TOP նոր
» » » Հավատացած ենք՝ ունենալու ենք մեր երազանքների Հայաստանը. վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ

Հավատացած ենք՝ ունենալու ենք մեր երազանքների Հայաստանը. վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ

28-05-2020, 11:15 Դիտումներ: Հայաստան » Հասարակություն
28 Մայիս 2020, 11:15 - NovostiNK
Հավատացած ենք՝ ունենալու ենք մեր երազանքների Հայաստանը. վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ

Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպա՛րտ քաղաքացիներ,

Արցախի Հանրապետության հպա՛րտ քաղաքացիներ,

Սփյուռքի հպա՛րտ հայություն,

Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ:

1918 թվականի մայիսի 15-ին Ալեքսանդրապոլը գրավելուց հետո՝ մայիսի 21-ին, թուրքական առաջապահ ուժերը հասել էին Սարդարապատ գյուղ, և թվում էր՝ նրանք անխուսափելիորեն մուտք են գործելու էջմիածին ու Երևան, և հայության մնացած հատվածն էլ դատապարտվելու է ոչնչացման:

Դրությունն օրհասական էր, սակայն պետք էր ոտքի կանգնել՝ ուժերի գերլարումով դիմակայելու մահաբեր գրոհին: Եվ հենց Արամ Մանուկյանը դարձավ հայության ոգու, կամքի ու ուժի մարմնավորումը. միշտ արդարադատ ու վճռական Արամը հուսահատության այդ օրերին ասում էր. «Դեպի գործ և աշխատանք, ու հաղթողը մենք ենք լինելու»:

Հուսահատությունը շուտով փոխվեց ոգևորության: Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսական մարտերում հայ ժողովուրդը մեկընդմիշտ ամրագրեց իր տեղն աշխարհի քարտեզի վրա. մայիսյան հաղթանակների շնորհիվ է, որ ստեղծվեց Հայաստանի Հանրապետությունը:

Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսները դարձան Հայաստանի անկախության կերտողները: Հավերժ փառք Արամ Մանուկյանին, Թովմաս Նազարբեկյանին, Մովսես Սիլիկյանին, Դրոյին, Նժդեհին, Դանիել ու Պողոս Բեկ Փիրումյաններին, եզդիական հեծյալ ջոկատի հրամանատար Ջհանգիր աղային, ողջ հայկական բանակին ու աշխարհազորայիններին, զենքը ձեռքին՝ կռվող հոգևորականներին:

1918 թվականի այսօրվա Եռաբլուրի տարածքում Արամ Մանուկյանի նախաձեռնությամբ աշխատում էին շուրջ 1500 կին ու տղամարդ, նրանք ամրացնում էին դիրքերը. Եռաբլուրը Երևան քաղաքի պաշտպանական վերջնագիծն էր: Սարդարապատի հաղթական ճակատամարտը զերծ պահեց Երևանը գրավվելուց, իսկ Եռաբլուրը տարիներ անց դարձավ յուրատեսակ ուխտատեղի՝ ոգեկոչելու Արցախի ազատության համար կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակը:

Այսօր մենք հավատարիմ ենք Սարդարապատի և Արցախի հաղթական ավանդներին ու պատգամներին, հավատացած ենք՝ ունենալու ենք մեր երազանքների Հայաստանը՝ արդար, բռնությունից զերծ, առաջխաղացման ու փոփոխության ձգտող ստեղծագործ հասարակությամբ, ուժեղ տնտեսությամբ ու է՛լ ավելի ուժեղ ու արդիական բանակով:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Արամ Մանուկյանն ասում էր. «...Դուք պիտի իմանաք, որ ես անոյժ եմ առանց ձեզ: Հերոսը ինքը ժողովուրդն է, և եթե ժողովուրդը պատրաստակամություն ունի... աշխատել ու փրկել հայությունը վերահաս կործանումից, ապա իմ ու ինձ նման շատերի աշխատանքը ապարդիւն չի անցնի»:

Ուստի միասին դեպի գործ և աշխատանք, դեպի մեր երազանքների Հայաստան:

Համոզված եմ՝ Հայաստանի Հանրապետության հաղթական քաղաքացին այլևս երբեք թույլ չի տա պետականության կամ քաղաքացիության կորուստ, ինքնիշխանության և իրավունքի կորուստ, հավատի և լավատեսության կորուստ:

Հայաստանի Հանրապետությունը երկիր մոլորակի վրա պետք է գոյություն ունենա հավիտյան, Հայաստանի դրոշը պետք է հավիտյան ծածանվի՝ խորհրդանշելով մեր ոգին ու հպարտությունը, մեր ազատությունն ու ինքնիշխանությունը:

Եվ ուրեմն՝ կեցցե՛ Ազատությունը,

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,

Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը,

Կեցցե՛ն Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսները,

Կեցցե՛ն Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերը,

Եվ կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS