TOP նոր
» » » Կինոկենտրոնը հերքում է. «Նռան գույնը» Կաննում ոչ թե Ուկրաինան է ներկայացնում, այլ Մարտին Սկորսեզեի ֆոնդը

Կինոկենտրոնը հերքում է. «Նռան գույնը» Կաննում ոչ թե Ուկրաինան է ներկայացնում, այլ Մարտին Սկորսեզեի ֆոնդը

13-05-2014, 17:32 Դիտումներ: Այլ » Մշակույթ
Կինոկենտրոնը հերքում է. «Նռան գույնը» Կաննում ոչ թե Ուկրաինան է ներկայացնում, այլ Մարտին Սկորսեզեի ֆոնդը
13 Մայիս 2014, 17:32 - NovostiNK
Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը Կաննի 67-րդ կինոփառատոնի դասական ծրագրի շրջանակում ոչ Ուկրաինան է ներկայացրել, ոչ էլ Հայաստանը. ֆիլմը ներկայացրել է այն վերականգնած Մարտին Սկորսեզեի Film Foundation-World Cinema Project (Նյու Յորք) հիմնադրամը: Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը ասաց, որ իր համար անհասկանալի են ուկրաինական կողմի հայտարարությունները, համաձայն որոնց հենց իրենք են ֆիլմը ներկայացրել փառատոնում:
Ուկրաինական և ռուսական լրատվամիջոցները, հղում անելով «Մոլոդոստ» կինոփառատոնի տնօրեն Անդրեյ Խալփախչիի մայիսի 7-ի հայտարարությանը, գրում են, թե Կաննում Ուկրաինայի ներկայացրած ժապավենների թվում է նաև «Նռան գույնը»: Նշվում է, որ փառատոնում ներկայացված ֆիլմերի քանակով Ուկրաինան ռեկորդ է սահմանել` 8 ֆիլմ, որոնցից մեկն էլ հենց Փարաջանովի հայտնի ֆիլմն է:
«Մենք արդեն իսկ հերքել ենք, հայտարարել ենք, որ ֆիլմը մերն է: Կաննի կինոփառատոն ոչ Հայաստանն է ներկայացրել ֆիլմը, ոչ Ուկրաինան: Ներկայացրել է Մարտին Սկորսեզեի ֆոնդը, որը զբաղվում է դասական ֆիլմերի վերականգնմամբ, և մեզ համար պատիվ է, որ այս անգամ հենց Փարաջանովի ֆիլմն է վերականգնվել ու կներկայացվի փառատոնում: Սկորսեզեի նախաձեռնությամբ է հենց ֆիլմը վերականգնվել: Դա մեր և ֆոնդի համատեղ աշխատանքի արդյունքն է, ի՞նչ կապ ունի Ուկրաինան»,- նշեց Գևորգյանը:
Նա հավելեց, որ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնի» վերականգնման աշխատանքները սկսվել են դեռևս մեկ տարի առաջ։ Հայաստանի ազգային կինոկենտրոնը Համաշխարհային կինոյի հիմնադրամին է տրամադրել Հայաստանի ազգային արխիվում պահպանվող բոլոր նյութերը։
1990-ականների սկզբին ստեղծված Մարտին Սկորսեզեի հիմնադրամը նպատակ է ունեցել վերականգնելու միայն ամերիկյան ֆիլմեր: Մինչև այդ ֆիլմերի վերականգնման ավանդույթ ԱՄՆ-ում գոյություն չուներ: Սկորսեզեն հրավիրել է ռեժիսորներ Վուդի Ալենին ու Սթիվեն Սփիլբերգին սկսելու այդ աշխատանքները` փաստարկելով, որ հակառակ դեպքում կկորչի մի հսկայական ժառանգություն՝ սկսած համր կինոյի շրջանից: 1990-ականներից մինչև օրս հիմնադրամը վերականգնել է 600 ֆիլմ:
Սակայն 2000-ականների սկզբին Սկորսեզեն հասկացել է, որ միայն իտալական, ամերիկյան ֆիլմեր վերականգնելը բավական չէ: 2007 թ. Սկորսեզեն հիմնադրեց Համաշխարհային կինոյի հիմնադրամը, որի գաղափարն էր նոր կյանք տալ մոռացված և քիչ ճանաչված ֆիլմերին։ Եվ մեկնարկել է այլ երկրիների ոչ հանրահայտ ֆիլմերի վերականգնման գործընթացը, որոնց ոչնչացում էր սպառնում: Ծրագրի շրջանակներում վերականգնվել են Սենեգալի, Թուրքիայի, Բրազիլիայի, Հնդկաստանի շատ մոռացված ու ոչ հայտնի, սակայն արժեքավոր ֆիլմեր։ Մինչև օրս վերակնգնվել է այդ շարքի մոտ 20 ֆիլմ։
Կաննի 67-րդ կինոփառատոնի դասական ծրագրի շրջանակում (Cannes Classics) ցուցադրվելու է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը, որը 1968 թվականին նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայում և վերջերս ամերիկյան Film Foundation-World Cinema Project (Նյու Յորք) հիմնադրամի միջոցներով վերականգնվել Իտալիայի L’immagine Ritrovata լաբորատորիայում:
Կինոփառատոնի պաշտոնական կայքում մասնավորապես նշված է. «Իտալական վեստերնի հոբելյանը, «Փարիզ-Տեխաս» ֆիլմի 30-ամյակը, Անրի Լանգլուայի հիշատակը, վրացական կինոյի գլուխգործոցը,Ռայմոն Բերների` Առաջին աշխարհամարտի մասին ֆիլմը, «Սայաթ-Նովայի» արբեցնող գույները, աշխարհի բոլոր երկրներից ֆիլմերի վերականգնված կրկնօրինակներ. այսպիսին է 2014-ի Կաննի դասական բաժնի ծրագիրը, որի գլխավոր հյուրն այս անգամ դերասանուհի Սոֆի Լորենն է»:
Բացի «Նռան գույնից», ծրագրում ընդգրկված են նաև Սերջիո Լեոնեյի «Մի բուռ փողերի հետևում», Վիվ Վենդերսի «Փարիզ, Տեխաս», Նագիսա Օշիմայի «Դաժան պատանեկության մասին հեքիաթը» և այլն:
Կաննի 67-րդ կինոփառատոնը տեղի կունենա մայիսի 14-25-ը:
«Նռան գույն»-ը Փարաջանովի ամենահայտնի ֆիլմերից է։ Այն թողարկվել է 1968թ․-ին ու նվիրված է Սայաթ-Նովային։ Ֆիլմի հեղինակային անունը, ի դեպ, հենց «Սայաթ-Նովա» է։ Գտնվելով գրաքննության ճնշման տակ ռեժիսորը ստիպված է եղել վերամոնտաժել ու փոխել ֆիլմի անունը։
Փարաջանովի թողած ժառանգության մեջ ամենավառ կերպով ներկայացված է Կովկասի բազմազանությունը։ 1964թ․-ին նկարահանած «Մոռացված նախնիների ստվերները»-ը ֆիլմից հետո Փարաջանովին սկսեցին դասել աշխարհի լավագույն կինոռեժիսորների շարքին։ «Նռան գույնը» Փարաջանովի հաջորդ գլուխգործոցն է։ Երկու ֆիլմերն էլ ենթարկվեցին խորհրդային գրաքննությանը, որի արդյունքում Կառավարությունը փոխեց իր վերաբերմունքը ռեժիսորի հանդեպ և 1973թ․-ի դեկտեմբերի 17-ին նրան 5 տարի ազատազրկման ենթարկեց ՝ մեղադրելով արվամոլության մեջ։
Կաննի միջազգային կինոփառատոնի հիմնադիրն է Ֆրանսիայի կրթության ու մշակույթի նախարար Ժան Զեյը, ով երազում էր, որ Ֆրանսիան դառնա համաշխարհային մասշտաբի մշակութային իրադարձության անցկացման վայր և կարողանա մրցել Վենետիկի կինոփառատոնի հետ: Լուի Լումյերի նախագահությամբ Կաննի առաջին կինոփառատոնը նախատեսված էր 1939-ին, սակայն հանդիսավոր բացումը կայացավ միայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1946-ին: Ամենամյա կինոստուգատեսն անցնում էր սեպտեմբերին, իսկ 1952-ից՝ մայիսին: 1960-ականներին պաշտոնական մրցութային ծրագրից բացի երկու անկախ բաժին է բացվում՝ Կինոքննադատների միջազգային շաբաթ և Ռեժիսորների երկու շաբաթը: Մինչ 1972-ը հավակնորդ ֆիլմերի ընտրությունը կատարում էին արտադրող երկրները, իսկ այդ տարվանից կինոփառատոնն անկախություն ստացավ և իրավունք ինքնուրույն ընտրելու մրցութային ծրագրի մասնակիցներին:
1978-ից կինոփառատոնի գործադիր տնօրեն է նշանակվել Ժիլ Ժակոբը: Նա բացել է «Հատուկ հայացք» ծրագիրն ու սահմանել «Ոսկե կինոխցիկ» մրցանակը լավագույն դեբյուտային ֆիլմի համար: 1998-ի Ժիլ Ժակոբը բացել է «Սինեֆոնդասիոն» ծրագիրը կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրության համար: Ծրագիրը զարգացում ստացավ 2000-ի La Résidence նախագծի շնորհիվ, որը կոչված էր բարենպաստ պայմաններ ստեղծել երիտասարդ ռեժիսորների համար:
2004-ից Կաննի կինոփառատոնում թեմատիկ հետահայաց ցուցադրություններ են կազմակերպվում կինոարվեստի «ոսկե ֆոնդից»: Այս տարի բացվեց «Դասական Կանն» ծրագիրը, որի շրջանակում ցուցադրվում են վերականգնված հին ֆիլմեր, հետահայաց ցուցադրություններ կազմակերպվում, նվիրված տարբեր երկրների կինեմատոգրաֆին, ցուցադրվում են փաստագրական ֆիլմեր կինոյի մասին:


Աղբյուրը՝ PanARMENIAN

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS