TOP նոր
» » » Լեոնիդն ու Մոնթեն են հայի տեսակը, ոչ թե «ջիպազգիները». Սա պիտի մատուցվի հայ երիտասարդին

Լեոնիդն ու Մոնթեն են հայի տեսակը, ոչ թե «ջիպազգիները». Սա պիտի մատուցվի հայ երիտասարդին

17-10-2013, 13:14 Դիտումներ: Այլ » Կենսակերպ
Լեոնիդն ու Մոնթեն են հայի տեսակը, ոչ թե «ջիպազգիները». Սա պիտի մատուցվի հայ երիտասարդին
17 Հոկտեմբեր 2013, 13:14 - NovostiNK
Այսօր իրականացվող մշակութային քաղաքականության, թերությունների ու բացերի, առկա խնդիրների, ազգային մշակույթին ուղղված մարտահրավերների, մտավորականության դերի և այլ հարցերի շուրջ ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցել է «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի հետ.

-Խոսենք մեր երկրի մշակութային քաղաքականության մասին: Տպավորությունն այնպիսին է, որ այսօր ամեն կերպ հետին պլան են մղվում ազգային մշակույթը, ազգային արժեքները, փոխարենը մեզ հրամցվում են կեղծ արժեքներ: Ո՞վ է այս ամենի պատասխանատուն:

-Ամեն ինչի գլխավոր պատասխանատուն` բոլոր ասպարեզներում, հանրապետության նախագահն է: Ինչպես նախագահն ի պաշտոնե ՀՀ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարն է, նույն կտրվածքով, նույն տեսանկյունով պիտի ընդունենք, որ հայ մշակույթի տերն ու պաշտպանը, քաղաքականություն որոշողը երկրի նախագահն է: Շատ բան կախված է ընդամենը ինչ-ինչ դրսևորումներից:

Մի անգամ արդեն ասել եմ այս մասին՝ Երևան քաղաքի տոնին երեք կիսաբարո ռուս աղջիկներ ելույթ ունեցան, կաթողիկոսի և նախագահի ներկայությամբ երգեցին ինչ-որ անհասկանալի երգ, որը չգիտես ինչ կապ ունի մեր մայրաքաղաքի տոնի հետ, և քաղաքական ամբողջ վերնախավի կողմից ծափողջույնների արժանացան: Եթե հանկարծ ՀՀ նախագահը և կաթողիկոսը իրենք իրենց թույլ տային մի փոքր հադուգն լինել և ցուցադրական կերպով հեռանային՝ որպես բողոք կամ դադարեցնել տային այդ համերգը, որն ի դեպ կառավարական էր, եթե գոնե մի անգամ ցուցադրվեր երկրի քաղաքական էլիտայի՝ հակամշակույթի բեմ սողսկելն արգելելու կամքը, հաջորդ անգամ կազմակերպիչները դժվար թե հանդգնեին նման բան անել: Խոսքս գոնե այն համերգների մասին է, որոնք պետական-կառավաչական համերգներ են և պետական հովանավորչություն ունեն: Նման վարվելակերպը մեծ դաս կլիներ: Հենց այստեղից սկսվում է այն ամենն, ինչը հետո վերածվում է մշակութային խառնաշփոթի և մշակութային սրբապղծության:

-«Էրեբունի-Երևան 2795»-ի միջոցառումների շրջանակներում ազգագրական համերգներ նախատեսվա՞ծ են:

-Ազգային խմբերը մի օր ելույթ են ունենալու Էրեբունի թանգարանի մոտ, հաջորդ օրը՝ Մաշտոցի պողոտայում: Ինչպես ամեն տարի, այս տարի էլ Հանրապետության հրապարակում ազգագրական խմբերը ելույթ չեն ունենա:

Ես Նունե Եսայանի դեմ ոչինչ չունեմ, բայց ինչու՞ պետք է Հանրապետության Անկախության օրը նշվի մեկ երգչուհով, ինչու՞ պիտի Սահակ Սահակյանի ձայնը չլինի, ինչու՞ պիտի հատիկ-հատիկ ընտրված չլինի բեմական խոսքը: Այդ համերգը կարող էր երկու շաբաթ շուտ լիներ, կամ ուշ, ասելիքը չէր փոխվի: Հանրապետության Անկախության տոնն այդպես էլ ժողովրդինը չի դառնում նաև այդպիսի միջոցառումների պատճառով: Այդ համերգն Անկախության հետ կապված ասելիք չուներ: Ասելիքը շատ ավելի խորը պիտի լիներ՝ Անկախության գաղափարի մատուցումը՝ աճող սերնդին: Նոր դաստիարակվող, հայեցի կերպարանք ստացող և վաղվա՝ ոչ թե անձնագրով, այլ իրական հոգեկերտվածքով ՀՀ քաղաքացի դարձող երիտասարդի համար ավելի քան կարևոր է, որ լսի բեմից հնչող խոսքը, թե ինչու է կարևոր Հայաստանի անկախությունը: Ի վերջո, անկախությունն ինքնանպատակ չէ: Լինելով բացարձակ արժեք՝ այն ինքնանպատակ լինել չի կարող: Նպատակն անկախությունն ինքը չէ, այլ ազգի անկախ գոյատևումն ու անվտանգ կենսագործունեությունը: Անկախությունը պետք է ծառայի ազգին: Իսկ ազգը լքում է հայրենիքը, այսօր արտագաղթն ավելի է ուռճանում: Հայեցի դաստիարակություն չկա: Անկախության տարիներին պիտի զարգանար հայ մարդու տեսակը, անկախությունը պիտի հայ մարդուն բերեր ինքնահարգանքի: Հայը պիտի չամաչի իր տեսակի համար, երվրոպաներում չփորձի թաքցնել, թե ով է ազգությամբ, այլ հպարտություն ապրի իր ծագումնաբանության համար: Նա պիտի հասկանա, նրան պիտի մատուցեն, որ Մաշտոցն է հայը, ոչ թե Արմենչիկը, Արման Հովհաննիսյանը, Թաթան ու Վլեն: Որ Լեոնիդ Ազգալդյանն ու Մոնթե Մելքոնյանն են հայը, ոչ թե «ջիպազգիները»: Եթե դա չես մատուցում հայ երիտասարդին, նա մեծանում է այլ արժեքներով: Եթե նույնիսկ ինչ-որ բաներ իշխանավորների վերահսկողությունից դուրս են և չեն կարողանում կարգավորել, ապա գոնե իրենց պահվածքով պիտի ցույց տան, թե ինչն է կարևոր: Եթե երկրում գերիշխում է օլիգարխիկ համակարգը, փոխարենը գոնե խոսքով դպրոցում, մշակույթով պիտի իրական արժեքներ մատուցվեն: Որպեսզի երիտասարդը դրան ձգտի, ոչ թե ցանկանա դառնալ օլիգարխ: Որ ձգտի Կոմիտաս դառնալ, ոչ թե ջիպավոր: Փորձի Նժդեհի նման գաղափարի մարտիկ դառնալ, ոչ թե գրպանի մարտիկ: Երիտասարդ սերնդին դաստիարակել է պետք:

Այսօր մեր կողքին ունենք հերոսներ, որոնց չենք նկատում, փոխարենն այսօրվա հերոսները սերիալային գողականներն ու օլիգարխներ են: 20 և ավել անկախության տարիներին մենք կերտել ենք 2-3 հայրենասիրական գեղարվեստական ֆիլմեր, որոնք ավելի քան սրբապղծություն են: Նժդեհը հերթական զինվորիկի պահվածք ունի և անգամ անգամ գաղափարներն են սխալ ներկայացված:

Ընդամնեը գաղափարական կամք է պետք, վեր կանգնել, կոշտ դիրքորոշում ունենալ: Վերադառնանք այդ համերգին. համայն հայության մայրաքաղաքի տոնին բեմ է բարձրանում մի խումբ, հայտարարում որ նվիրում է աշխարհի բոլոր ազգերի հիթը և երգում «Հավանա գիլա»: Պատկերացրեք Թել-Ավիվում կամ բարեկամ Մոսկվայում հայերը համարձակվեն նման բան անել: Խեղկատակությունն այն է, որ մենք հանդուրժում ենք այդ ամենը: Իսկ կազմակերպիչները նոր պաշտոն են ստանում: Մեր նախորդ նախագահն իր պաշտոնական հյուրերին տանում էր ջազ լսելու: Ոչ ոք իրավունք չունի ինքը որոշելու թե ինչ արարողակարգ պիտի լինի իմ երկրի, իմ պետության համար: Որևէ մեկը իմ երկրի հյուրին ջազ հրամցնելու իրավունք չունի: Ձեր անձնական հյուրերին տարեք ուր ուզում եք: Ասեք՝ ո՞ր երկիրը 4-րդ դարի շարականներ ունի, իսկ մենք հրամցնում ենք մեկ դար առաջ ստեղծված ինչ-որ կապկված ջազ: Ջազին դեմ չեմ: Եթե դա լիներ ընդհանուր համերգ և եթե հայկական ջազը ներկայացված լիներ, քավ լիցի, ես դեմ չեմ լինի:

-Ազգային դիմագծից հեռանալու պատճառը մեզանում նաև ճանաչողութան խնդիրն է: Հատկապես երիտասարդ սերունդը չի ճանաչում ազգային մշակույթը, հետևաբար հեռանում է: Հրաշալի օրինակը «Կարինի» բաց դասերն են: Մեկ անգամ ներկա գտնվողն այլևս չի կարող հեռանալ: Ազգային արժեքները ճանաչելի դարձնելու խնդրում ո՞ր օղակներն են թերանում: Կխնդրեի խոսել հատկապես հեռուստատեսության դերի մասին:

- Մեզանում ոչ միայն չճանաչելու խնդիր կա, այլև հակագովազդի: Հիմա ավելի զգուշավոր են, բայց ինչ-որ մեկը եթերից կարող էր ասել՝ հա լավ ինչքան պիտի քրջ ու փալասով պարեք, կամ՝ հա լավ ինչքան պիտի Կոմիտասի տակ պարեք՝ չհասկանալով որ Կոմիտասի տակ չեն պարում, այլ մեղեդու ներքո: Ուրեմն՝ հազարամյակներ շարունակ հայ մարդը կարողացել է իր մշակույթվ բավարարվել ու հանկարծ այսօր հասկացանք, որ ոչ թե մեր հազարամյակների մշակույթը պիտի մեզ ուղեկցի, այլ հարյուր տարի առաջ ստեղծված ինչ-որ կիսագրագետ ազգերի մշակու՞յթ, որը մեզ հրամցնում են՝ թաքուն ներարկելով մեր երակների մեջ: Իրական սնունդը հասկացող մարդը թմրեցնող բաներով չի տարվում: Ցավոք, մենք ցույց չենք տալիս իրական սնունդը: Մենք կարող ենք ծաղրել Կոմիտասին: Մի անգամ մի երաժշտական ձևավորող հեռուստաալիքներից մեկով ասում էր՝ իսկ ով է ասել, որ Կոմիտասը կարող է ինձ կաղապարել և ասել, որ ես չպետք է կլկլացնեմ: Իսկ ինչ-որ մեկն ասում էր, որ եթե Սայաթ-Նովային ազգը ճանաչի, կդադարի հարգել Կոմիտասին:

Երբ անկախ հեռուստաընկերությանը դիմում ես որևէ հարցով, ասում են՝ մենք չափորոշիչներ ունենք, որոնց մեջ պիտի տեղավորվենք: Մեզ կաղապրել են, մեզ պարտադրել են: Միգուցե անկախ հեռուստաընկերությունների հանձնաժողո՞վը անելիք ունի, որ նոր չափորոշիչներ որոշի:

Մենք պարտադրեցինք, որ բոլոր հեռուստաընկերություններն ազգային օրհներգը, դրոշն ու զինանաշանաը ցուցադրեն՝ գոնե երկու անգամ: Մինչ այդ տեսնում էինք միայն ընտրություններից առաջ: Պարտադրեցինք մինչև ժամը 12-ը բաց տեսարանով ֆիլմեր չցուցադրել: Ոմանք կարող են ասել՝ դա էլ մարդու իրավուքնների ոտնահարում է: Պետք է հասկանանք ինչն է վնասակար մեզ համար: Այն ամենն, ինչը կազմալուծում է երկիրը, պիտի պտականորեն վերահսկվի, ազգային անվտագության խնդիր լինի,այդ թվում՝ եթերը: Միգուցե Ազգային անվտանգությունը պիտի թելադրի այն կետերը, որոնք չպիտի եթեր հեռարձակվեն և ապականեն հայ մարդու հոգեբանությունը:

-Այս իրավիճակում որն է հայ մտավորականի դերը այսօր: Դուք Ձերը Ձեր օրինակով ցույց եք տալիս...

-Բոլոր իրավիճակներում մտավորականի դերը նույնն է: Դա շատ լավ բանաձևել է Նժդեհը. «Ազգի ճակատագրի դարբինը մտավորականությունն է: Ցավոք, այսօր դարբնի ձեռքից և «սալն» են խլել, և «մուրճը»: Եվ հաճախ սեփական մատները ջարդելով, սեփական գուխը ջարդելով, ոգին ջարդելով՝ հայ մտավորականը փորձում է կռել ազատ լինելու կամքը: Կռել՝ առանց սեփական գործիք ունենալու: Մեր տարբեր իշանավորներ այնպես արեցին, որ մտավորականությունը հեռանա Հայաստանից: Փոշիացրին մտավորականությանը: Անկախ Հայաստանի իշխանություններին պատմությունը միգուցե ամեն ինչ ների, բացի մտավորականների փոշիացումից և երիտասարդների կուսակցականացումից: Առաջին ԱԺ տեղակալ Արա Սահակայանին երբ հարցրել են՝ մտավորականությունը հեռանում է, Դուք ի՞նչ եք մտածում, պատասխանել է՝ ավելի լավ՝ նորերի համար տեղ կբացվի: Մերօրյա վարչապետն էլ հայտարարում էր՝ խելացի մասսան թող հեռանա, որ հեղափոխություն չլինի: Մյասնիկյանը հատիկ-հատիկ հավաքեց մտավորականությանը, ոչ թե որպեսզի ցույց տա, որ մտավորական ունի, ոչ թե ասի՝ ընտրությունների ժամանակ կխոսես իմ մասին, ինձ կգովերգես, նա բերեց Թամանյանին և կոնստրուկտորական բյուրո բացեց, որպեսզի ոչ միայն կարողանար Երևանը կառուցեր, այլ ստեղծեր ճարտարապետական դպրոցը, որ մինչ օրս չեն կարողանում ոչնչացնել: Բերեց Սպենդիարյանին, ով ստեղծեց կոմպոզիտարական դպրոց, Մարտիրոս Սարյանին, ով ստեղծեց նկարչական դպրոց: Այսօր, ինչքան հեռաում են մտավորականները, մնացողների բեռը ծանրանում է: Բայց պիտի Նժդեհի գաղափարներից կրկին օգտվեմ՝ կգերադասեի Դիոգենեսի նման բավարարվել տակառով, քան Արիստիպոսի նման հացկատակ լինել թագավորական սեղաններին: Շատերը, ցավոք, ճարահատյալ դարձան պալատական երգիչներ:

Հարցազրույցը՝ Հասմիկ Գյոզալյանի

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS