TOP նոր
» » » Արցախյան վերջին պատերազմում վնասվածք ստացած շուրջ 150 անձ պրոթեզավորման կարիք ունի

Արցախյան վերջին պատերազմում վնասվածք ստացած շուրջ 150 անձ պրոթեզավորման կարիք ունի

24-02-2021, 13:30 Դիտումներ: Հայաստան » Հասարակություն
24 Փետրվար 2021, 13:30 - NovostiNK
Արցախյան վերջին պատերազմում վնասվածք ստացած շուրջ 150 անձ պրոթեզավորման կարիք ունի


ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալների համաձայն՝ արցախյան վերջին պատերազմից հետո հաշմանդամության կարգ է տրվել շուրջ 600 անձի: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը տեղեկացրեց, որ հաշմանդամության առաջին խումբ ստացել է 82 անձ, երկրորդ խումբ՝ 173, երրորդ խումբ՝ 335:

«Շուրջ 150 անձի հաշմանդամություն առհասարակ չի սահմանվել: Այն անձը, որը առաջնային բուժօղակից ուղեգրվում է բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն, դա դեռ պարտադիր հիմք չէ, որ նա ստանա հաշմանդամության խումբ: Հաշմանդամության խումբ ստանալը կամ չստանալը պայմանավորված է մարդու այդ պահին կենսագործունեության սահմանափակման հիմքով: Ասեմ, որ սահմանված է աջակցություն վերջին պատերազմի մասնակից, բայց հաշմանդամության կարգ չունեցող կամ հաշմանդամության 3-րդ խումբ ունեցող անձանց համար: Ֆինանսավորումը 500 հազարական դրամի չափով է»,-ասաց Տաթևիկ Ստեփանյանը:

Նախարարի տեղակալը նշեց, որ հաշմանդամության խմբերի սահմանման համար միշտ եղել է տնայցերի գաղափարը: Այսօր էլ փորձաքննությունն իրականացվում է թե բժշկական-սոցիալական փորձաքննության գրասենյակում, թե հիվանդի տանը, թե հիվանդանոցում: Նախարարությունը հատուկ ընթացակարգ է նախաձեռնել պրոթեզավորման համար: Նոր ընթացակարգի համաձայն՝ ստեղծվել է բազմամասնագիտական խումբ, որը բաղկացած է նեղ մասնագետներից՝ օրթոպեդ, վնասվածքաբան և այլն: Խմբերը շրջայցեր են կատարում և, բացի տեղում անձի ֆունկցիոնալությունը գնահատելուց, կատարում են նաև տեղանքի գնահատում: Վերհանվում են անձի մասնագիտական, ինչպես նաև ընտանիքի ամբողջ կարողությունները:

Վերջին տվյալների համաձայն՝ պատերազմի հետևանքով վնասվածք ստացած շուրջ 150 անձ պրոթեզավորման կարիք ունի: Նրանցից 99-ին արդեն մասնագիտական խմբերն այցելել են:

«Հայաստանում ներկայում գործում է որակավորված 4 պրոթեզարան: Նախարարությունը շահառուին տրամադրում է պետական հավաստագիր, որը հնարավորություն է տալիս շահառուին գնալ, ընտրել այն պրոթեզարանը, որն ինքը ցանկանում է: Ուղղորդում չլինելու համար, մենք թողնում ենք, որ շահառուն ինքը ընտրի: Պրոթեզավորման կարիք ունեցող 99 անձի կարիքների գնահատման տվյալները դիտարկելով՝ կարող եմ այս պահին ասել, որ արտերկրում պրոթեզավորում իրականացնելու կարիք չկա: Հայաստանում պրոթեզարանների կարողություններն այնպիսին են, որ այստեղ կարող ենք այդ գծով անհրաժեշտ, որակյալ ծառայությունները տրամադրել» ,-ասաց Տաթևիկ Ստեփանյանը:

Նախարարի տեղակալը վստահեցրեց, որ առաջիկայում այս ուղղությամբ բարեփոխումները շարունակվելու են: Աշխատանքներ են տարվելու պրոթեզարանների կարողություններն ավելացնելու, հաշմանդամներին տրամադրվող աջակցող պարագաների ցանկն ընդլայնելու և այլ հարցերի ուղղությամբ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS