TOP նոր
» » » Ցեղասպանությունը և նեղ ազգայնականությունը. Դեյվիդ Ֆորսայթ

Ցեղասպանությունը և նեղ ազգայնականությունը. Դեյվիդ Ֆորսայթ

18-03-2015, 15:05 Դիտումներ: Մամուլ » Արևմտյան
18 Մարտ 2015, 15:05 - NovostiNK
Ցեղասպանությունը և նեղ ազգայնականությունը. Դեյվիդ Ֆորսայթ
Այս տարի լրանում է 20-րդ դարի առաջին լայնորեն ճանաչված ցեղասպանության՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Առաջին, բայց, դժբախտաբար, ոչ վերջին:

Դրան հաջորդեցին ցեղասպանություններ Եվրոպայում (նացիստների կողմից), Բանգլադեշում, Կամբոջայում, Ռուանդայում, Բալկաններում, Սուդանում և այլուր: Պոգրոմներ՝ փոքր ցեղասպանություններ տեղի ունեցան Ռուսաստանում և Խորհրդային Միությունում, «Առաջին լրատվական»-ի փոխանցմամբ՝ Omaha World-Herald պարբերականում գրում է Նեբրասկա-Լինկոլնի համալսարանի քաղաքական գիտությունների պրոֆեսոր, մարդու իրավունքների պաշտպանության մասին բազմաթիվ գրքերի հեղինակ Դեյվիդ Ֆորսայթը:

Մինչդեռ նորից ու նորից մենք շարունակում ենք ասել՝ «Այլևս երբեք»:

Երեքշաբթի Նեբրասակա-Լինկոլնի համալսարանում բացվում է գիտաժողով («Հատելով հարյուր տարին. Հայոց ցեղասպանության պատմագրությունը վերագնահատված է»), որտեղ կքննարկվեն Ցեղասպանության ուսումնասիրության բաց մնացած ասպեկտները, ինչպիսիք են դրա ազդեցությունը ժամանակակից հումանտարիզմի վրա և նմանությունները նախորդ դարի ցեղասպանությունների հետ:

1915թ. շատ ամերիկացիներ գիտեին Օսմանյան կայսրությունում ապրող 1.5 միլիոն հայերի սպանությունների մասին, գրում է Ֆորսայթը: Ամերիկայի Կարմիր խաչի ղեկավարները և Ստամբուլում ԱՄՆ-ի ապագա դեսպան Հենրի Մորգենթաունը փորձեցին պատասխանել Երիտթուրքերի վարչակարգի կողմից իրականացվող վայրագություններին: Մինչդեռ Վուդրո Վիլսոնի վարչակազմը և Կոնգրեսը տեղից չշարժվեցին միջամտելու համար:

Միացյալ Նահանգները, որոնք զգուշությամբ հետևում էին Առաջին համաշխարհային պատերազմին և ակտիվորեն ներգրավված չէին աշխարհի գործերին, աչք փակեցին ցեղասպանության վրա:

Թուրքիայի իշխանությունները շարունակում են դիմադրել՝ խուսափելով հայերի հետ կատարված իրադարձությունների մասին խոսելիս օգտագործել «ցեղասպանություն» եզրը: Սակայն չշեղվենք իրավական տառակերությամբ: Օսմանյան իշխանությունները որդեգրել էին մի քաղաքականություն, ինչի հետևանքով սպանվեց ավելի քան մեկ միլիոն քաղաքացի, հիմնականում կանայք, երեխաներ և ծերեր: Զոհերի համար որևէ նշանակություն ունի՞, թե ինչ ենք մենք դա անվանում՝ պատերազմական հանցագործությու՞ն, մարդկության դեմ հանցագործությու՞ն, թե՞ զանգվածային սպանություն կամ վայրագություն: Ո՛չ: Նշանակություն չունի:

Ամերիկան դուրս է եկել իզոլյացիոնիզմի քաղաքականությունից, չնայած դրա համար պահանջվեց Երկրորդ համաշխարհային պատերազմ, որպեսզի նա դագաղի վերջին մեխը խփի: Անգամ այսօր՝ Աֆղանստանում ու Իրաքում երկարատև և հիասթափեցուցիչ պատերազմներից հետո, այդ երկիրը շարունակում է աջակցել Իսլամական պետության, ինչպես նաև այլ վայրերում՝ Եմենում ու Սոմալիում, մյուս արմատական շարժումների դեմ օդային հարվածներին:

Որոշ լիբերալներ հակված են դեպի նորացված իզոլյացիոնիզմը ՝ փորձելով գտնել փոքր, էժան դաշնային կառավարություն, սակայն այդ տեսակետը չի գերակշռի գլոբալիզացված, իրար հետ փոխկապակցված աշխարհում:

Այնուամենայնիվ, 21-րդ դարի մեկնարկից 15 տարի անց ոչինչ չի փոխվել: Այս ամենի մեջ գերակշռողը նեղ ազգայնականությունն է կամ ծխական հայրենասիրությունը: Մեզ մղում են գործելու, երբ Իսլամական պետությունը մի քանի ամերիկացի է սպանում: Մինչդեռ մենք այնքան էլ ակտիվ չենք, երբ նրանք սպանում են սիրիացիների, իրաքցիների, քրդերի: 1994թ. մենք մեր հեռուստացույցների էկրաններից հետևեցին Ռուանդայի ցեղասպանությանը:

Բայց մենք որևէ բան չէինք անում, քանի որ Մոգադիշոում «Սև բազեի անկումը» միջադեպի ժամանակ կորցրել էինք ամերիկացի զինվորականների: Պարզ էր, որ Ռուանդայում մենք չէինք ցանկանա մեզ զոհաբերել «ուրիշների» համար: Նեղ ազգայնականությունը ճնշեց միջազգային զորակցությունը:

Դերասան Ջորջ Քլունին մեզ հիշեցնում է Սուդանի Դարֆուր շրջանում տեղի ունեցած վայրագությունները, այդ թվում պարբերաբար բռնաբարությունները՝ որպես ահաբեկչության և վերահսկողության աջակից զենք: Մեզ ոչինչ չի դրդում վճռական քայլերի, քանի որ մենք դրանում քիչ շահ ենք տեսնում: «Ուրիշներն» են վնաս կրում, ոչ թե մենք:

Մենք երերուն տնտեսություն ունենք, էլ չթվարկեմ այլ ներքին խնդիրների երկար ցանկը, շարունակում է հոդվածագիրը: Աշխարհում Ամերիկայի գերակայության ժամանակն անցել է, եթե, իհարկե, այն երբևէ եղել է: Ամերիկան չի կարող հսկել աշխարհը. Իրաքը վատ հոտ է տվել նման տեսակի միջամտությանը:

Կառավարությունները գիտեն՝ ինչ պետք է արվի հետագա վայրագությունները կանխելու համար, սակայն քաղաքական կամք չեն դրսևորում դա կանոնավոր կերպով անելու համար: 2005թ. ՄԱԿ-ի գագաթաժողովում բոլոր պետությունները համաձայնեցին, որ ինքնիշանություն հիմնելու պնդումները դեռ արտոնագիր չեն վայրագություններ կատարելու կամ դրանք թույլատրելու համար: Եթե պետությունը չի ցանկանում կամ ի վիճակի չէ կանխել ցեղասպանությունը, մարդկության դեմ հանցագործությունը կամ խոշոր պատերազմական հանցագործությունները, դա անելու պարտականությունն ընկնում է մյուս պետությունների վրա: Գոյություն ունի պաշտպանելու պատասխանատվություն: Կանոնները հստակ են:

Վերջերս ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտոնեց մարդասիրական օգնություն ուղարել Սիրիա՝ անկախ այն բանից, թե ինչ կասի Ասադի վարչակարգը: Խորհուրդը նաև լիազորեց ՄԱԿ-ի ուժերին վերջ տալ քաղաքացիների վրա հարձակումներին Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապերության արևելքում: Ամերիկացիները վերջերս միջամտեցին Իրաքի հյուսիսում՝ փրկելու Իսլամական պետությունից ահաբեկված եզդիներին: Ֆրանսիացիները իրենց վրա վերցրին վայրագությունները գլխատելու խնդիրը այնպիսի վայրերում, ինչպիսիք են Մալին և Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը: 1915թ. հետո որոշ դրական փոփոխություններ եղել են և՛ իրավական տեսության մեջ, և՛ գործնականում:

Հեշտ չի լինի այս քաջալերող օրինակները վերածել մարդու հիմնարար իրավունքների կանոնավոր պաշտպանության: Նեղ ազգայնականությունը շարունակում է ամուր մնալ այնպիսի ծանր դեպքերում, ինչպիսին Դարֆուրում է, երբ Չինաստանն աջակցում է սարսափելի կառավարությանը, իսկ Օբամայի վարչակազմը կլանված է բազմաթիվ այլ գործերով, ինչպիսիք են Վլադիմիր Պուտինն Ուկրաինայում և Բենյամին Նեթանյահուն ու Իրանը, գրում է Ֆորսայթը:

Սակայն դա երկարաժամկետ մարտահրավեր է: Կանխելու համար ցեղասպանությունները՝ մենք ստիպված ենք կրճատել անդունդը նեղ ազգայնականության և համամարդկային իրավունքների միջև, այն իրավունքների, որոնց մասին մենք այդքան բարձր ու այդքան հպարտորեն խոսում ենք, եզրափակում է հոդվածագիրը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS