TOP նոր
» » » Քիմիայի ինստիտուտի գիտաշխատողները կառավարության շենքի դիմաց են. Այս անգին կառույցը վերացման եզրին է կանգնելու

Քիմիայի ինստիտուտի գիտաշխատողները կառավարության շենքի դիմաց են. Այս անգին կառույցը վերացման եզրին է կանգնելու

29-07-2021, 12:22 Դիտումներ: Հայաստան » Հասարակություն
29 Հուլիս 2021, 12:22 - NovostiNK
Քիմիայի ինստիտուտի գիտաշխատողները կառավարության շենքի դիմաց են. Այս անգին կառույցը վերացման եզրին է կանգնելու


ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները, գիտաշխատողներն ինստիտուտ գնալու փոխարեն կառավարության շենքի դիմաց են գնացել՝ բարձրաձայնելու իրենց խնդիրները և հիշեցնելու «Գիտությունը պետության հիմքն է», «Գիտությունը անվտանգություն է», «Չկա գիտություն, չկա ապագա»,

«Նման տիպի ենթակառուցվածքներով ինստիտուտ Հայաստանն այսօր չի կարող իրեն թույլ տալ կառուցել։ Այս անգին կառույցը վերացման եզրին է կանգնելու, հենց ոչ գիտական նպատակով շինարարություն սկսի»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց ինստիտուտի աշխատակից։
Աշխատակիցները նշում են, որ իրենց խնդիրը ոչ թե կառուցապատողի հետ է, այլ կառավարության։

«Մեր խնդիրն այն է, որ կառավարությունն ունենա հստակ դիրքորոշում, թույլ չտա կառուցապատման իրականացում»,-նշում են նրանք։

Ակցիայի մասնակիցները նամակ են փոխանցել Վահան Քերոբյանին, վերջինը, ըստ ակցիայի մասնակիցների ասել է, հարցը կքննարկեն։ ԿԳՄՍ նախարարը չլսեց գիտական հաստատության աշխատակիցների խոսքը. «Ուշանում եմ, հետո»։

«Հարցը վերաբերում է գիտական հիմնարկին»,-ասաց ակցիայի մասնակիցը։
«Տեղյակ եմ, բայց ուշանում եմ»,-ասաց նա ու արագ մտավ կառավարության շենք։

Բանն այն է, որ Ազատության պողոտայի սկզբնամասում գտնվող ՊՈԱԿ-ի նախկին տարածքում կառուցվելիք բարձրահարկ համալիրը վտանգի տակ է դնելու կենտրոնի գոյությունը:
Կենտրոնի աշխատակիցներն, անթույլատրելի են համարում քիմիական գիտատեխնոլոգիական գործունեությամբ զբաղվող կենտրոնի օտարված տարածքում՝ ջրավազանի տեղը բարձրահարկ բնակելի համալիրի կառուցումը:
Նրանք պնդում են, որ գիտատեխնոլոգիական կենտրոնը և բնակելի շենքը պարզապես անհամատեղելի են՝ մի շարք պատճառներից ելնելով։

Ավելի վաղ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ը տարածել էր հայտարարություն՝ նշելով խախտումների ու հնարավոր վտանգների մասին.
«Մասնավորապես՝
• 30 մետր շառավղով գործող քիմիական լաբորատորիաների անմիջապես հարևանությամբ շենք կառուցելն օրենքով արգելվում է։
• Կենտրոնում առկա սարքերից երկուսը, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտավորապես 1,000,000 ԱՄՆ դոլար, շատ զգայուն են և ցանկացած ցնցումից կարող են վնասվել և այլևս չաշխատել։ Սարքերից ամենանորը՝ 600,000 եվրո արժողությամբ գերժամանակակից միջուկա-մագնիսական ռեզոնանսի (ՄՄՌ) սարքը, տարածաշրջանում նմանատիպ միակ հատուկ սարքն է, առանց որի Հայաստանի բոլոր քիմիկոսներն ուղղակի չեն կարող աշխատել։ Ֆիզիկոսները և կենսաբանները ևս օգտվում են այդ սարքից, քանի որ շատ փորձարարական աշխատանքներ անմիջապես դրա հետ են կապված:

• Չնայած ինստիտուտը գիտահետազոտական է և արտանետումները արտադրական մասշտաբների չեն, սակայն բոլոր մասնաշենքերում իրականացվող հետազոտությունների ժամանակ լինում են արտանետումներ՝ թե՛ հոտավետ, թե՛ թունավոր նյութերի։ Քանի որ կառուցվող բնակելի շենքը գտնվելու է անմիջապես ինստիտուտի հարևանությամբ, բնակիչները, ամենայն հավանականությամբ, ինստիտուտի դեմ բազմաթիվ բողոքներ են ներկայացնելու։ Հարց է առաջանում՝ այդ ժամանակ կենտրո՞նն է փակվելու, թե՞ նորակառույց շենքն են քանդելու։
• 2007թ.-ին ապօրինի կերպով ինստիտուտը զրկվել է ջրավազանն օգտագործելու հնարավորությունից։

Սեփականատերը բետոնապատել է ջրավազանի ջրի մուտքն ու ելքը՝ զգալիորեն նվազեցնելով ինստիտուտի անվտանգության մակարդակը։ Ջրավազանը ոչ միայն անվտանգային ջրի պաշար է, այլև հանդիսանում է միկրոկլիմայի և միկրոէկոլոգիական համակարգի ամենակարևոր մասը։ Ջրավազանի անվերադարձ կորուստը վերջնականապես կվտանգի ինստիտուտի բազմապրոֆիլ գործունեություն ծավալելու հեռանկարները։
• Կառուցապատողները, բացի բարձրահարկ շենքից, նախատեսում են կառուցել գետնանցումներով ներքին ավտոկայանատեղի։ Այդտեղ սպասվող շինարարական աշխատանքները անմիջապես վտանգելու են կենտրոնի մասնաշենքերի տակ գտնվող քիմիական պահեստները։
• Կենտրոնն իր մասնաշենքերով և ջրավազանը՝ որպես մեկ համալիր պատմամշակութային արժեք է։ Մասնավորապես, ջրավազանի կողքն է գտնվում քիմիական գիտությունների դոկտոր Արմենակ Մնջոյանի կիսանդրին, որը հատուկ պահպանվող հուշարձան է: Ավելին. Ջրավազանի հիմնական խողովակը հին ժամանակներում կառուցված ջրատարի մի հատվածն է:
Նշենք, որ հուլիսի 21-ին Կառավարությունում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել, որի ընթացքում քննարկվել են էկոնոմիկայի նախարարության և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի կողմից ուղեկցվող ներդրումային ծրագրերի իրականացման հետ կապված խնդիրները: Քննարկված առաջին ներդրումային ծրագիրը վերաբերում էր Երևանի Ազատության պողոտայի սկզբնամասում, այսինքն՝ քիմիական կենտրոնի տարածքում վերոնշյալ բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցմանը:

Ծրագրի իրականացման հետ կապված խնդիրն առնչվում է կառուցապատվող տարածքում պատմամշակութային ջրանցքի առկայությանը: Հանձնարարվել է 10-օրյա ժամկետում ներդրողին ներկայացնել պատմամշակութային ջրանցքի պահպանության հետ կապված բոլոր պահանաջներն ու չափորոշիչները:

Մեզ համար անընդունելի է, որ նիստի ժամանակ առհասարակ քննարկման չի դրվել այն հարցը, որ կառուցապատումը նախատեսվում է իրականացնել քիմիական գիտահետազոտական կենտրոնի տարածքում։

Ներկայումս ՕԴՔԳՏԿ-ն ՀՀ ռազմավարական նշանակության կենտրոններից մեկն է:
Ցավով պետք է արձանագրենք, որ Հայաստանում գիտության դերն ու նշանակությունը կառավարական օղակներում դեռ չի արժևորվում: Մեր կենտրոնի շուրջ ծավալվող իրադարձությունները փակում են հետագա զարգացման հնարավորությունները և առհասարակ հարցականի տակ են դնում կենտրոնի լիարժեք գործունեությունը և գոյությունը»։


Աղբյուրը՝ Panorama

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS