TOP նոր
» » » Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է

Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է

6-06-2017, 12:15 Դիտումներ: Այլ » Մշակույթ
Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է

6 Հունիս 2017, 12:15 - NovostiNK
Մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն արդեն 13-րդ անգամ մեկնարկելու է համանուն միջազգային մրցույթը, որն այս տարի առաջին անգամ կանցկացվի «Վոկալ» մասնագիտությամբ։ Մշակույթի նախարարության տեղեկացմամբ, օրվա առիթով «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Ա. Խաչատրյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը, այնուհետև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Արամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում հանդես կգան Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և ԱՊՀ երկրների երիտասարդական նվագախումբը, Օպերային թատրոնի երգչախումբը, Մեծ թատրոնի մենակատարներ և այլ պատվավոր հյուրեր։

ՀԽՍՀ, ՎԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետական և Լենինյան մրցանակների դափնեկիր, Սոցիալիստական աշխատանքի հերոս, հասարակական գործիչ, արվեստագիտության դոկտոր Արամ Խաչատրյանը ծնվել է 1903 թ. հունիսի 6-ին Թբիլիսիում: Ապագա կոմպոզիտորը նախ ուսանել է Ա. Արղության-Դոլգորուկովայի վարժարանում, 10 տարեկանում ընդունվել է Թիֆլիսի առևտրական տեխնիկումը, որտեղ փողային նվագախմբում շեփոր էր նվագել: 1921 թվականի աշնանը արդեն ճանաչված արվեստագետ դարձած Սուրեն Խաչատրյանը կրտսեր եղբորը տարել է Մոսկվա` ուսում ստանալու: Այստեղ իսկական արվեստին հաղորդակցվելու մեծ հնարավորությունները, ինչպես նաև շրջապատողների պնդումները` լրջորեն երաժշտությամբ զբաղվելու, տարել են նրան Գնեսինների երաժշտական տեխնիկում, որտեղ թավջութակի դասարանում երկու տարի սովորելուց հետո, իր ուսուցիչ Գնեսինի խորհրդով, տեղափոխվել է ստեղծագործական դասարան: Այստեղ նա գրել է մի շարք գործիքային պիեսներ, որոնցում արդեն իսկ ակնհայտ էր նրա ստեղծագործական անհատականությունը: Միաժամանակ երիտասարդ Խաչատրյանը ակտիվ գործունեություն է ծավալել Մոսկվայում Հայաստանի կուլտուրայի տանը, որտեղ նա ծանոթացել է շատ հայ արվեստագետների հետ, խորացել են նրա պատկերացումները հայկական ժողովրդական արվեստի մասին, նաև գրել է երաժշտություն Հայկական դրամատիկական ստուդիայի ներկայացումների համար /«Պաղտասար աղբար», «Ատամնաբույժն արևելյան», «Խաթաբալա» և այլն/:

1929 թ-ին Ա. Խաչատրյանը ավարտել է Գնեսինների ուսումնարանը և ընդունվել Մոսկվայի կոնսերվատորիայի նախ` Մ. Գնեսինի, ապա` Ն. Մյասկովսկու ստեղծագործական դասարանը: Անվանի կոմպոզիտոր և հիանալի մանկավարժ Ն. Մյասկովսկու ղեկավարությամբ Ա. Խաչատրյանը գրել է իր «Ջութակի և դաշնամուրի սոնատը», «Դաշնամուրի, ջութակի և կլարնետի տրիոն», «Պարային սյուիտը», «Տոկատը» և այլ գործեր: Ուսման տարիներին գրված ստեղծագործությունները անմիջապես հրատարակվել են, կատարվել` ազդարարելով երիտասարդ կոմպոզիտորի մուտքը երաժշտության աշխարհ:

Կոնսերվատորիան ավարտելիս, որպես դիպլոմային աշխատանք Ա. Խաչատրյանը գրել է իր Առաջին սիմֆոնիան, որը նվիրել է Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 15-ամյակին: Ա. Խաչատրյանը շարունակել է ուսումը ասպիրանտուրայում, կրկին` Ն. Մյասկովսկու ղեկավարությամբ և ավարտել է այն իր մի նոր խոշոր կտավի գործով` Դաշնամուրի կոնցերտով: 1940 թվականին Ա. Խաչատրյանը գրել է իր Ջութակի կոնցերտը` նվիրված տաղանդավոր ջութակահար Դավիթ Օյստրախին, որի համար ստացել է իր առաջին Պետական մրցանակը:

1941 թվականին ստեղծվել է Լերմոնտովի « Դիմակահանդես» դրամայի երաժշտությունը:

Հայրենական Մեծ պատերազմի տարիներին ծնվել են նոր գործեր` պատերազմական թեմաներով երգեր, «Գայանե» բալետը /1939 թվականին գրված «Երջանկություն» բալետի նորացված տարբերակը/, որը հենց պատերազմի թեժ օրերին բեմադրվել է Պերմ քաղաք էվակուացված Լենինգրադի Ա. Մ. Կիրովի անվ. օպերայի և բալետի թատրոնի կողմից: 1943 թ-ին ծնվել է Երկրորդ սիմֆոնիան: «Գայանե» բալետի և Երկրորդ սիմֆոնիայի համար նույնպես կոմպոզիտորին շնորհվել են Պետական մրցանակներ: 1944 թ-ին նա գրել է Խորհրդային Հայաստանի Պետական հիմնը:

1959 թ-ին «Սպարտակ» բալետի համար Ա. Խաչատրյանին շնորհվել է Լենինյան մրցանակ: «Գայանե» և «Սպարտակ» բալետները մինչ այսօր շարունակում են իրենց հաղթարշավը աշխարհի բեմերում:

Խորհրդային երաժշտական արվեստի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար Խաչատրյանին շնորհվել են Սոցիալիստական աշխատանքի հերոսի, ԽՍՀՄ, Հայաստանի և միութենական հանրապետությունների ժողովրդական արտիստի, արվեստի վաստակավոր գործչի, Լենինյան և 5 Պետական մրցանակների դափնեկրի կոչումներ, մեդալներ, շքանշաններ:

Նրա 3 սիմֆոնիաները, 3 կոնցերտներն ու Կոնցերտ ռապսոդիաները, բալետները, այլ սիմֆոնիկ գործերը, ստեղծագործությունները մենակատարների, երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար, կամերային և վոկալ ստեղծագործությունները, դրամատիկական ներկայացումների և 17 կինոֆիլմերի համար գրված երաժշտությունը /այդ թվում` հայկական «Պեպո» և «Զանգեզուր» ֆիլմերը/ գրավում են մեծ լսարաններ գրեթե բոլոր մայրցամաքներում:

Որպես կոմպոզիտոր և նվագավար Արամ Խաչատրյանը հեղինակային համերգներով հանդես է եկել ավելի քան 50 երկրներում. Ավստրիա, Բելգիա, Մեծ Բրիտանիա, Բուլղարիա, Ռումինիա, Հունգարիա, Լեհաստան, Չեխոսլովակիա, Հարավսլավիա, Եգիպտոս, Հունաստան, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա, Ֆինլադիա, Իրան, Շվեդիա, Շվեյցարիա, Նորվեգիա, Ճապոնիա, Միացյալ Նահանգներ, Մեքսիկա, Լատինական Ամերիկայի երկրներ և այլն:

Ա. Խաչատրյանն ընտրվել է Հայաստանի Գիտությունների ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս, Իտալիայի «Սանտա Չեչիլիա» երաժշտական ակադեմիայի, Մեքսիկայի կոնսերվատորիայի, Գերմանիայի և Հունաստանի արվեստի ակադեմիաների պատվավոր պրոֆեսոր:

Արամ Խաչատրյանը 20-րդ դարի խոշորագույն կոմպոզիտորներից է: Նա մեծ ազդեցություն է թողել հայ և Արևելքի ժողովուրդների երաժշտության զարգացման վրա, համաշխարհային ասպարեզ դուրս բերել հայ ազգային երաժշտարվեստը:

Արամ Խաչատրյանն իր մահկանացուն կնքել է 1978 թվականի մայիսի 1-ին` 75-ամյակի հոբելյանի շեմին: Թաղված է Երևանի Կոմիտասի անվան այգու պանթեոնում:
«Արամ Խաչատրյանը մշակույթ մտավ հաստատուն «հայցով» ` միանգամից և մշտապես դրոշմվելով երաժշտության պատմության մեջ. նա բարձր մասնագիտական ուղեծիր հանեց արևելքի իրական ժողովրդական հարստությունը… Խաչատրյանի ստեղծագործական աշխատանքը իր մեջ է ներառել հայկական ժողովրդական երաժշտության մի հսկայական շերտ։ Դրա ելևէջներից շատերը կոմպոզիտորը այնքան խորն էր ընկալել և վերամարմնավորել, որ դրանք ընկալվում են որպես խաչատրյանական»,- ասել է կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS