
Մարգվելաշվիլին իր խոսքում անդրադարձել է խորհրդարանական և նախագահական ընտրությունների արդյունքների և խաղաղ իշխանափոխության և Վրաստանի ժողովրդավարական զարգացման նշանակությանը: Նա հատկապես առանձնացրել է այս գործընթացներում Բիձինա Իվանիշվիլիի դերակատարությունը:
«Ավարտվել է հետսովետական շրջանը, և սկսվել է նոր ժողովրդավարության կառուցումը, որը սկիզբ կդնի նոր եվրոպական քաղաքական մշակույթի»,- հայտարարել է Մարգվելաշվիլին` ընդգծելով, որ վրացիներն իրենց էությամբ միշտ եվրոպացիներ են եղել:
Նա խոսել է այն մասին, թե ինչ է հաջողվել անել Վրաստանի նոր կառավարությանը 2012 թվականի հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններից հետո, անդրադարձել գյուղատնտեսության, առողջապահության և այլ ոլորտում իրականացված բարեփոխումներին և հայտարարել է, որ ժողովրդավարությունն և տնտեսական աճը երկրում կշարունակվի:
Մարգվելաշվիլին վստահեցրել է, որ նա կլինի Վրաստանի բոլոր քաղաքացիների նախագահն ու կլինի իր երկրի յուրաքանչյուր բնակչի իրավունքների պաշտպանության երաշխավորը:
Նա դիմել է Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակիչներին և նրանց առաջարկել է միասին կառուցել հաջողակ ժողովրդավարական պետություն, որը կլինի բարեկեցության, մշակութային և էթնիկ ինքնության պահպանման և բոլոր քաղաքացիների քաղաքական անձեռնմխելիության իրավունքի երաշխիքը:
Մարգվելաշվիլին չի շրջանցել օկուպացիայի և օկուպացված տարածքների թեման և շնորհակալություն է հայտնել բոլոր միջազգային գործընկերներին, ովքեր իրականացնում են և կիրականացնեն Աբխազիայի և Հարավային Օսիայի չճանաչման քաղաքականությունը:
Նախագահը խոսել է ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ համագործակցության, ԵՄ հետ նոյեմբեր ամսի վերջին կայանալիք վիլնյուսյան համաձայնագրի նախաստորագրման, գլոբալ անվտանգության հարցերում Վրաստանի դերի, խաղաղարար առաքելության
մասնակցելու, ԱՄՆ հետ ստրատեգիական գործընկերության խարտիայի շրջանակներում համագործակցելու նշանակության մասին, Հարավային Կովկասում հարևանների` Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ տնտեսական և քաղաքական համագործակցության խորացման կարևորության մասին:
«Չնայած այսօր իրադրության բարդացմանը՝ մենք կրկին պատրաստակամություն ենք հայտնում Ռուսաստանի հետ երկխոսության խորացմանը»,- հայտարարել է Մարգվելաշվիլին և ընդգծել է, որ Վրաստանը պատրաստ է երկու երկրների միջև առկա խնդիրները լուծել՝ եվրոպական և եվրոատլանտյան ինտեգրման գործընթացներին զուգահեռաբար և հաշվի առնելով Վրաստանի ազգային շահերը` սահմանների չխախտումը, ինքնավարությունը և տարածքային ամբողջությունը: