասում էին, որ կպահպանեն իրենց փայը կամ բոլորը, ովքեր մտածում էին՝ կշատացնեն իրենց փայը»:

«Երբ գործարարները հարցնում են՝ ի՞նչ անենք, ասում եմ՝ աշխատեք, հարկ վճարեք: Ես նրանց աչքերում հիասթափություն եմ տեսնում: Նրանք մտածում են՝ ես ձե՞ռք եմ առնում»,- ասաց վարչապետը՝ նշելով, թե կա խումբ, որը մտածում է՝ կշարունակի իր նախկին արտոնությունները պահել, բայց չի կարող այդպես լինել:

Նիկոլ Փաշինյանը նաեւ նշեց, որ բոլորը զարմանում են, թե ինչպես է հնարավոր, որ վարչապետի հասցեին ինչ ասես գրում են՝ ամենավերջին հայհոյանքները, ամենավատ բառերը, ոչ միայն սոցցանցերում, նաեւ՝ մամուլում:

«2018-ից առաջ երբեւէ նման բան չէր եղել. հիմա չեն վախենում, թե կխփեն, պատերի տակ կծեծեն: Նույնիսկ լրատվամիջոցների 90 տոկոսը պետական համակարգից փող է ստացել, եւ հիմա բոլորը կատաղած են, որ առաջ ստացել են, հիմա չեն ստանում կամ վախվխելով են ստանում: Ով օգտվել է փոխվելու շանսից, կմնա, ով չարաշահել է թավիշը, դուրս կշպրտվի, եւ դա կադրային ջարդ չի լինի, դա իրենց տրված շանսից չօգտվելն է»:

Անդրադառնալով դատական համակարգին՝ վարչապետն ասաց, որ շուտով գալու է «վնգստացող» դատավորների պատասխան տալու ժամանակը։

«Վնգստացող դատավորների հերթն է գալիս, որոնք «վեշերը» պիտի հավաքեն, հեսա Սահմանադրական դատարանի հերթը կգա՝ կորոնավիրուսային դատարանի, որոնք փրկվեցին և ժամանակ են շահում կրոնավիրուսի շնորհիվ։ Բոլորի հերթը գալու է։ Ես կասկածելու տեղիք չունեմ, ինձ ոչ մեկ չի կարող կանգնեցնել, բացի ժողովրդից, ես ոչ մի բանի առաջ չեմ կանգնի: Բոլոր կոռուպցիոներներից կոպոկ-կոպեկ հետ եմ բերելու, տներն ու դղյակները ձեռքներից առնելու ենք»,- ասաց վարչապետը։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS