TOP նոր
» » » Ո՞վ է Ջավախեցին. Մանրամասներ, փաստեր ու բացահայտումներ՝ Վահե Սարգսյանի գրքում

Ո՞վ է Ջավախեցին. Մանրամասներ, փաստեր ու բացահայտումներ՝ Վահե Սարգսյանի գրքում

30-05-2014, 10:57 Դիտումներ: Այլ » Մշակույթ
30 Մայիս 2014, 10:57 - NovostiNK
Ո՞վ է Ջավախեցին. Մանրամասներ, փաստեր ու բացահայտումներ՝ Վահե Սարգսյանի գրքում
Հայ անվանի գյուղագիր, մտավորական, ուսուցիչ, քահանա Ղազարոս Տեր-Գրիգորյանի (Ջավախեցի) անունն այնքան էլ հայտնի չէ հասարակության լայն շրջանակներին: Այդ բացը լրացնելու է պատմական գիտությունների թեկնածու, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Վահե Սարգսյանի «Ջավախեցի» երկերի ժողովածուն:

906 էջերում ներկայացված է Ջավախեցու կողմից տարբեր տարիներին տպագրված հոդվածները, գիրք-գրքույկները, նամակները, հեռագրերն ու թղթակցությունները, առանձին բաժնով զետեղված են նրա կողմից կատարված թարգմանությունները: Նյութերը հիմնականում առնչվում են 19-րդ դարավերջի և 20-րդ դ. սկզբներին հայ գյուղացիությանը (Ջավախքի գյուղացիության օրինակով), եկեղեցական-քահանայական խնդիրներին, կրթական, լուսավորչական, ուսուցչական ոլորտի հարցերին, տիրող ցարական կարգերին:

«Մի քանի տարի է աշխատում եմ այս ժողովածուի վրա: Կարևոր է այս ժողովածուն ոչ միայն այն առումով, որ Տերյանի տոհմի ևս մի արժանավոր ներկայացուցիչ է՝ Վահան Տերյանի ավագ եղբայրն է, այլ նաև ստեղծել է գեղարվեստական ու գրական ոլորտի բարձրաժեք գործեր, որոնցում ներկայացված է գյուղական միջավայրը»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Վահե Սարգսյանը:

Նրա խոսքով, գրքում ներկայացված են Ջավախեցու՝ Ջավախքի Գանձա գյուղում անցկացրած մանկության օրերը, ներսիսյանական տարիները, Ջավախքում ուսուցչության տարիները, Ռուսաստանի Կուրսկի նահանգի աքսորավայրի Ջավախեցու հուշերը (նաև Վահան Տերյանին առնչվող), հյուսիսկովկասյան Մոզդոկ քաղաքի, Ուզբեկստանի հայ համայնքի խնդիրներին (այս վայրերում Ջավախեցին զբաղվել է ուսուցչությամբ) առնչվող նյութերը, Թիֆլիսում և Ուզբեկստանում ՀՅԴ կառույցների գործունեությունը լուսաբանող որոշ դրվագներ (Ջավախեցին հայացքներով հարել է նշյալ քաղաքական ուժին):

«Նա իր ազգի, սեփական ժողովրդի ճակատագրով մտահոգ անձնավորություն, մտավորական է: Նա անդրադարձել է բոլոր այն գավառներում, նահանգներում ապրող մարդկանց կյանքին, որտեղ որ եղել է: Ջավախեցին անդրադարձել է ժողովրդի ցավերին, վեր է հանել դրանք, բարձրաձայնել է, որը տվյալ ժամանակաշրջանի համար բավականին համարձակ քայլ էր»,- ասաց Վ. Սարգսյանը:

Ըստ նրա, գրքում մեծ արժեք են ներկայացնում հատկապես Ջավախեցու և Հ. Թումանյանի հարաբերությունները ներկայացնող նյութերը, Ամենայն հայոց բանաստեղծի հետ Ջավախեցու առաջին ծանոթությունից մինչև 1901 թ. օգոստոսին Հ. Թումանյանին դեպի Գանձա և Փարվանա ուղեկցելը:

«Այս գիրքը օգտակար կարող է լինել հայ գյուղագրությամբ հետաքրքրվողների, տերյանագիտությամբ զբաղվողների, Ջավախքի անցյալի խնդիրներով շահագրգիռ շրջանակների, սփյուռքի գաղթօջախների հանդեպ ուշադրություն դրսևորողների, ինչպես նաև ընթերցասեր հասարակության համար»,- ասաց գրքի հեղինակը:

Գիրքը նվիրված է Ջավախեցու (1874-1937թթ.) ծննդյան 140-ամյակին:

Վ. Սարգսյանն ասաց, որ գրքի բնագրերի համակարգչային մուտքագրման, բնագրերի հետ համեմատական աշխատանքների, սրբագրման և այլ ծախսերը, որոնք կազմում են շուրջ 1 միլիոն դրամ, ժամանակի ընթացքում հատկացվել են: Ներկայումս պահանջվում են զուտ տպագրման ծախսերը: Տպագրմանն աջակցել ցանկացողները կարող են գրել vsargsyan83@gmail.com հասցեին կամ զանգահարել (+ 374) 98- 23- 03- 76 հեռախոսահամարով:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS