TOP նոր
» » » Քարվաճառն ազատագրողը՝ Մոնթե Մելքոնյան

Քարվաճառն ազատագրողը՝ Մոնթե Մելքոնյան

25-11-2021, 10:02 Դիտումներ: Հասարակություն, ՕՐՎԱ ԹԵՄԱ
Քարվաճառն ազատագրողը՝ Մոնթե Մելքոնյան

25 Նոյեմբեր 2021, 10:02 - NovostiNK
«Դժվար էր մեր ուղին, բայց նպատակը վեհ էր…իսկ դեպի վեհ նպատակ տանող ուղին հաղթանակ է»: Հայաստանի Հանրապետության և Արցախ Հանրապետության Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի խոսքերն են, ում ղեկավարությամբ 1992 թ. ազատագրվել էր Քարվաճառը, Օմարի լեռնանցքը:

Այսօր` նոյեմբերի 25-ին, լրանում է Մոնթե Մելքոնյանի՝ Ավո մարտական անվամբ, ծննդյան 64-րդ տարելիցը:

Նա ծնվել է 1957 թվականին ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքից ոչ հեռու՝ Վայսեյլի ավանում։ Դեռ փոքրուց իմացել է, որ հայ է։ Եղել է Արևմտյան Հայաստանում, ուսումնասիրել է 1915 թվականի Հայոց ցեղասպանության պատմությունը։ Մոնթեի ավարտական թեզը նվիրված է եղել Վանի թագավորության ժայռափոր դամբարանների ուսումնասիրությանը. թեզը պաշտպանում է 1978թվին։ Արժանանում է կրթաթոշակի՝ Օքսֆորդի համալսարանում դոկտորական պաշտպանելու համար։ Սակայն Մոնթեն Անգլիա չի մեկնում, նա գնում է Արևմտյան Հայաստան՝ Վասպուրականի ժայռափոր դամբարանները և կացարանները չափագրելու և ուսումնասիրելու համար։

1980 թվականից անդամագրվելով Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին՝ կարճ ժամանակում դարձել է նրա ղեկավարներից մեկը։ 1981 թվականին նրա մասնակցությամբ կազմակերպվել է հայտնի Վան ռազմագործողությունը: 1981 թվականի նոյեմբերի 11-ին Ֆրանսիայի Օռլի օդանավակայանում Մոնթեն ձերբակալվել է կեղծ անձնագիր և ատրճանակ կրելու մեղադրանքով։

Նա սկզբում դատապարտվել է 4 ամսվա ազատազրկման, իսկ ավելի ուշ դատարանը որոշել է վտարել նրան Ֆրանսիայից։ Դատարանում Մոնթեն հայտարարել է՝ «Բոլոր հայերը կեղծ անձնագրեր են կրում՝ ֆրանսիական, ամերիկյան, դրանք կեղծ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք հայկական չեն...»։ 1985 թվականին նա նորից կեղծ անձնագրով ժամանել է Ֆրանսիա և մի քանի ամիս անց նորից ձերբակալվել «ահաբեկչություն» կազմակերպելու մեղադրանքով։ Մոնթեն բանտից դուրս է եկել 1989 թվականի հունվարի 16-ին։

Հոդվածներով հանդես է եկել Փարիզի «Հայ Պայքար» և Լոնդոնի «Կայծեր» թերթերում, «Սարդարապատ» ամսագրում, նաև անգլերեն մի շարք գրքերում՝ հայոց ազգային հարցերի արդարացի պահանջի և իրավունքի մասին, որոնք լույս են տեսել Լոնդոնում։

Մոնթե Հայաստան է եկել այն այն ժամանակ, երբ արդեն սկսվել էր Արցախյան ազատագրական պայքարը: 1991 թվին, բանտից ազատվելուց հետո, Մոնթեն եկել է Երևան, յոթ ամիս աշխատել է Գիտությունների ակադեմիայում «Հայաստանը և հարևանները» գիրքը գրելու և հրատարակելու նպատակով։ Այստեղ նա ընդունել է Ավո կեղծանունը և 1991 թվականի սեպտեմբերին մեկնել Արցախ:

Մի քանի ծանր մարտերից հետո` 1992 թվականի հունվարին Մոնթեին հանձնարարում են Մարտունու շրջանի ինքնապաշտպանության ուժերի հրամանատարի պարտականությունները, Մարտունին դառնում է ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը: 1993-ի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվել է Քարվաճառը, Օմարի լեռնանցքը:

Ունենալով ընկալելու մեծ շնորհք ու հնարավորություն՝ նա ռազմի դաշտում աճում էր օրեցօր։ Նրա մարտական ընկերները պատմում են, որ նա խստապահանջ էր, անզիջում կարգազանցների, վախկոտների և բոլոր այն մարդկանց հանդեպ, ովքեր խոչընդոտում էին իր ծրագրերը։

«... Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»,- համոզված է եղել Մոնթեն ու մշտապես իր այս կոչով զգաստացրել է իր մարտիկներին:

Իր վերջին մարտում նա խիզախորեն դիմավորել է հակառակորդի զրահաջոկատին, և միայն արկի բեկորը զրկել է նրան դիմադրությունը շարունակելու հնարավորությունից: Աղդամի և Մարտունու շրջանների սահմանագծի բարձունքների համար մարտը՝ 1993 թ. հունիսի 12, վերջինն է եղել Ավոյի համար:

Հետմահու Մոնթեն արժանացել է Հայաստանի և Արցախի Հանրապետությունների Ազգային հերոսի կոչման։ Նրա անունով է կոչվում ՀՀ ռազմական քոլեջը, Երևանում և Արցախում նրա անվամբ կան դպրոցներ։ Արցախի Մարտունի քաղաքի բնակիչներն, ի պատիվ հրամանատարի, քաղաքն անվանում են Մոնթեաբերդ:

Ուղիղի մեկ տարի առաջ՝ 2020 թ. նոյեմբերի 25-ին Քարվաճառը հանձնվել է թշնամուն նոյեմբերի 9-ին ստորագրված հայատարարության համաձայն:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS