
Այս տարվա մայիս ամսից ընկերության արտադրանքի ողջ տեսականին` հանքային ջրերը և զովացուցիչ ըմպելիքները, կսկսեն արտահանվել Ռուսաստան: Իսկ մինչև տարվա վերջ նախատեսվում է մուտք գործել Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Միացյալ Արաբական Էմիրությունների շուկաներ:
Նախնական շրջանում արտահանման ծավալը կկազմի 2 մլն 500 հազար շիշ և կաճի` կախված պահանջարկից: Կարտահանվի ընկերության ողջ տեսականին:
Նշենք, որ այսօր «Արարատ գրուպը» արտադրում է 26 անուն հանքային ջրեր և զովացուցիչ ըմպելիքներ: Հանքային ջրերն արտադրվում են երկու բրենդի ներքո`«Ararat» և «The well», իսկ զովացուցիչ ըմպելիքները`«Joso» բրենդի ներքո: Ընկերությունն արտադրում է նաև մանկական «Baby Well» ջուրը և «The Well Go» հատուկ սպորտային շշով ջուրը:
Հիշեցնենք, որ «Արարատ գրուպը» Հայաստանում հանքային ջրերի գործարանի համար ներդրել է շուրջ 30 մլն եվրո: Այս պահին «Արարատ գրուպ» ՍՊԸ –ում
աշխատում է 150 հոգի, և նախատեսվում է աշխատակիցների թիվը հասցնել 500-ի:
Օգտակար հատկություններով հանքային ջուրը հայտնաբերվել էր 1964 թվականին Արարատի մարզի Բորոտ աղբյուր կոչվող վայրում:
Դեռ խորհրդային շրջանում «Արարատ» հանքային ջուրը արտահանվում էր Հայկական ԽՍՀ-ից դուրս: Ջրի հիմնական առավելությունը
իր բալանսավորված բաղադրությունն է. «Արարատ» հանքային ջրի միներալիզացիան կազմում է 2200-ից 2800 մգ/լ:
Միներալիզացիայի նման մակարդակը հատուկ է «ոչ ծանր» ջրերին, այսինքն` այն կարելի է օգտագործել ամեն օր:
Հայկական շուկայում «Արարատ գրուպի» արտադրանքը ներկայացված է 2014 թվականի դեկտեմբերից: