TOP նոր
» » » Հայտնի են 2022 թ. «Ավրորայի» հերոսները

Հայտնի են 2022 թ. «Ավրորայի» հերոսները

25-04-2022, 11:21 Դիտումներ: Հայաստան » Հասարակություն
25 Ապրիլ 2022, 11:21 - NovostiNK
«Ավրորան» մեծարում է մերօրյա երեք հերոսների, որոնք կրթության հնարավորություն են տալիս կանանց եւ աղջիկներին Աֆղանստանում, ազատում ռազմագերիներին Եմենում եւ պաշտպանում մարդու իրավունքները Եգիպտոսում
Հայտնի են 2022 թ. «Ավրորայի» հերոսները

Ապրիլի 24, 2022 թ., Երեւան. Այսօր՝ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օրը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարեց 2022 թ. «Ավրորայի» հերոսների անունները, որոնք վտանգում են սեփական կյանքն ուրիշներին օգնելու համար: Նրանք «Ավրորայի» հերոս են դարձել իրենց ունեցած բացառիկ ազդեցության, խիզախության եւ նվիրվածության համար: 1.000.000 ԱՄՆ դոլար մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, արձագանքելով մարդասիրական խնդիրներին ամբողջ աշխարհում՝ տեղում օգնելով ամենակարիքավորներին: Հերոսների անունները հայտարարվեցին Մատենադարանում. նրանցից մեկը կդառնա 2022 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր:

«Մերօրյա այսպիսի բացառիկ հերոսները մեզ հիշեցնում են այն մասին, որ ամենադժվարին պահերին անգամ լուսավոր ապագան այն մարդկանց ձեռքերում է, որոնք հավատում են եւ պատրաստ են արտասովոր քայլերի՝ պաշտպանելու լուսավոր ապագան: Մեզնից շատերն այսօր կարող են ճնշված զգալ՝ առնչվելով մարդկային վշտի ու տառապանքի անվերջ թվացող ալիքին: Բայց «Ավրորայի» հերոսները շարունակում են լինել կարեկցանքի փարոս՝ առաջնորդելով եւ ոգեշնչելով մարդկայնությանը: Պատիվ է մասնակից լինել այս նախաձեռնությանը, որը նրանց ճանաչման է արժանացնում եւ աջակցում»,- ասաց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին:

2022 թ. «Ավրորայի» հերոսներն են.

• Ջամիլա Աֆղանի (Աֆղանստան)՝ խաղաղության ակտիվիստ եւ «Նուռ» կրթության եւ կարողությունների զարգացման կազմակերպության (NECDO) հիմնադիր: 25 տարի նա պայքարել է, որպեսզի Աֆղանստանում ապրող կանանց համար կրթությունը դառնա հասանելի: Երբ թալիբները վերցրին իշխանությունը, Ջամիլա Աֆղանին ստիպված եղավ լքել իր հայրենիքը: Բայց նույնիսկ դրանից հետո նա չի հանձնվում՝ շարունակելով պայքարել իր ժողովրդի համար:

• Մահինուր էլ-Մասրի (Եգիպտոս)՝ փաստաբան եւ քաղաքական ակտիվիստ Եգիպտոսից: Նա պայքարում է երկրում քաղաքական ազատությունների եւ մարդու իրավունքների համար, կազմակերպում է բողոքի խաղաղ ակցիաներ եւ դատարանում պաշտպանում քաղբանտարկյալների իրավունքները: Եգիպտոսում պաշտոնական քաղաքականության հետ անհամաձայնություն հայտնելը կարող է վտանգավոր լինել․ Մահինուր էլ-Մասրին իր գործունեության պատճառով մի քանի անգամ ձերբակալվել է եւ բանտարկվել: Այդուհանդերձ, նա չի կորցնում լավատեսությունն իր երկրի ապագայի հանդեպ եւ ձգտում է լինել դրական փոփոխությունների առաջամարտիկ։

• Հադի Ջուման (Եմեն)՝ խաղաղության ակտիվիստ եւ միջնորդ-բանակցող Եմենից: Նա պարբերաբար վտանգում է իր կյանքը, որպեսզի կազմակերպի ռազմագերիների փոխանակում եւ առաջնագծից դուրս բերի այնտեղ մնացած զոհվածների մարմինները: Քանի որ քաղաքացիական պատերազմի հետեւանքով Եմենը շարունակում է մնալ երկարատեւ քաղաքական եւ հումանիտար ճգնաժամի մեջ, Հադի Ջումանը ընտանիքներին տալիս է միակ սփոփանքը, որ նրանց անհետ կորած համարվող սիրելի մարդիկ, ի վերջո, կարող են հանգչել խաղաղությամբ:

«Որպես «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ ես գիտեմ, թե որքան կարեւոր է աջակցությունը եւ ճանաչումը միջազգային մակարդակով: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հնարավորություն է տալիս ակտիվիստներին եւ իրավապաշտպաններին, որոնք հաճախ միայնակ են գործում, առաջ մղելու իրենց աշխատանքը եւ ավելի մեծ արդյունք գրանցելու: Ես կցանկանայի շնորհավորել 2022 թ. «Ավրորայի» հերոսներին եւ մաղթել նրանց լավագույնն իրենց գործունեության մեջ»,- ասաց «Կանանց համերաշխություն հանուն ներառական խաղաղության եւ զարգացման» կազմակերպության (SOFEPADI) եւ Կոնգոյացի կանանց հիմնադրամի (FFC) համահիմնադիր, 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Ջուլիեն Լուսենգեն:

2022 թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլը պաշտոնապես բացվեց 2021 թ. ապրիլի 24-ին: 633 առաջադրում է եղել 62 երկրից՝ ներառյալ ԱՄՆ, Բրազիլիա, Հայաստան, Հնդկաստան, Նիգերիա, Չեխիա, Պակիստան, Ռուանդա, Վրաստան եւ Ուկրաինա: Ամեն տարի «Ավրորա» մրցանակի դափնեկրին շնորհվում է 1.000.000 ԱՄՆ դոլար պարգեւ, որն էլ բացառիկ հնարավորություն է ընձեռում նրան շարունակելու նվիրատվության շղթան եւ աջակցելու այն կազմակերպություններին, որոնք օգնում են կարիքի մեջ գտնվողներին:

«Ամեն տարի ես հիանում եմ այն բացառիկ հերոսներով եւ նրանց աշխատանքով, որոնց աջակցում է «Ավրորան»: Նրանք առնչվում են բազմաթիվ խնդիրների աներեւակայելի պայմաններում, երբ գրեթե ամեն ինչ նրանց դեմ է, բայց, այդուհանդերձ, նրանց մարդասիրությունը, հավատը, քաջությունն օգնում են նրանց շարունակել առաջ շարժվել: Ես մեծ հույս ունեմ, որ աշխարհը դասեր կառնի նրանցից, այդպես այն, հաստատ, շատ ավելի լավը կդառնա»,- նշեց 2017 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ եւ Սուդանի «Գթության մայր» հիվանդանոցի բժշկական տնօրեն Թոմ Քաթինան:

Ըստ ավանդույթի, 2022 թ. «Ավրորայի» հերոսների անուններն արձանագրվել են 21-րդ դարում ստեղծված «Մատյան մարդասիրաց» եզակի ձեռագրում, որը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության յուրահատուկ տարեգիրքն է: Այն կցուցադրվի Մատենադարանում:

* * *


«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի մասին

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի առաքելությունն է ճանաչման արժանացնել եւ աջակցել նրանց, ովքեր վտանգի են ենթարկում սեփական կյանքը, առողջությունը կամ ազատությունը, որպեսզի փրկեն այն մարդկանց կյանքը, առողջությունը կամ ազատությունը, որոնք տառապում են հակամարտությունների, մարդկության դեմ իրագործվող հանցագործությունների կամ մարդու իրավունքների այլ լուրջ խախտումների հետեւանքով։ «Ավրորա» մրցանակի դափնեկիրն ընտրվում է՝ ըստ ցուցաբերած խիզախության, նվիրումի եւ ունեցած ազդեցության:

Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, «Ավրորա» մրցանակի դափնեկրին շնորհվում է 1.000.000 ԱՄՆ դոլար պարգեւ, որն էլ բացառիկ հնարավորություն է ընձեռում նրան շարունակելու նվիրատվության շղթան եւ աջակցելու այն կազմակերպություններին, որոնք օգնում են կարիքի մեջ գտնվողներին:

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի կազմում ընդգրկված են Նոբելյան դափնեկիրներ Շիրին Էբադին եւ Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, մարդու իրավունքների ակտիվիստ եւ The Sentry նախաձեռնության համահիմնադիր Ջոն Փրենդերգասթը, Unilever ընկերության նախկին գլխավոր գործադիր տնօրեն եւ IMAGINE կազմակերպության համահիմնադիր եւ համանախագահ Փոլ Փոլմանը, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր եւ Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնարդ Քուշները, լրագրող, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Դելե Օլոջեդեն, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը (1934-2021): Հանձնաժողովը նախագահում է Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին: Պատվավոր համանախագահներն են խաղաղության եւ մարդու իրավունքների հայտնի ակտիվիստ Բենջամին Ֆերենցը եւ օսկարակիր դերասան, մարդասեր Ջորջ Քլունին։

Մենք հարգում ենք Ընտրող հանձնաժողովի առաջին համանախագահ, Մարդասիրության «Էլի Վիզել» հիմնադրամի նախագահ, Նոբելյան դափնեկիր Էլի Վիզելի (1928-2016 թթ.) հիշատակը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS