

Հանդիպման ժամանակ քննարկվելու են երկաթգծի այդ հատվածի վերաբացման եւ դրական, եւ բացասական կողմերը: Համաժողովին կմասնակցեն նաեւ ՌԴ փորձագետներ, հասարակական գործիչներ եւ լրագրողներ, կկազմակերպվի տեսակամուրջ Մոսկվայի, Երեւանի եւ Աբխազիայի միջեւ:
Աբխազիայի տարածքով անցնող երկաթգծի վերաբացման հարցը Վրաստանում ակտիվորեն շրջանառության մեջ դրվեց 2012թ.-ի հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո:
Թեմայի շուրջ առաջինը խոսել է Վրաստանի ռեինտեգրացիայի պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին: Սակայն նրա հայտարարությունը միանշանակորեն չի ընկալվել քաղաքական եւ հասարակական շրջանակներում:

Նախկին կառավարության ներկայացուցիչները հակադարձեցին, որ «ռուսական օկուպացիայի» պայմաններում, երկաթգծի վերագործարկման մասին ցանկացած խոսակցություն անիմաստ եւ անհնար է: Իսկ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարեց, որ այդ երկաթգիծը որպես նոր հարթակ կծառայի Ռուսաստանին` Կովկասն ամբողջությամբ զավթելու համար: