
14 տարի ամերիկյան հեռուստաեթերների իրական ամենառեյտինգային հաղորդաշարերից մեկը՝ «Keeping Up With The Kardashians» իրապատում շոուն, փակվում է: Նկարահանումներն իրականացվելու են մինչեւ տարեվերջ, վերջին եթերաշրջանը կթողարկվի 2021-ի սկզբին։
Հեռուստաշոուի փակվելու մասին «Իստագրամ»-ի իր էջում հայտնել է իրապատում շոուի գլխավոր աստղ Քիմ Քարդաշյանը՝ նշելով, որ իրենք ամբողջ թիմով չափազանց ծանր ու բարդ որոշում են կայացրել:
Քիմ Քարդաշյանը շնորհակալություն է հայտնել շոուի հետ համագործակցած գործարարներին, մասնավոր ձեռնարկատերերին, հազարավոր հեռուստադիտողներին, որոնք տարիներ շարունակ անհամբերությամբ սպասել եւ հետեւել են իրական պատմություններին, ընտանիքի հույզերին, ուրախ եւ տխուր պահերին, ինչպես նաեւ շնորհակալություն է հայտնել «E!» հեռուստաալիքին եւ ալիքի ստեղծագործական թիմին՝ կատարած աշխատանքի համար:
«Օրհնված են բոլոր հրաշալի հիշողություններն ու մարդիկ, որոնց վիճակվել է հանդիպել այս երկար ճանապարհին: Առանց «Keeping Up with the Kardashians»-ի ես չէի լինի այնպիսին, ինչպիսին կամ հիմա։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այս 14 տարվա ընթացքում դիտել են, աջակցել ինձ ու իմ ընտանիքին։ Այս շոուն մեզ դարձրել է այնպիսին, ինչպիսին կանք, եւ ես պարտք եմ մնում բոլոր նրանց, ովքեր դեր են կատարել մեր կարիերայի ձեւավորման համար եւ հավետ փոխել մեր կյանքը։ Սիրով ու շնորհակալությամբ՝ Քիմ»,- գրել է հեռուստաաստղը: