
Հիշեցնենք, որ նախկին վարչապետն առաջարկել է օրենքում լրացում կատարել, առավելագույնը 4 մլն դրամով (տարադրամով ավանդների համար՝ 2 մլն) երաշխավորելով ոչ միայն ֆիզիկական, այլեւ իրավաբանական անձանց բանկային ավանդները: Գործող օրենքը պարտադրում է բանկերին երաշխավորել միայն ֆիզիկական անձանց ավանդների հատուցումը, ինչը, փաստորեն, խտրականություն է իրավաբանական անձանց նկատմամբ: Իհարկե, Բագրատյանի առաջարկը լրացուցիչ պարտավորություն է ենթադրում բանկերի համար՝ հօգուտ նրանց հաճախորդների, այսինքն հանրությանը, ինչը, իհարկե, հաճելի չէ բանկերի լավագույն բարեկամ Տիգրան Սարգսյանին: Եվ ահա նա Բագրատյանին մերժելու խորամանկ ձեւ է մոգոնում: «Անհրաժեշտ է առաջին հերթին հարցը քննարկել բիզնեսի հետ, հետո որոշում ընդունել, քանի որ մեր հասարակությունը պարտադիր վճարների նկատմամբ ունի դիրքորոշում, այն է` առանց բոլոր մասնակիցների քննարկման, ում վերաբերելու է այդ պարտադիր վճարը, նման նորմ ընդունել չի կարելի: Դա նշանակում է, որ այդ ամբողջ փուլը մենք պետք է անցնենք, առեւտրային բանկերի հետ պետք է քննարկենք, ձեռնարկությունների հետ պետք է քննարկենք, որից հետո միայն այս օրենսդրական փոփոխությունը ներկայացնենք ԱԺ, չնայած որ նախագծում նշված փաստարկների հետ մենք համաձայն ենք»,- ասում է վարչապետը: Այլ կերպ ասած, նա Բագրատյանին մերժելու է ոչ թե անձամբ, այլ բանկերի միջոցով, որոնք, իհարկե, դեմ կլինեն օրինագծին:
Ճիշտ է, կան նաեւ «ձեռնարկությունների տերերը», իրավաբանական անձինք, որպես քննարկման կողմ, որոնք պետք է որ պաշտպանեն բանկերի հուսալիությունը բարձրացնող օրենքը, բայց նրանք, սովորաբար, նման քննարկումների ժամանակ վախվորած եւ նվաստ կեցվածքով են հանդես գալիս եւ, ի վերջո, նախընտրում են չփչացնել անձնական հարաբերությունները չինովնիկական դասի հետ: Հասկանալի է արդեն, որ հանրօգուտ օրենսդրական այս նախաձեռնությունը եւս չի ընդունվի: Նորությունը թերեւս այն էր, որ Տիգրան Սարգսյանը հասկանում է, որ մեր հասարակությունը «պարտադիր վճարների նկատմամբ ունի դիրքորոշում», բայց, չգիտես ինչու, հիշում է սա միայն ընդդիմությանը մերժելու համար: Պարտադիր կուտակային համակարգի ներդրման դեպքում նա ուղղակի թքած ունի այդ դիրքորոշման վրա:
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ