TOP նոր
» » » Մեծ պրեմիերա՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում

Մեծ պրեմիերա՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում

24-01-2014, 12:53 Դիտումներ: Այլ » Մշակույթ
24 Հունվար 2014, 12:53 - NovostiNK
Մեծ պրեմիերա՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմումՀակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում հունվարի 25-ին պրեմիերա է՝ Տիգրան Չուխաջյանի «Կարինե» օպերետը: Երկու գործողությամբ «Կարինե» օպերետի լիբրետտոյի հեղինակն է Թագվոր Նալյանը, բեմադրությունը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Երվանդ Ղազանչյանի, նկարչական ձևավորումը՝ Ռոբերտ Էլիբեկյանի, ներկայացման դիրիժորն է Յուրի Դավթյանը, խմբավարը՝ Շուշան Հովհաննիսյանը, պարուսույցը՝ Աննա Կարապետյանը:

Ներկայացման ռեժիսոր Շուշանիկ Գևորգյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը մշտապես առաջնություն է տալիս դասական դրամատուրգիային, դասական հեղինակներին ու կոմպոզիտորներին:

««Կարինե» բեմադրելու նախաձեռնությունը վաղուց կար, ուղղակի բավականին շատ աշխատանք էր պահանջում՝ ոչ միայն մարդկային ռեսուրսներ, նաև ֆինանսական ներդրումներ էր անհրաժեշտ»,- հայտնեց նա:

Ներկայացման մեջ ընդգրկված է 90 հոգի՝ երգչախումբ, նվագախումբ, հիմնականում թատրոնի երիտասարդ ու միջին սերնդի ներկայացուցիչները:

«Նրանց համար մեծ պատասխանատվություն է հանդես գալ այս ներկայացման մեջ, քանի որ ժամանակին մեծանուն երգիչ, երգչուհիներ են երգել օպերետում»,-նշեց Շ. Գևորգյանը:

Նա վստահեցրեց, որ հեղինակի «Կարինե»-ից որևէ շեղում չի եղել, հավատարիմ են մնացել և երաժշտությանը, և տեքստին:

«Ժամանակակից է միայն այն, որ ներկայացումը ռիթմի և գործողության առումով ավելի դինամիկ է դարձել»,- շեշտեց ռեժիսորը:

Շ. Գևորգյանի խոսքով, բեմանկարչության մեծ կա նորամուծություն.

«Չուխաջյանը ծնվել է Թուրքիայում, ապրել թուրքական միջավայրում: Երվանդ Ղազանչյանի, Ռոբերտ Էլիբեկյանի նախաձեռնությամբ բեմանկարչության մեջ թուրքական ոչ մի բան չի եղել: Կոնկրետ ժամանակաշրջան չի շեշտվում: Այդ իրավիճակը կարող է լինել նաև այսօր»:

Նա նշեց, որ արդեն մեկ փակ դիտում են ունեցել, որին հրավիրել են երիտասարդների՝ պարզելու՝ կգրավի՞ երիտասարդներին, թե՞ ոչ:

«Արդեն ևս մեկ անգամ գալու ու դիտելու հայտ են ներկայացրել: Այսինքն, երիտասարդը ներկայացման մեջ տեսնում է իր նմանին, իր տարեկցի զգացմունքները, անկեղծությունը: Այնպես չէ, որ այսօր ասում են երիտասարդին արվեստի հետ առնչվող որևէ բան չի հետաքրքրում: Նման բան չկա, ուղղակի պետք է մատուցվի սիրուն, գունագեղ ու հետաքրքիր»,- ասաց ռեժիսոր Շուշանիկ Գևորգյանը:

Ներկայացումը ցուցադրվելու է նաև հունվարի 26-ին: Այն ընդգրկվելու է թատրոնի մշտական խաղացանկում:

«Կարինե» օպերետի գլխավոր հովանավորն է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը: Ներկայացումն իրականացվել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS