
Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության մասին «Շուշիի հռչակագիրը»։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։
Ավելի վաղ Միլի Մեջլիսը (Ադրբեջանի խորհրդարանը) հաստատել էր Թուրքիայի հետ դաշնակցային հարաբերությունների մասին «Շուշիի հռչակագիրը»: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկման ներկայացված «Շուշիի հռչակագիրը» բարձր էր գնահատվել և ներկայացվել խորհրդարանի քննարկմանը որպես պատմականորեն կարևոր փաստաթուղթ։
Փաստաթղթի ընդունմանը կողմ է եղել 266 պատգամավոր։
2021 թ. հունիսի 15-ին Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների ստորագրած հռչակագրի տեքստում մասնավորապես նշվում է, որ երկու երկրները համատեղ կգործեն երրորդ պետության կողմից սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում: Հռչակագրում նաև ասվում է, որ «կողմերը կշարունակեն երկու եղբայրական երկրների զինված ուժերի արդիականացմանն ուղղված համատեղ ջանքերը՝ ժամանակակից պահանջներին համապատասխան»։