
«ԴՆԹ-ով անցած, նույնիսկ դեմքով ճանաչելի մարմիններ կան, սակայն երկար ժամանակ գտնվում են դիահերձարաններում, տերերը չեն գալիս, տանեն»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց անհետ կորած զինծառայողի հորեղբայրը՝ Արսեն Ղուկասյանը։
Նա խնդրեց՝ ով չի հանձնել ԴՆԹ, գնան ու հանձնեն.
«Մեզ հասած տեղեկություններով, արդեն օրական 25 մարմնի ԴՆԹ թեստ է արվում: Որպեսզի այդ մարմիններն այդպես չմնան, խնդրում եմ՝ գնացեք, ԴՆԹ թեստ հանձնեք: Եթե տեսնեն այդ մարմինների ԴՆԹ-ները որևէ մեկի հետ չի համընկնում, կմտածեն թուրքի մարմին է, կտանեն, կտան թուրքին: Պատկերացնո՞ւմ եք՝ հանկարծակի հայ երեխու մարմին լինի, մերոնք տան թուրքին, քանի որ որևէ մեկի հետ չի համընկնում ԴՆԹ անալիզը:
Շուրջ 50 մարմնի ԴՆԹ-ն արված է, տերերը չեն կարողանում գտնվել, իսկ թեստ տված մարդկանց անալիզների հետ չի համընկնում»:
Ա.Ղուկասյանը նշեց, որ աճյունների, նաև կենդանի մնացած որոնողական աշխատանքները շարունակում են, սակայն ողջ զինծառայողներ գտնելու մասով որևէ ուրախալի լուր չունի հայտնելու:
«Գոնե թույլ տալիս են, տղերքը մտնում, աշխատում են»,- ասաց անհետ կորած ժամկետային զինծառայողի հորեղբայրը: