Ներկաները խոնարհվել և ծաղիկներ են դրել Արցախյան հերոսամարտում մարտնչած և հանուն հայրենիքի կյանքը զոհաբերած մարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ:
Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը օրհնության խոսք է հղել զորակոչիկներին՝ կոչ անելով սրբությամբ ու հավատով պաշտպանել և անառիկ պահել հայրենի եզերքի սահմանները:
Ողջունելով և խաղաղ ծառայություն մաղթելով նորակոչիկներին, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ ծառայության մեկնող յուրաքանչյուր երիտասարդ պետք է գիտակցի, որ Հայրենիքի կողմից պաշտպանված քաղաքացուց այլևս դառնում է հայրենիքի պաշտպան, Հայոց բանակի արժանի զինվոր, ում նայելով հասարակությունը գիտակցում է, որ հայրենիքը պաշտպանված է: Զինված ուժերի ղեկավարությունն ու հրամանատարությունն էլ իր հերթին անում են ամենայն հնարավորը, որպեսզի բանակային երկու տարիները ծառայեն ի նպաստ հայ զինվորի գիտելիքների ու հմտությունների հարստացման, նրա հայրենասիրական հատկանիշների առավել բարձրացման:
ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել զորակոչիկների ծնողներին այն դաստիարակության ու հայրենասիրական ոգու համար, որով մեծացրել են իրենց զավակներին՝ անկախության սերնդի ներկայացուցիչներին: Սերունդ, որ քաջ գիտակցում է հայրենիքի գինը, զինվորական ծառայության դերն ու նշանակությունը:





