
Թերթի թղթակից Դեյվիդ Հերժենհորնը եղել է Ղարաբաղում և Ադրբեջանում և անձամբ է տեսել, թե ինչ է կատարվում երկու կողմերի ճակատային մասում: Ըստ նրա` հակամարտությունը դանդաղ, բայց հետևողականորեն տաքանում է և երկու կողմերից էլ օգտագործվում են ոչ միայն ավտոմատներ, այլև զրահատեխնիկա և նույնիսկ` հրթիռներ:
Հենց դրա պատճառով է, որ Մինսկի խմբի համանախագահները կանչել էին իրենց մոտ Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովին և կոշտ ձևով նախազգուշացրել պատերազմի վերսկսման անթույլատրելիության մասին:
Ըստ թղթակցի` ամենայն հավանականությամբ ադրբեջանցիների կողմից լարվածությունը կմեծանա հայերի Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ:
Վերլուծելով կոնֆլիկտը, հեղինակը նշում է, որ եթե պատերազմն այնուամենայնիվ վերսկսվի, ապա այն իր մասշտաբներով կարող է դառնալ ամենաարյունոտն ու ամենավտանգավորը, քանզի անխուսափելիորեն այս կամ այն չափով կոնֆլիկտի մեջ կներգրավվեն Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը:
Հերժենհորնը նաև շեշտում է, որ երկու կողմերին էլ ակտիվորեն զինում է Ռուսաստանը: Իսկ նավթադոլարների հոսքը ավելի կարծր է դարձրել Ադրբեջանի ղեկավարի դիրքորոշումը, ով գրեթե բացահայտ հայտարարում է, թե Հայաստանը խեղճ և աղքատ երկիր է, և այս կոնֆլիկտը արագ կլուծվեր, եթե Հայաստանը հովանավորներ չունենար:
Հեղինակը բերում է նաև Հայաստանի նախագահի խոսքերն այն մասին, որ Ադրբեջանի տաք գլուխները պետք է սպասեն նոր անակնկալների:
“The New York Times”-ի թղթակիցը խոսել է նաև երկու կողմի հասարակ բնակչության հետ և եկել այն եզրակացության, որ երկու ժողովուրդների մակարդակով դիրքորոշումները տարբերվում են գրեթե 180 աստիճանով, ինչն էլ բարդացնում է կոնֆլիկտի խաղաղ լուծման հնարավորությունը: