TOP նոր
» » » «Չեմ զարմանա, որ մեր հայկական վեղարի փոխարեն թմբուկի վրա իրենց կիսալուսինը բարձրացնեն». Շուշիի Սբ. Ղազանչեցոց եկեղեցու քահանան մտահոգված է

«Չեմ զարմանա, որ մեր հայկական վեղարի փոխարեն թմբուկի վրա իրենց կիսալուսինը բարձրացնեն». Շուշիի Սբ. Ղազանչեցոց եկեղեցու քահանան մտահոգված է

6-05-2021, 09:29 Դիտումներ: Բիզնես » Կարծիքներ
6 Մայիս 2021, 09:29 - NovostiNK
«Չեմ զարմանա, որ մեր հայկական վեղարի փոխարեն թմբուկի վրա իրենց կիսալուսինը բարձրացնեն». Շուշիի Սբ. Ղազանչեցոց եկեղեցու քահանան մտահոգված է


Ազգային ինքնությունը դրսևորվում է նաև տվյալ ազգի հոգևոր ու մշակութային արժեքներով: Ուզո՞ւմ ես վերացնել ազգի պատմությունն իր բնօրրանում, ուրեմն առաջնահերթ վերացրու այդ արժեքները փաստող ամեն մի քար ու շինություն, ճարտարապետական ու գեղարվեստական ձեռագիր:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմը բարձր ճշգրտությամբ զինատեսակներով առաջինը հենց վանքերն ու եկեղեցիները խոցեց: Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարը մեկ օրվա մեջ 2 անգամ հայտնվեց թշնամու թիրախում: Իսկ երբ բերդաքաղաքի բանալիներն իրենց ձեռքն անցան, հիմնահատակ ոչնչացվեց 2 դարյա կենսագրություն ունեցող Կանաչ ժամը:

Օրեր առաջ համացանցը ողողվեց 150 տարվա պատմություն ունեցող «Շուշիի հարսի»՝ Սուրբ Ղազանչեցոցի նոր լուսանկարներով, որոնցում հստակ երևում է՝ թշնամին շինարարություն է սկսել եկեղեցում: Առաջին հայացքից կարող է թվալ, թե իրենց իսկ կողմից վնասված եկեղեցու արտաքին տեսքն են վերականգնում, սակայն հստակ իմանալով թուրք-ադրբեջանական ձեռագիրն ու կատարած վանդալիզմի բազմաթիվ օրինակներ՝ կարող ենք փաստել, որ Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում փորձում են ջնջել հայկական հետքը: Ամեն ինչ անելու են Ղազանչեցոցի հայկականությունը լավագույն դեպքում կասկածի տակ դնելու, վատագույն դեպքում՝ մոռացության տալու համար:


«Ճիշտ է՝ մենք էլ հստակ չգիտենք, թե այնտեղ հիմա ինչ են անում, բայց այս ամենից «լավ հոտ» չի գալիս, ոչ մի լավ հեռանկար չի երևում: Եկեղեցու հարևանությամբ գտնվող շենքում հյուրատուն ունեինք, այնտեղ էր նաև թեմի առաջնորդի սենյակը, հիմա այդ շենքն էլ չկա, հիմնահատակ քանդել են: Քանդել են նաև եկեղեցու տանիքը, գմբեթի վեղարը (գմբեթը տեղում է, միայն գմբեթի վեղարն (տանիք) է քանդվել, հեղ.): Չեմ կարողանում խելքին մոտ հիմնավորում գտնել, թե ինչի՞ համար են քանդել: Իհարկե, գիտեմ, որ եկեղեցուն հարվածելուց հետո տանիքն ամբողջությամբ վնասվել էր, բայց չեմ կարծում, որ տակի երկաթյա կոնստրուկցիան, որը բավական ամուր էր, կարող էր վնասված լինել: Ամեն դեպքում, դա կտրել ու հանել են՝ գմբեթին թողնելով միայն կլոր թմբուկը: Չեմ զարմանա, որ մեր հայկական վեղարի փոխարեն թմբուկի վրա իրենց կիսալուսինը բարձրացնեն: Նրանց ձեռագիրը դժվար թե փոխվի», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու հոգևոր հովիվ, Արցախի թեմի հոգևոր սպասավոր Տեր Անդրեաս քահանա Թավադյանը:

Պատերազմից անմիջապես հետո ադրբեջանցիները եկեղեցու վրա դրոշ դրեցին ու պատերին անպարկեշտ գրություններ կատարեցին: Հոգևորականը հիշեցնում է՝ ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովի հորդորով դրոշը հանվեց, գրառումներն էլ ջնջվեցին:

«Շուշին Ադրբեջանի հսկողության տակ անցնելուց հետո Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու պահպանման պայմանավորվածություն է ձեռքբերվել: Խաղաղապահների հրամանատարն ասաց՝ անհոգ եղեք, ես հրահանգել եմ, որ իրենք այլևս ձեռք չտան եկեղեցուն: Իրենց հոգևոր ծառայողները, խաղաղապահները մեզ վստահեցնում էին, թե մի մտահոգվեք, եկեղեցին մեր հովանու տակ կլինի, մենք կվերանորոգենք ու կհսկենք: Իհարկե, այդ պահին դա մեզ հանգստացրեց, բայց նաև գիտեինք ադրբեջանցիների ձեռագիրը, կռահում էինք, թե ինչ պետք է լինի եկեղեցու ճակատագիրը: Առաջին իսկ օրերից սկսել են ջնջել հայկական բոլոր հետքերը. հին հայկական հուշաղբյուրների վրայից հանվեցին հայկական խաչերը ու ջնջվեցին հայկական գրությունները, հարթաքանդակները: Ինչ խոսք, դրանց փոխարեն անդրբեջանական գրություններ կհայտնվեն: Ամբողջությամբ հանել են եկեղեցու՝ 200 մետրից ավելի երկարությամբ պարիսպը, ճաղավանդակներն ու դրանց վրայի հրեշտակները, որոնք խորհրդանշում էին Շուշիի պահապան հրեշտակներին», - նշեց նա:

Հարցին՝ հնարավո՞ր է հիմնովին, անհետք վերացնել հայկական ձեռագիրը Շուշիի Մայր տաճարի վրայից, քահանան պատասխանեց.

«Ղազանչեցոցը շատ զարդանախշեր չունի. մեկ գրություն զանգակատան վրա էր, մեկը՝ եկեղեցու պատին, ու հրեշտակի տեսքով զարդանախշերն էին: Մեկ-երկու արձանագրություններ էլ գավիթի ներսում էին: Ժամանակակից տեխնիկայով այս ամենը ջնջելն ու իրենց ցանկալի գրությունը գրելը մի քանի րոպեի գործ է, խնդիր չէ իրենց համար: Եկեղեցու վերևի 4 անկյուններում պատի մեջ ապակուց խաչեր կան, դրանցից վերև՝ Սուրբ երրորդության պատկերով հարթաքանդակներ կան. ապակյա պատուհանները փոխել չեն կարողանա, դրանք որպես խաչ էլ կմնան, բայց այ քանդակները հանգիստ կարող են մաքրել: Իրենք ի սկզբանե հայտարարել են, որ Շուշին դարձնելու են ադրբեջանական մշակույթի կենտրոն, ու հենց դրա համար էլ հայկական ամեն ինչ այնտեղ ուզում են վերացնել»:

Անդրադառնալով հարցին՝ փորձե՞լ են պարզել, թե ինչո՞ւ ռուսական կողմը չկարողացավ գոնե եկեղեցու հսկողությունը իր ձեռքը վերցնել՝ քահանան նկատեց.

«Նրանք իրենց պայմանավորվածությունն ամեն անգամ խախտում են. նույնկերպ պայմանավորվել էին, որ մեր ուխտավորները Դադիվանք առանց խոչընդոտների պիտի գնան, բայց արդեն քանի անգամ է՝ չեն թողնում վանական համալիրին մոտենանք, հետ են ուղարկում՝ տարբեր պատճառաբանություններ բերելով: Ամեն անգամ փորձում են ինչ-որ կերպ մեր մուտքն արգելել, հոգեբանական ճնշում գործադրել, ասում են՝ մեր տարածքն է, դուք ո՞վ եք: Դրա նպատակն է, որ հիասթափվենք, հոգնենք ու էլ չգնանք: Եթե ժամանակին սահմանը Դադիվանքից մի քիչ հեռու դնեին, նման պատմությունների միջով չէինք անցի, վտանգն էլ ավելի քիչ կլիներ: Քանի դեռ մեր ռուս եղբայրները մանդատ չունեն, չեն կարող համառել, դեռ լսում են իրենց: Այլ ելք չկա, հակառակ դեպքում՝ ադրբեջանական կողմն ամեն պահի կարող է պահանջել, որ խաղաղապահները թողնեն Արցախը»:

Ի դեպ, Դադիվանքում մենք ներկա պահին 3 սարկավագ ու 3 կուսակրոն քահանա ունենք, որոնց անվտանգությունն ապահովում են ռուս խաղաղապահները: Տեր Անդրեասը վստահ է՝ եթե հայ հոգևորականն այնտեղ չլինի, վանական համալիրը մի քանի ժամ էլ չի գոյատևի, թուրքը կպայթեցնի, որպեսզի հայ ժողովուրդն այն կողմի վրա այլևս չթեքվի:

Արցախի հոգևորականների շփումը սահմանափակվում է խաղաղապահների հետ Արցախում գտնվող ռուս հոգևորականի և այն խմբի հետ շփումով, որոնց առաքելությունը Լեռնային Ղարաբաղում հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանումն է: Հենց նրանք են կազմակերպում տեղաբնակների այցելությունները սրբավայրեր: Խոջալուի օդանավակայանի տարածքում էլ խաղաղապահները ներկա պահին ռուսական եկեղեցի են կառուցում, կողքին էլ՝ մզկիթ, քանի որ իրենց բանակը բազմազգ ու բազմակրոն է:

«Ես ռուս հոգևորականին 2 օր առաջ ցույց տվեցի Սուրբ Ղազանչեցոցի հին ու նոր լուսանկարները, նա էլ զարմացավ, բայց ի՞նչ կարող է անել: Միայն ասաց, որ նամակ է պատրաստում՝ Ռուս Ուղղափառ եկեղեցու պատրիարքին, բարձրաստիճան այլ հոգևորականներին ուղարկելու: Բայց թե ի՞նչ արձագանք կունենա, կամ ի՞նչ օգուտ կտա այդ նամակը՝ չգիտեմ: Ռուս հոգևորականն էլ անզոր է Շուշի մտնելու ու տեսնելու, թե այնտեղ ի՞նչ է կատարվում, ի՞նչ են անում: Խաղաղապահներից մեկ-երկու հոգի է կարողանում հայոց բերդաքաղաք գնալ, այն էլ՝ բարձր հրամանատարակազմից: Իրենց առաքելությունը խաղաղություն հաստատելն է, տարբերություն չդնելը: Ուզում են փորձել համակեցություն ապահովել, ամեն անգամ հարցնում են՝ ի՞նչ կլինի, որ միասին ապրեք, առևտուր անեք, աշխատեք: Ուզում են փոխել մարդկանց տրամադրությունները: Ու մենք ամեն անգամ օրինակներով փորձում ենք ցույց տալ իրենց, որ դա անհնար է», - մանրամասնեց հոգևորականը:

Իր հոգևոր կյանքի 30 տարիները Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուն նվիրած Տեր Անդրեասն, ով այժմ որպես հոգևոր հովիվ նշանակված է Խնածախ, Այգեստան, Լուսաձոր, Նորագյուղ, Սարդարաշեն և Պատարա համանքներում, այսքանից հետո անգամ հույսը չի կորցնում, որ գոնե հոգևոր ու մշակութային սպանդի հարցում աշխարհը կարձագանքի, թույլ չի տա, որ Աստծու տունը քանդվի: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն արդեն իսկ դատապարտել է Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող մշակութային եղեռնագործությունը:

Հորգևորական-զրուցակիցս լավատես է: «Մենք դեռ մեր տան տերը պիտի լինենք»՝ հավատով ասում է նա ու ընդգծում՝ որքան լռում ենք, իրենք առաջ են գալիս ու իրենց ոտքերն ամրացնում մեր հողում, իսկ աշխարհն, ինչպես միշտ, այսօր էլ լուռ է:

«Այսօր դեռ անզոր ենք, բայց պետք է ուժ գտնենք, ավելի շատ աշխատենք, նորից համախմբվենք ու վերականգնենք մեր հայրենիքը, մեր տունը: Ու վստահ եմ՝ ամեն ինչ իր տեղը կգա: Թե չէ լավ չի լինելու, եթե ամեն ինչի համար լռենք ու հանդուրժենք, չարձագանքենք: Առանց այդ էլ՝ նրանք շատ են ոգևորված, երբեմն խմում են, օդ են կրակում, գոռգոռում են ու հայհոյում, ինչը մարդկանց վրա հոգեբանորեն ազդում է: Իհարկե, մեր զինվորն էլ է կանգնած, բայց մեր զինվորն այսօր մի քիչ կոտրված է, անզորության զգացում ունի դեռ., բայց կամաց-կամաց իրեն կվերագտնի ու կդառնա հաղթող... Լավատեսությունը կորցնել չի կարելի, եթե հույս չունենանք, թողնենք գնանք՝ ոչնչի չենք հասնի: Ոչինչ իզուր չէր. այո, շատ սխալներ կային, ու եթե մենք այդ սխալներից դաս քաղենք՝ կհաղթենք: Բայց, ցավոք, այդ սխալները դեռ շարունակվում են, ու ամենամեծն այն է, որ այդքան տառապանքից, զոհերից ու կորուստներից հետո դեռ միասնական չենք ու չենք ուզում ամրանալ: Դեռ կա նախանձը, չարությունն ու բարկությունը», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Տեր Անդրեաս քահանա Թավադյանը

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS