TOP նոր
» » » Արամ Խաչատրյանի անվան տրիոն շարունակում է հանդես գալ հյուրախաղերով

Արամ Խաչատրյանի անվան տրիոն շարունակում է հանդես գալ հյուրախաղերով

8-11-2013, 16:52 Դիտումներ: Այլ » Մշակույթ
8 Նոյեմբեր 2013, 16:52 - NovostiNK
Արամ Խաչատրյանի անվան տրիոն շարունակում է հանդես գալ հյուրախաղերովՊրահայի Լիխտեյշտեյն պալատում նոյեմբերի 16-ին կայանալու է Արամ Խաչատրյանի անվան տրիոյի համերգը: Այնուհետև տրիոն ելույթներ կունենա ՌԴ-ի Տյումեն, Չելյաբինսկ, Սուրգուտ, Ուֆա և Մագնիտագորսկ քաղաքներում: Արամ Խաչատրյանի անվան տրիոյի հյուրախաղերը նվիրվում են Արամ Խաչատրյանի 110-ամյակին: Այս մասին տեղեկանում ենք մշակույթի նախարարությունից:

Նշենք, որ սեպտեմբերի 26–ից հոկտեմբերի 12-ը Արամ Խաչատրյանի անվան տրիոն համերգային շրջագայություններով հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության մի շարք քաղաքներում՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Մուրմանսկ, Վլադիմիր, Տուլա, Արխանգելսկ, Սեվերոդվինսկ: Համերգաշարն անցկացվել է Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում: Ռուսաստանյան նվագախմբերի հետ կատարումներով հանդես են եկել Կարեն Շահգալդյանը /ջութակ/, Արմինե Գրիգորյանը /դաշնամուր/ և Կարեն Քոչարյանը /թավջութակ/:
Ծրագրում ներառված են եղել Արամ Խաչատրյանի դաշնամուրի, ջութակի կոնցերտները, թավջութակի կոնցերտ–ռապսոդիան, Պյոտր Չայկովսկու, Առնո Բաբաջանյանի, ժամանակակից հայ կոմպոզիտորներ Ռուբեն Սարգսյանի, Վաչե Շարաֆյանի, Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները:

Արամ Խաչատրյանը ծնվել է 1903 թվականի հունիսի 6-ին Թիֆլիսում: 10 տարեկանում ընդունվում է Թիֆլիսի առևտրական տեխնիկում, որտեղ փողային նվագախմբում շեփոր էր նվագում: 1921 թվականի աշնանը արդեն ճանաչված արվեստագետ դարձած Սուրեն Խաչատրյանը կրտսեր եղբորը տանում է Մոսկվա` ուսում ստանալու, ընդունվում է Գնեսինների երաժշտական տեխնիկում, որտեղ թավջութակի դասարանում երկու տարի սովորելուց հետո, իր ուսուցիչ Գնեսինի խորհրդով, տեղափոխվել է ստեղծագործական դասարան: 1929 թ-ին Ա. Խաչատրյանը ավարտում է Գնեսինների ուսումնարանը և ընդունվում Մոսկվայի կոնսերվատորիայի նախ` Մ. Գնեսինի, ապա` Ն. Մյասկովսկու ստեղծագործական դասարանը: Անվանի կոմպոզիտոր և հիանալի մանկավարժ Ն. Մյասկովսկու ղեկավարությամբ Ա. Խաչատրյանը գրում է իր «Ջութակի և դաշնամուրի սոնատը», «Դաշնամուրի, ջութակի և կլարնետի տրիոն», «Պարային սյուիտը», «Տոկատը» և այլ գործեր: Կոնսերվատորիան ավարտելիս, որպես դիպլոմային աշխատանք Ա. Խաչատրյանը գրել է իր Առաջին սիմֆոնիան, որը նվիրել է Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 15-ամյակին: 1940 թվականին Ա. Խաչատրյանը գրել է իր Ջութակի կոնցերտը` նվիրված տաղանդավոր ջութակահար Դավիթ Օյստրախին, որի համար ստացել է իր առաջին Պետական մրցանակը: 1941 թվականին ստեղծվել է Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունը:

Հայրենական Մեծ պատերազմի տարիներին ծնվել են նոր գործեր` պատերազմական թեմաներով երգեր, «Գայանե» բալետը Երկրորդ սիմֆոնիան, որոնց նույնպես կոմպոզիտորին շնորհվեցին Պետական մրցանակներ: 1944 թ. նա գրեց Խորհրդային Հայաստանի Պետական հիմնը:1956 թ. Լենինգրադի Կիրովի անվ. օպերայի և բալետի թատրոնում կայացել է «Սպարտակ» բալետի պրեմիերան: 1959 թ. «Սպարտակ» բալետի համար Ա. Խաչատրյանին շնորհվել է Լենինյան մրցանակ:

Աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները իրենց ուրույն տեղն են գրավել համաշխարհային դասական երաժշտության գանձարանում և մեծ ժողովրդայնություն են վայելում ամբողջ աշխարհում: Նրա ստեղծագործությունները հոգեհարազատ և հասկանալի են աշխարհի բոլոր ժողովուրդներին, նրա տաղանդը սիրված ու հարգված է բարձր արվեստը գնահատողների կողմից ` անկախ ազգային պատկանելությունից: ՅՈՒՆԵՍԿՕ-ն դասում է Խաչատրյանի անունը քսաներորդ դարի ամենահայտնի կոմպոզիտորների շարքին:
Արամ Խաչատրյանը մահացել է 1978 թվականի մայիսի 1-ին: Նա թաղված է Երևանի Կոմիտասի անվան այգու պանթեոնում` արվեստի ու գրականության հայ երախտավորների կողքին:

Panorama

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS