
Այս մասին գրում է ամերիկացի քաղաքական գործիչ, Stratfor հետախուզա-վերլուծական կենտրոնի ղեկավար Ջորջ Ֆրիդմանը:
«Ամենահետաքրքիրն այն է, որ հերթական ակտի մեկնարկով ռուսներն ու ամերիկացիները ձգվեցին դեպի միմյանց: Իհարկե, եվրոպացիների հետ նույնպես ռուսները խոսում են, սակայն երբ քննարկումը հասավ Ուկրաինայի ապագային և տարբեր տարբերակների դիտարկմանը, Լավրովը սկսեց զանգահարել Քերրիին, իսկ Քերրին պատասխանում էր նրա զանգերին»,- գրում է Ֆրիդմանը:
Նրա կարծիքով` սա ցույց է տալիս «ինչ-որ կարևոր բան նրանում, թե ինչպես է կառուցված ու գործում մեր աշխարհը»: Մասնավորապես սա ցույց է տալիս, որ չնայած ներքին խնդիրներին ու թուլություններին` ԱՄՆ-ն շարունակում է մնալ համաշխարհային, իսկ Ռուսաստանը՝ տարածաշրջանային առաջատար: Մյուս կարևոր հետևությունն այն է, որ որպես քաղաքական սուբյեկտ՝ ԵՄ-ում բացակայում է միասնականությունը»:
«Եվրոպայում այնպիսի դեմք չկա, ով կարողանար հանդես գալ եվրոպական պետությունների անունից այդպիսի կարևոր հարցի վերաբերյալ: Բրիտանացիները ելույթ են ունենում բրիտանացիների, ֆրանսիացիները՝ ֆրանսիացիների, գերմանացիները՝ գերմանացիների անունից, իսկ լեհերը՝ լեհերի անունից: Երբ բանակցություններ ես վարում եվրոպացիների հետ, նրանց սկզբում պետք է միմյանց միջև պայմանավորվելու հնարավորություն տաս»,- կարծում է Ֆրիդմանը:
Այդ իսկ պատճառով էլ Ռուսաստանը նախ բանակցություններ է սկսել ԱՄՆ հետ:
«Եթե ճգնաժամի լուծման վերաբերյալ ռուս-ամերիկյան պայմանավորվածություն ձեռք բերվի, ապա դրան կարող են միանալ նաև գերմանացիներն ու մնացած ազգերը»,- հայտարարել է Ֆրիդմանը: