
Անդրադառնալով վաղը տեղի ունենալիք երթին նա նշեց, որ իրենց հավաքին կմասնակցեն Նիկոլ Փաշինյանը, Ժիրայր Սեֆիլյանը և արվեստի ոլորտից` Աշոտ Ադամյանը:
Այն հարցին, թե ինչպես է որոշվել այս մարդկաց մասնակցությունը իրենց հավաքին Դավիթ Մանուկյանը պատասխանեց. «Հրավերը եղել է մեր կողմից և մերժում չի եղել: Սեֆիլյանը մեր ժողովրդի մեջ համարվում է պայքարի մարտիկ, իսկ Նիկոլ Փաշինյանն ասելիք ունի, մեզ սատարում է և այս հարցը բազմիցս բարձրացրել է ԱԺ-ում»:
Լրագրողների այն հարցին, թե պայքարը արդյոք կարող է Մայդան դառնալ, նախաձեռնության անդամն այդ համեմատությունը կոռեկտ չհամարեց` նշելով, որ իրենց ցանկությունը հասարակության երկու ուժերին իրար դեմ հանելը չէ, այլ պարզապես իրավունքի համար պայքարելը:
Դավիթ Մանուկյանը նախաձեռնության մարման շանսերը չնչին համարելով նշեց, որ հակառակը, այն ձնագնդի նման աճում է: Իսկ եթե խաղաղ ճանապարհով հարցը լուծում չստանա, ապա օրենքի սահմաններում քաղաքացիական անհնազանդության ձևերը շատ են և օրինակ, կարող են հայտարարություն տարածվել և բոլորը միաժամանակ գումար կանխիկացնել:
«Քաղաքացիական անհնազանդությունը շատ զորեղ զենք է, այն պետք է ճիշտ օգտագործել: Եթե ՍԴ-ն օրենքը ճանաչի սահմանադրական, կնշանակի, որ մենք, ցավոք, սպառեցինք ինստիտուցիոնալ մակարդակով հարցի լուծման հնարավորությունները և պետք է անցնենք այլ հարթակներ` օրենքի շրջանակում»,-ասաց Դավիթ Մանուկյանը:
Նախաձեռնության անդամները նաև ավելացրին, որ ոչ իշխանական չորս ուժերի հետ կապված իրենց օրակարգում հարց դրված չէ: